Հանրային պատվերի հրամայականը. ինչպես պահել Ադրբեջանին փակուղում

Հայաստանում անսպասելի քննարկման կամ բանավեճի առարկա է դարձել արցախյան խնդիրը, որի առիթը Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն էին բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմ Արցախի ներգրավման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի՝ հակամարտության կողմ լինելու մասին:

Իհարկե բանավեճն առայժմ ընթանում է կարծես թե ավելի շատ երեք նախկինների՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջև: Այդ բանավեճն առայժմ քաղաքական թեմատիկայով լինելով, իր մոտիվացիոն հիմքում ունի ավելի շատ անձնական հարաբերությունների կամ վերաբերմունքի խնդիր, քան բուն քաղաքական:

Ըստ այդմ կա հարցը հենց քաղաքական ամբողջական հուն տեղափոխելու խնդիր, որովհետև դա անհրաժեշտ է Հայաստանի բանակցային դիրքերը առավել ամրացնելու և ներհայաստանյան վերափոխումները Հայաստանի շահի ու անվտանգության սպասարկման ուղղությամբ առավել, բազմապատկված արդյունավետությամբ ծառայեցնելու համար:

Ըստ այդմ կարևոր է, որ բանավեճը ծավալվի արդեն նոր Հայաստանի տրամաբանության շրջանակում, ըստ այդմ՝ նոր դերակատարներով և մոտեցումներով, նոր փիլիսոփայությամբ: Երկար տարիներ Հայաստանում Արցախի խնդիրը չի եղել քաղաքական կոնցեպտուալ բանավեճի առարկա, բայց ոչ թե այն պատճառով, որ եղել է համազգային կոնսենսուս առավելագույն արդյունավետ ու շահեկան տարբերակի կամ կոնցեպտի շուրջ, այլ որովհետև խնդրին ի պաշտոնե մասնակցություն ունեցող մի քանի անձինք իրողությանը մոտեցել են համոզումով, որ իրականությանը տիրապետում և խնդրին համարժեք մոտենում են միայն իրենք, իսկ մյուսները բանից անտեղյակ են և, հետևաբար, խնդիրը նրանց «խելքի բանը» չէ:

Օրինակ՝ նույն Տեր-Պետրոսյանը իր ժամանակ ասում էր, որ արցախյան խնդրին կոմպետենտորեն տեղյակ է 5-6 մարդ: Ընդ որում, կասկած չկա, որ այդ մասին չբարձրաձայնված, սակայն նույն մտայնությանն էին նաև նրան հաջորդած երկու նախագահները: Եթե խոսքը բանակցային մանրամասների մասին էր, ապա, իհարկե, դա անվիճելի է: Սակայն չի կարող Արցախի խնդրում ամեն ինչ կառուցված լինել միայն բանակցային գործընթացի շուրջ: Հակառակը, բանակցային գործընթացում պետք է արտացոլվի հայաստանյան ներքին մասնագիտական, քաղաքական, ակադեմիական բանավեճը տարբեր կոնցեպտների կամ թեկուզ մեկ կոնցեպտի շուրջ:

Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ մի քանի մարդ ի պաշտոնե զբաղվել է Արցախի գործընթացով, իսկ Հայաստանի և Արցախի հանրություններին վերապահվել է դիտորդի դեր: Իհարկե, ամենևին չպետք է ենթադրել, որ պատկերը պետք է լիներ հակառակը՝ հանրությունը բանակցեր պաշտոնյաների հետ միասին:

Խնդիրը սակայն այն է, որ պետք է ձևավորվի հանրային երկարաժամկետ պատվեր Արցախի խնդրում, և բանակցողները՝ ի պաշտոնե, պետք է կրեն իրենց վրա պատասխանատվությունն այդ պատվերի համար, և դրանով նրանք ոչ թե ավելի թույլ, այլ ավելի ուժեղ են լինում թե՛ բանակցային սեղանին, թե՛ նաև առաջնագծում: Այդ փոխկապակցված ուժն է, որ պետք է Հայաստանին օգնի խաղաղության ռեժիմ պարտադրել Ադրբեջանին:

Ներկայումս, իրավիճակը գրեթե կիսով չափ այդպիսին է՝ կա բացառիկ իրավիճակ, երբ Հայաստանի գործադիր իշխանությունն ունի հանրային մեծ լեգիտիմություն: Բայց կա կոնկրետ ոլորտային քաղաքական պատվերների ձևակերպման անհրաժեշտություն՝ պետական անվտանգության և զարգացման առանցքային մի քանի ուղղություններում, որոնցից մեկն էլ Արցախի հարցն է:

Եվ այստեղ քաղաքական քննարկումները, անձնական շարժառիթներից և «ռազբորկաներից» դուրս, վաղուց պահանջված հրամայական են հանրային ողջախոհ և ծանրակշիռ պատվեր ձևավորելու համար: Տվյալ պարագայում խնդիրը ամենևին տեսական քաղաքականության կամ քաղաքագիտության դաշտում չէ, այլ շատ կոնկրետ բանակցային ռեսուրսի գեներացման: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հարցն ինքնին լինի ոչ թե սահմանափակ թվով անձանց իրավասության տիրույթում, այլ հասարակական-քաղաքական և փորձագիտական աշխույժ տեսաբանության, որի հիմքով էլ կձևավորվի Հայաստանի նոր կոնցեպտը նոր իրավիճակում:

Ընդ որում, նոր իրավիճակը ամենևին էլ 2018-ի ապրիլից չէ, որ սկսված է: Նոր իրավիճակը 2016-ի ապրիլից է, երբ հայկական բանակը կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան, միաժամանակ «մաքրեց» կարգավորման գործընթացը նախորդ դիվանագիտական սխալների, բացթողումների, վրիպումների հետքից և տվեց նոր էջի հնարավորություն հայկական դիվանագիտությանը:

Երկու տարի սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել արդյունավետ կերպով և ավելին՝ ինչպես նախորդ երկու տասնամյակում մսխվել է առաջին հաղթանակը, անցնող երկու տարում էլ, ըստ էության, մսխման գործընթացում էր հայտնվում ապրիլյան փաստացի հաղթանակը, ծառայեցնելով այն ներքին իշխանական շահերին: 2018-ի ապրիլն ու մայիսը այդ իմաստով մսխման գործընթացը կասեցնելու և հաղթանակի վրա կառուցված դիվանագիտություն կերտելու հնարավորություն են:

Ի դեպ պատահական չէ, որ Փաշինյանի հայտարարություններց հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն է հայտարարել, թե պատրաստ են լայնածավալ պատերազմի: Բաքուն դիմում է շանտաժի, ինչը նշանակում է, որ զգացել է դիվանագիտական վտանգ: Այդ վտանգը Բաքվի համար, իհարկե, զուտ հայտարարությունների մեջ չէ, որ արվել են Ստեփանակերտում, այլ լեգիտիմության այն աղբյուրի, որ ունեն այդ հայտարարությունները:

Պատահական չէ, որ Ադրբեջանը սպասում էր Հայաստանում ապրիլի ներիշխանական վերադասավորումներից հետո ինտենսիվ բանակցությունների: Բանն այն է, որ սպասվող վերադասավորումները այդ առումով հանրային լեգիտիմության տեսանկյունից ավելին էին թուլացնելու Հայաստանը, ինչից էլ Ադրբեջանն ակնկալում էր օգտվել «ինտենսիվ բանակցությամբ»:

Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ այդ սպասելիքը չարդարացավ, և Ադրբեջանը ներկայումս ստիպված է դիմել ռազմական շանտաժի, մյուս կողմից, սակայն, լավ պատկերացնելով, որ Ապրիլյան պատերազմից հետո հավասարակշռությունը ոչ միայն չի ավելացել հօգուտ Ադրբեջանի, այլ էապես վերականգնվել է թե՛ ռազմա-տեխնիկական, թե՛ ռազմա-քաղաքական իմաստով:

Իսկ 2018-ի ապրիլից հետո էապես խախտվել՝ քաղաքակրթական իմաստով, ավելի խորացնելով փակուղին, որում հայտնվել է Բաքուն: Ներկայումս Հայաստանից պահանջվում է ընդամենը բազմապատկել ռազմա-քաղաքական աչալրջությունն ու քաղաքական վերափոխումների դինամիկան, Ադրբեջանին այդ փակուղուց որևէ՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ելքի հնարավորություն չթողնելու համար:

 

 

Հոդվածը ՝ 1in.am կայքի

Նմանատիպ նորություններ

«Դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանա... Քաղաքագետ Արթուր Ղազինյան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակմանը, ըստ որի՝  Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած խնդրից հետո զինվոր...
Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտ... Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտվի Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասն...
Թարս ձեռնոցներով թարս շաբաթօրյակ.AntiFake.am... Թարս ձեռնոցներով թարս շաբաթօրյակ Վերևներից իջեցված համապետական մաքրության օրակարգը գուցե ավելի լավ վերջաբան ունենար, եթե դրա մեկնարկը չտրվեր թարս...
Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատա... Ողջ Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30 ամյակը Վրեժ Վարդանի Սարգսյանը ծնվել է 1989թ․ մարտի 22-ին...
«Շրջում ենք քաղաքում, մաքրում կարմիր գծերը». ակցիա... Երևանում «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա է իրականացնում՝ հիշեցնելով Կարմի...
Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթօրյակին մասնակցում է ... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջ...
Ի վերջո, պետք չէ պետական կառույցների պաշտոնական ան... Հարգելի ՀՀ քաղաքացիներ, Երեկ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան դիմել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, Առողջապահության և սոց...
Չի կարելի աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում... Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը հետաձգվեց, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, սկսեց աղբ հա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով