ԵԱՏՄ-ն բանակցություններ է վարում Իսրայելի, Սերբիայի և Սինգապուրի հետ, հերթում են Եգիպտոսն ու Հնդկաստանը

Եվրասիական տնտեսական միությունը բարեհաջող կերպով զարգացնում է փոխգործակցությունը այլ երկրների ու միությունների հետ։ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Բարեհաջող կերպով գործում է Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Այս շաբաթ Աստանայում ծրագրվում է ստորագրել Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագիր, ինչպես նաև ժամանակավոր համաձայնագիր Իրանի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու ուղղությամբ։ Շարունակվում են բանակցությունները արտոնյալ պայմանավորվածությունների շուրջ Իսրայելի, Սերբիայի և Սինգապուրի հետ։ Առաջիկայում նախատեսվում են նմանատիպ բանակցություններ Եգիպտոսի և Հնդկաստանի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ ինտեգրացիոն կառույցի առաջնահերթ խնդիրների շարքում են միասնական շուկաների արդյունավետության բարձրացման, տարբեր ոլորտներում ազգային օրենսդրությունների համահարթեցման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացման, ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման հարցերը։«Մեր առաջնահերթություններից է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը։ Ռուսաստանը թվային տիրույթում առաջակում է մի քանի հեռանկարային նախագծեր, այդ թվում՝  էլեկտրոնային առևտրի, ապրանքների տեղաշարժի տեխնոլոգիաների, տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ»,-ասաց Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծեց ԵԱՏՄ միասնական ծառայությունների շուկայի ձևավորման ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը՝ նշելով, որ մինչ տարեվերջ ընդհանուր ծառայությունների 60 տոկոսը կկանոնակարգվի միասնական օրենքներով։ «Ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է բավականին դինամիկ կերպով։2017-ին ՀՆԱ-ն անդամ-երկրներում աճել է 1․8, արդյունաբերական  արտադրանքը՝ 1․7, գյուղատնտեսական արտադրանքը՝ 2․5 տոկոսով, բացի այդ՝ միջինում նվազել է գնաճի մակարդակը անդամ-երկրներում՝ 3․1 տոկոսով։ Բարելավվել է ներքին ու արտաքին առևտրի ցուցանիշը․ 24․5 տոկոսով ավելացել են երրորդ երկրներ ապրանքների արտահանումը, 26․1 տոկոսով՝ առևտրաշրջանառությունը»,-նշեց ՌԴ նախագահը։

 

«Արմենպրես»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով