Ադրբեջանի ստուգողական կրակոցը. 1in.am

Երեկ ուշ երեկոյան հակառակորդի կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող:

Բաքուն անշեղորեն հավատարիմ է մնում իր մարտավարությանը` առաջնագծում սադրանքները հարմարեցնելով տարածաշրջանային կարևոր իրադարձությունների, հանդիպումների ժամանակացույցին:

Առաջնագծում արձանագրված երեկվա միջադեպը նախորդում էր Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը: Այն կարևոր իրադարձություն է` բոլոր առումներով: Ռուսաստանի նախագահի հետ առաջին անգամ հանդիպում է Հայաստանի նոր առաջնորդը, որն իշխանության է եկել թավշյա հեղափոխության արդյունքում` լեգիտիմության մեծ պաշարով և հավակնոտ օրակարգով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաքվի համար լրացուցիչ ինտրիգ է ստեղծում երկու հանգամանք: Փաշինյանը, Սոչի մեկնելուց առաջ, Ստեփանակերտում հանդես է եկել ԼՂ խնդրի բանակցային գործընթացի ձևաչափային փոփոխության անհրաժեշտության մասին հայտարարությամբ` պնդելով բանակցություններին ԼՂՀ իշխանությունների մասնակցության կարևորությունը:

Ճիշտ է` Պուտին-Փաշինյան հանդիպման, այսպես կոչված, հրապարակային հատվածում երկուստեք շրջանցվեց Ղարաբաղի թեման, բայց ակնհայտ է, որ փակ դռների հետևում Պուտինն ու Փաշինյանը հանգամանալից խոսել են կարգավորման գործընթացի մասին` հատկապես Փաշինյանի հայտարարության համատեքստում:

Պուտինը հրաշալի հասկանում է, որ Փաշինյանի կառավարությունը լեգիտիմության մեծ պաշար ունի և անհրաժեշտ է ուշադիր լինել Երևանից հնչող հայտարարությունների նկատմամբ, որովհետև աշխարհաքաղաքական մյուս ուժային կենտրոնները թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանության հետ աշխատում են, այսպես կոչված, օնլայն ռեժիմում, իսկ դա հուշում է, որ Մոսկվան նույնպես պետք է վերանայի իր մարտավարությունը, մանավանդ, որ այն, մեղմ ասած, աչքի չի ընկել իր արդյունավետությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի մյուս մտահոգությունը կապված է հենց նոր իրավիճակի հետ: Թավշյա հեղափոխությունը ոչ միայն քաոս չառաջացրեց Հայաստանում, այլ երկիրը ճգնաժամից դուրս եկավ շատ ավելի ամրացած` թե՛ հասարակական կոնսոլիդացիայի և թե՛ միջազգային հեղինակության առումով:

Սակայն փոխվել է ոչ միայն Հայաստանը, այլ նաև նրա հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը: Գոնե հրապարակային հայտարարությունների մակարդակում Մոսկվան ցույց է տալիս, որ հաշվի է նստելու Հայաստանի սուբյեկտության մեծացման, հայ-ռուսական հարաբերությունները գործընկերային հարթություն տեղափոխելու անհրաժեշտության հետ: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան պատրաստ է որոշակի գին վճարել Հայաստանին` թավշյա հեղափոխության օրակարգում վեկտորալ փոփոխության օրակարգ չառաջադրելու համար:

Բաքվում մտահոգություն ունեն, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող են ձերբազատվել կոռուպցիոն, օլիգարխիկ բաղադրիչից և տեղափոխվել միջպետական հարաբերությունների հարթություն: Նման հեռանկարն անխուսափելիորեն Երևանի համար դրական համատեքստ կստեղծի կարգավորման գործընթացում` զգալիորեն չեզոքացնելով ռուս-ադրբեջանական ստվերային պայմանավորվածությունների և 2016-ի նախադեպի կրկնության ռիսկերը:

Բաքվում որոշակի տագնապներ ունեն, և երեկվա ստուգողական կրակոցով, ըստ էության, փորձում են հասկանալ նոր իրավիճակում Մոսկվայի արձագանքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով