Այսօր մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն

Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հաղթանակների դար» հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ քաղաքացիներին Սարդարապատի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները շարժվելու են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակից՝  մայիսի 28-ին  ժամը 8:30-ին։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության հայտարարությունում:

«Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում ավտոկայանատեղերի սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հորդորում ենք միջոցառման վայր մեկնել գլխավորապես հասարակական տրանսպորտով, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։

Հանդիսավոր միջոցառումը Սարդարապատի հուշահամալիրում սկսվելու է ժամը 11.00-ին։

Օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը Հանրապետության հրապարակում սկսվելու է ժամը 20.30-ին։

Քաղաքացիների տեղաշարժը կազմակերպելու եւ անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից, Աբովյան  փողոցը՝  Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝  Վազգեն Սարգսյան-Խորենացու փողոցների խաչմերուկից։
Հրավիրատոմսերով քաղաքացիների մուտքը Հանրապետության հրապարակ, կազմակերպչական նկատառումներից ելնելով, լինելու է միայն Վազգեն Սարգսյան փողոցից, մյուս քաղաքացիների մուտքը՝ Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցներից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փորձնական նպատակով ժամանակ առ ժամանակ փակ է լինելու Հանրապետության հրապարակ մտնող Վազգեն Սարգսյան փողոցի՝ մինչեւ Խորենցու  փողոցն ընկած հատվածը»,- ասված է հայտարարությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով