Գյումրու Ասլամազյան պատկերասրահը քայքայման եզրին է

Նկարչուհիներ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի` Գյումրիի տուն-թանգարան պատկերասրահը հայտնվել է քայքայման եզրին: Ու չնայած Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պատկերասրահի վերանորոգման համար խոստացել էր տրամադրել 100 միլիոն դրամ, սակայն նրա ինչպես նախորդ խոստումները, այնպես էլ այս մեկը գործի չվերածվեց:

«Շատ կարճ ժամանակահատվածում նախագիծ-նախահաշիվ ենք կազմել ու ուղարկել նախագահի աշխատակազմ: Գումարը կբավարարեր ոչ միայն վերանորոգման, այլեւ տեխնիկական վերազինման համար: 20 օրվա ընթացքում ծրագրային փաթեթը պատրաստեցինք, բայց մինչ օրս սպասում ենք»,- ասում է պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը: Գումարի շրջանակում նախատեսվում էր ջեռուցման համակարգի տեղադրում, կոյուղու, բակի վերականգնում, պատշգամբի նորոգում, ներքին հարդարման աշխատանքներ:

Սակայն ամենակարևորը պատկերասրահի տնօրենը համարում է դրենաժային համակարգի ստեղծումը, ինչը հնարավորություն կտար այսուհետև խուսափելու մշտապես առկա խոնավությունից. «2004 թվականին շենքը ամբողջովին վերանորոգվել էր Լինսի հիմնադրամով: Աշխատանքները մի շարք թերություններով են իրականացվել: Տեղադրվել են օդորակիչներ, որոնք սակայն համապատասխան ջերմաստիճան չեն ապահովել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանք մեր եղանակային պայմաններին ու շենքային առանձնահատկություններին չեն համապատասխանում: Դրանց վրա գրված է, որ 5 աստիճանից ցածր ջերմաստիճանի դեպքում չեն տաքացնում: Այն որպես ջեռուցման համակարգ անպիտան է: 2005 թվականից Ասլամազյանների մշակութային ժառանգությունը վտանգված է: Արդեն 13 տարի պատկերասրահը չի ջեռուցվում»,-նշեց Վահագն Ղուկասյանը: Բացի ջեռուցման համակարգից մշտապես առկա է ստորգետնյա ջրերի ու քյարիզների առկայության խնդիրը: Հենց դա է շենքի խոնավացման պատճառը:

Շենքի բակով նաեւ հարեւան շենքերի կոյուղիներն են անցկացված: Հորդառատ անձրեւների ժամանակ պատկերասրահը ջրով է ողողվում. «2004 թվականին նորոգման ժամանակ ստոգետնյա ջրերի առկայությունը հաշվի չի առնվել: Մի շարք բացթողումներ են կատարվել: Չի լուծվել արտեզյան ջրերի խնդիրը: Այդ է պատճառը, որ ոչ մի վերանորոգում արդյունք չի տալիս: Խնդիր ունենք` կապված կոյուղաջրերի հետ: Բացի պատկերասրահի կոյուղուց շենքի գլխավոր մուտքի դիմացից անցնում է նաեւ հարեւան տների կոյուղիները:

Յուրքանչյուր հորդառատ անձրեւին կոյուղաջրերը դուրս են տալիս»,- ասում է տնօերնը: Պատկերասրահի գլխավոր խնդիրը պատշգամբի վիճակն է: Հին Գյումրվա կոլորիտով կառուցված փայտյա պատշգամբը վթարայնության առաջին աստիճան ունի: 2016 թվականից այն փակ է, չի շահագործվում: Թեթեւ ծանրության դեպքում էլ պատշգամբը կարող է փլվել: Նախկին նախագահի տրամադրած գումարի առյուծի բաժինը հենց պատշգամբի նորոգմանն էր ուղղվելու. «Պատշգամբը 150 տարվա պատմություն ունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատմամշակութային ժառանգությունը կառուցապատելիս մի շատ կարեւոր հանգամանք հաշվի չի առնվել. պատշգամբով անձրեւաջրերի համար խողովակներ չեն անցկացվել: Արդյունքում պատշգամբը, անընդհատ լինելով անձրեւաջրերի հոսքի տակ, քայքայվել է ու հիմա փլուզման եզրին է: Յուրքանչյուր վայրկյան խնդիրը կա:

Մենք մեր կողմից փորձում ենք ապահովել, որ որեւէ մեկը ոտք չդնի, ու հավելյալ ծանրությունից պատշգամբը չփլվի»: Մեր հարցմանն ի պատասխան` Գյումրու քաղաքապետը ներկայացրեց, որ ինքն էլ տեղյակ չէ` գումարը կլինի, թե ոչ. «Ասլամազյան պատկերասրահի գումարը կարծես չի լինում: Ես նոր ներդրող եմ գտել:

Գնալու ենք` նայենք իրավիճակը: Առաջնային նախատեսում ենք պատշգամբը նորոգել: Թանգարանները շատ կարեւոր մշակութային մաս են կազմում մեր քաղաքում, հատկապես հիմա, երբ ուզում ենք տուրիզմը զարգացնել մեր քաղաքում»,- հավելեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գյումրու բյուջեից էլ միջոցներ չեն տրամադրվում, արդյունքում խնդիրը գնալով խորանում է: Իսկ պատկերասրահը այն արժեքներից է, որով ներկայանում է Գյումրին աշխարհին: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր» պատկերասրահը գործում է 1987 թվականից:

Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին: Շենքը կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի` Քեշիշովների կողմից որպես իրենց բնակարան:

Պատկերասրահի շենքը 19-րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է` իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը, ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով:

19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարան»-ի մեջ՝ անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը:

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով