Ես դա կասեմ անձամբ վարչապետին և պաշտպանության նախարարին. Նորատ Տեր-Գրիգորյանց.

Խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ճիշտ չի համարում անցումը կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանական հանրապետության՝ ասելով, որ Հայաստանը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, և խորհրդարանաը չի կարող «կառավարել պատերազմը»: Այնուամենայնիվ, նա աջակցում է Հայաստանի քաղաքացիների ընդվզումը Սերժ Սարգսյանի և ներկայիս իշխող համակարգի դեմ և բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանին, որը կարողացավ լավ կազմակերպել ցույցերը և թույլ չտալ արյունահեղություն: Այնուամենայնիվ, անվանի գեներալը չցանկացավ բացել փակագծերը և հրապարակային խոսել այն մասին, թե ինչ խորհուրդներ կտա Հայաստանի նոր կառավարությանը՝ բանակի և պաշտպանության ամրապնդման մասով:

Ստորև ներկայացնում ենք Նորատ Տեր-Գրիգորյանցի պատասխանը «Առաջին լրատվական»-ի հարցին:

– Պարոն Տեր-Գրիգորյանց, ըստ ամենայնի՝ Հայաստանը կունենա նոր՝ ժամանակավոր կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Ի՞նչ խորհուրդներ կարող եք նրան տալ Հայաստանի զինված ուժերի մարտունակության բարձրացման, երկրի պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման առնչությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ես չգիտեմ՝ կոռե՞կտ է արդյոք նոր վարչապետին հուշելը կամ խորհուրդներ տալը: Ես չգիտեմ՝ ով կլինի նոր վարչապետը: Դա կորոշի խորհրդարանը: Իմ կողմից դա կոռեկտ չի լինի: Ես չեմ ուզենա իմ մտքերը հայտարարել ի լուր աշխարհի, որովհետև իմ առաջարկները շատ հզոր են, պետքական և վտանգավոր հակառակորդի համար: Ես դա կասեմ անձամբ իրեն և անձամբ պաշտպանության նախարարին, երբ նա կդառնա վարչապետ, որովհետև ես նման բաները ասել եմ անձամբ նախագահին՝ Սերժ Սարգսյանին: Նման բաներ ես ասել եմ Արցախի նախագահին և սպաներին, երբ նախորդ տարվա մայիսին ելույթ էի ունենում Շուշիում:

Մի անգամ ինձ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ կարծիք ունեմ այն մասին, որ Հայաստանը նախագահական համակարգից անցնում է խորհրդարանականի: Ես պատասխանեցի, որ հայ ժողովուրդը որոշել է այդ հարցը, բայց իմ կարծիքով, ռազմական տեսանկյունից՝ նախագահականից խորհրդարանական հանրապետության անցնելը կոպիտ սխալ էր, որովհետև Հայաստանը և Արցախը պատերազմի մեջ են հարևան պետության հետ: Հայաստանը բլոկադայի մեջ է, իսկ բլոկադան ռազմական տերմինաբանությամբ հարևան պետության զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքը և ժողովրդին շրջափակման մեջ պահելն է: Իսկ դա պատերազմ վարելու միջոցներից մեկն է, դա պատերազմի վիճակն է: Այս իրավիճակում պետությունը ղեկավարում է գերագույն հրամանատարը՝ երկրի նախագահը, բայց ոչ խորհրդարանը: Դա երևաց հատկապես հիմա, երբ պարոն Փաշինյանը կազմակերպեց ժողովրդին իշխանական կառույցների դեմ: Դուք նկատեցի՞ք, որ նույնիսկ խորհրդարանի շունչը չզգացվեց այդ ցույցերի ժամանակ: Դուք տեսե՞լ եք որևէ պատգամավորի, որ նա կողմ կամ դեմ լինի, մասնակցի գործընթացին կամ ինչ-որ բան անի: Ուրեմն պատերազմի ժամանակ խորհրդարանը որևէ բան չի անելու, որովհետև պատերազմը չի կառավարվում հանրության կողմից: Սա գլխավոր սխալն է:

Այժմ վարչապետն է դառնում պետության ղեկավարը, իսկ նախագահը կոպիտ ասած՝ նման է անգլիական թագուհուն: Որքան ես հասկացա՝ Սերժ Սարգսյանն այս փոփոխությունն արել էր հատուկ իր համար, որպեսզի շարունակի ղեկավարել երկիրը, և շատ կոպիտ սխալ արեց: Այդ պատճառով անկառավարելի վիճակ է ստեղծվել: Այնուամենայնիվ, ինչ եղել՝ եղել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես, օրինակ, աջակցում եմ մեր հայ ժողովրդի գործողություններին, որն արդեն զզվել էր երկրի ապաշնորհ ղեկավարությունից: Այլ հարց է, թե ինչ միջոցներ են ընտրվում գործողությունների համար: Ամենագլխավորը՝ ես ուրախ եմ, որ մեզ մոտ տեղի չունեցավ «մայդան»՝ ինչպես Ուկրաինայում: Հայ ժողովուրդը շատ խելացի վարվեց, և պետք է արժանին մատուցել Փաշինյանին: Նա կարողացավ լավ կազմակերպել ամեն ինչ, թեև նա կարող էր բոլոր այդ հարցերը բարձրացնել խորհրդարանում՝ որպես պատգամավոր: Լավ է, որ նրանք թույլ չտվեցին «մայդան», արյունահեղություն: Եվ պաշտպանության նախարարը շատ խելամիտ վարվեց: Նա թույլ չտվեց, որպեսզի բանակը միջամտի, որովհետև եթե նա աներ դա, ապա զինվորը ստիպված կլիներ կրակել իր մոր և եղբոր վրա: Դա կոպիտ սխալ կլիներ, որովհետև բանակը նախատեսված է արտաքին ագրեսիան հետ մղելու և երկիրը պաշտպանելու համար:

Ինչ վերաբերում է իմ առաջարկներին պարոն… ես չգիտեմ՝ Փաշինյանը կլինի, թե մեկ ուրիշը… ում որ կընտրեն… բայց ես կառաջարկեի, որ շատ լուրջ վերաբերվեն Հայաստանի զինված ուժերի կառավարմանը և ամբողջությամբ պարզեն այն թերություններն ու բացթողումները, որոնք ի հայտ եկան 2016 թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ Ադրբեջանի ագրեսիվ զինված ուժերը, խախտելով բոլոր միջազգային պայմանագրերը և ՄԱԿ-ի բանաձևերը, հարձակվեցին Արցախի վրա: Պետք է պարզել այդ թերությունները: Թեև նախկին նախագահը՝ Սերժ Սարգսյանը, աշխատանքից ազատեց մի քանի հոգու, բայց նշանակեց մարդկանց, ովքեր ունեն մեղավորություն այս գործում: Պետք է լուրջ աշխատանք իրականացնել այս ուղղությամբ:

Երկրորդը, պետք է հատուկ ուշադրություն դարձնել աշխատատեղերի ստեղծման, երկրի տնտեսության, արտադրության վրա: Պետք է ստեղծել աշխատատեղեր՝ համագործակցելով Ռուսաստանի հետ: Դա իմ անձնական կարծիքն է:

Հարցազրույցը ՝ «Առաջին լրատվական»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով