«Ժողովուրդ».Արցախը պետք է բանակցությունների սուբյեկտ լինի. Վլադիմիր Կազիմիրով

Այս օրերին Հայաստանում էր գտնվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, 1992-1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը:

Հայաստանում գտնվելու օրերին նա հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նրանք քննարկել էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր: Ի դեպ` նա հանդիպել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանին, սակայն վերջինիս գրասենյակն այդ մասին հաղորդագրություն չէր տարածել:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Պարո՛ն Կազիմիրով, պաշտոնական հաղորդագրության համաձայն` Դուք Հայաստանում հանդիպել եք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ի՞նչ հարցեր եք քննարկել:

-Այո՛, հանդիպել եմ եւ ոչ միայն նրան, այլ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

-Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին չե՞ք հանդիպել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ես հանդիպել եմ միայն այն մարդկանց, ում հետ ժամանակին աշխատել եմ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման շուրջ: Սերժ Սարգսյանի հետ մենք չենք հանդիպել, իսկ Նիկոլ Փաշինյանին անձնապես չեմ ճանաչում: Հայաստանում գտնվելու օրերին միայն հանդիպեցի Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ հետո վերադարձել եմ Մոսկվա: Ի վերջո, նրանց հետ մենք հին ծանոթներ ենք. Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցի շուրջ մինչ հրաժարականը ես աշխատել եմ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այդ հանդիպումները պետք չէ դիտարկել Հայաստանում տեղի ունեցած գործընթացների համատեքստում:

-Ամեն դեպքում, պաշտոնական հաղորդագրությունից պարզ դարձավ, որ առաջին նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հենց Ղարաբաղյան կարգավորման հարցին:

-Դրանք սիմվոլիկ հանդիպումներ են եղել եւ ոչ մի գործնական ծրագրեր կամ այլ քայլեր չեն ենթադրում: Հանդիպման ժամանակ, իհարկե, այդ թեմային անդրադարձ եղել է, վերհիշել ենք տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

-Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին: Ներկայիս փուլում որքանո՞վ եք դա հնարավոր համարում:

-Դուք գիտեք, որ այդպիսի մտքեր առաջին անգամ չեն հնչում Հայաստանի ղեկավարության կողմից: Ռուսաստանն ի սկզբանե՝ սկսած կոնֆլիկտի ծագման սկզբից, հանդես էր գալիս որպես հանդիպումների ստանդարտ ձեւաչափի կողմնակից, այսինքն՝ եռակողմ՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան: Այդ պատճառով էլ Ռուսաստանն իր միջնորդական առաքելությունն իրականացնելու հենց սկզբից եռակողմ ֆորմատի կողմնակիցն էր, իսկ արեւմտյան երկրներն ավելի շատ կողմ էին երկկողմ բանակցություններին: Այնպես որ բանակցությունները մինչ այն պահը, երբ անցկացվում էին ՌԴ-ի միջնորդությամբ, եռակողմ են եղել: Եվ իսկապես այդպես ավելի ճիշտ է: Այդ հարցերը պետք է կարգավորվեն բոլոր կողմերի համաձայնության պարագայում, այդ թվում՝ Մինսկի խմբի ներկայիս անդամների պարագայում: Այն ժամանակ հենց այդ խմբի անդամների սխալն է եղել եռակողմ ֆորմատի կասեցումը: Նրանք պարզապես ընտրեցին տարածաշրջան այցելելու դիվանագիտությունը: Իհարկե, դա եւս էֆեկտիվ միջոց է, քանի որ տարածաշրջան այցելելը շատ բան տեսնելու հնարավորություն է տվել, սակայն դա չի կարող փոխարինել եռակողմ ֆորմատին:

-Առհասարակ, իշխանափոխությունն ինչպե՞ս է անդրադառնում այսպիսի հակամարտությունների վրա: Այս առումով, ըստ Ձեզ, կարո՞ղ ենք փոփոխություններ ակնկալել:

-Դա, իհարկե, կախված է բոլոր երեք կողմերից: Մինսկի խմբի անդամները պետք է գտնեն այնպիսի տարբերակ, որը ընդունելի կլինի, գտնեն փոխզիջումային տարբերակներ, իսկ վերջում պետք է եզրահանգումներ եւ որոշումներ կատարեն անձամբ կոնֆլիկտի կողմերը: Եվ պետք է այդ հարցում ունենալ բոլոր երեք կողմերի համաձայնությունը: Ես վստահ եմ, որ երեք կողմերի համաձայնության դեպքում կարելի է վերադառնալ եռակողմ ֆորմատին, եւ համանախագահները դրան դեմ չեն լինի:

-Իսկ Նիկոլ Փաշինյանի տեսլականի շուրջ ինչպիսի՞ տեսակետ ունեք:

-Նիկոլ Փաշինյանը ընդունում եւ հասկանում է այս հարցում հենց Արցախի դերակատարման կարեւորությունը: Իհարկե, Լեռնային Ղարաբաղն այս կոնֆլիկտի սիրտն է, հենց գլխավոր հարցն էլ նրա ապագան է: Հենց Արցախի կարգավիճակի եւ ճակատագրի հարցն է կոնֆլիկտի գլխավոր կողմը: Եվ այդ պայմաններում ես կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող միայն կոնֆլիկտի օբյեկտ լինել, նա պետք է նաեւ բանակցությունների սուբյեկտ լինի, քանի որ ի վերջո հենց իր ճակատագիրն է որոշվում: Դա իմ անձնական մոտեցումն է: Նաիրա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով