Հայաստանը կարող է միջազգային ԱՏԳ-ների համար լավ հարթակ հանդիսանալ

Օրերս հայտնի դարձավ, որ Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին պայմանագիրը նախատեսվում է կնքել մինչև ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջ: Այդ մասին հայտնել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Հիշեցնելով որ խոսքը եռամյա ժամանակավոր տնտեսական գոտու ստեղծման մասին է՝ մի քանի կարևոր հանգամանք ընդգծենք ի շահ հայրենական տնտեսության:

Հաշվի առնելով միայն Հայաստանի հետ ցամաքային սահմանի առկայությունը՝ հասկանալի է, որ Իրան-ԵԱՏՄ ԱՏԳ դրական ազդեցությունն առաջին հերթին կզգա հենց Հայաստանը: Սա մի կողմից նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսական ակտիվության աճի, մյուս կողմից՝ միջազգային տնտեսական այլ կենտրոններ Հայաստան բերելու հավակնությունների առիթ է հանդիսանում: Նշվածներից վերջին հնարավորությունը հատկապես ընդգծված է ԵՄ հետ նոր հարթության առևտրատնտեսական կապերի առկայության ֆոնին:

Հայաստանի համար այդ ԱՏԳ-ի ստեղծումը կրկնակի օգտակարություն կարող է ունենալ, քանի որ նախարարի տեղակալի խոսքերով քննարկման սեղանին է դրվել 400-500 ապրանքատեսակների՝ արտոնյալ պայմաններով առևտրի հարցը, որոնց թվում են այնպիսի ապրանքները, որոնց արտահանմամբ Հայաստանը շատ է հետաքրքրված:  Մասնավորապես խոսքը վերաբերում է այնպիսի ապրանքների, ինչպիսիք են հանքային ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները, տեքստիլ արտադրանքը, ոսկերչական իրերը և այլն:

Եվ ի վերջո, երրորդ ոչ պակաս կարևոր հանգամանքը, Իրանի հետ տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորության աճն է, ինչպես Իրանի կողմից ներկրումների նկատմամբ կիրառվող պրոտեկցիոնիզմի թուլացման առումով, այնպես էլ հայ-իրանական բազմաթիվ ծրագրերի իրականացման:

armedia.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով