ԱԱԾ-ի բացահայտման հետքերով. բերման ենթարկվածների մեջ կանայք կան

Մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: ԱԱԾ տնօրենը նաեւ խոստացել էր, որ այդ ուղղությամբ հստակ քայլերը կմեկնարկեն մայիսի 23-ից:

Ըստ ԱԱԾ պետի` Հայաստանում կա 350 մարդու անուն կրող ցուցակ, որի մեջ եղած անուններով մի խումբ մարդիկ բացել են բիզնեսներ, այդ անունը կրողների համար նույնիսկ անհայտ բիզնեսներ: Նմանօրինակ հայտարարությունը շատերի մոտ զարմանքի տեղիք տվեց, քանի որ Հայաստանում առաջին անգամ ԱԱԾ պետը աղմկալի հայտարարություն է անում:

Այսպես, թե այնպես, սակայն, մայիսի 23-ից Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու դրան մասնակից հանրությունը, ըստ էության, մտնում են նոր փուլ, նոր ռեժիմ, եւ դա կոռուպցիոն խոշոր բացահայտումների սպասման ռեժիմն է: Ընդ որում` ակնհայտ է, որ այստեղ հանրությունն ակնկալում է ոչ միայն կամ ոչ այնքան փողային ծավալներ եւ սխեմաների նկարագրություն, այլ շատ կոնկրետ անուններ, թե բացահայտված որ դերի թիկունքում ով է կանգնած, եւ որտեղ է նա: Ինչեւէ, գրել էինք, որ արդեն կան բերման ենթարկվածներ, ընդ որում` նրանց թիվն անցնում է 20-ից: Ավելին` այդ անձինք հանդիսանում են խոշոր ընկերությունների աշխատակիցներ:

Սակայն, ըստ մեզ հասած լուրերի, բերման ենթարկվածների թիվը այսքանով չի ավարտվի, քանի որ կծիկը գնալով շատանում է: Սակայն ԱԱԾ լրատվական ծառայությունից չէին մանրամասնել` կոնկրետ ովքեր են բերման ենթարկվածները: Միայն տեղեկացրին, որ կատարվում է քննություն, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, եւ առաջիկայում կներկայացվեն գործով այլ մանրամասներ:

Ու մինչ ԱԱԾ-ն քննություն է տանում, «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի բացահայտումներից, բերման ենթարկված անձանց հարցաքննություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Արդեն գրել էինք, որ բերման ենթարկվածները հայտնի ընկերությունների աշխատակիցներ են, ավելին` վերջիներիս մեջ են եղել նաեւ մի շարք կանայք : Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջիններս սովորականի նման գնացել են ընկերություն աշխատանքի, եւ ԱԱԾ-ն, մուտք գործելով ընկերություն, նրանց հայտնել է, որ պետք է ներկայանան իրավապահներին եւ կոնկրետ իրավիճակի մասով ցուցմունք տան:

Արդյունքում, ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ խոշոր ընկերություններից մեկից մի խումբ կին աշխատակիցների տարել են հարցաքննության : Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննիչները խոշոր ընկերությունների աշխատակիցներին հայտնել են, որ իրենց անուններով կան բացված անհատ ձեռնարկություններ, եւ նրանք հանդիսանում են այդ անհատ ձեռնարկատիրության ներկայացուցիչը, որը, ծավալելով բավականին մեծ գործունեություն, թաքցրել է առեւտրի շրջանառության իրական ծավալները :

Խոշոր ընկերություններում աշխատող կանայք, որոնք տարբեր պաշտոններ են զբաղեցրել` օրինակ` մեկը հաշվապահի, մենեջերի, մեկը կոնկերտ բաժնի պատասխանատուի, պահեստապետեր, գանձապահներ, քննիչների այդ հարցից զարմացել են` նշելով, որ իրենք շարքային աշխատող են, նման գործունեություն չեն ծավալել, սակայն երբ իրավապահները ներկայացրել են փաստաթղթերը, վերջիններս սկսել են խոսել:

Մեզ հայտնի դարձավ, որ նրանք ցուցմունք են տվել, որ խոշոր ընկերությունների ղեկավարները կամ հաշվապահներն են իրենց խնդրել այդ ԱՁ-ի տակ ստորագրել, իրենք էլ արել են եւ այլ բանից տեղյակ չեն, ուստի իրենց ԱՁ գործունության մասին գիտեն այն ընկերությունների հաշվապահները, որտեղ իրենք ընդամենը շարքային աշխատող են:

Եվ այսպես, ԱԱԾ-ն, հերթով հարցաքննելով աշխատակիցներին եւ խորը ուսումնասիրելով նրանց անուններով բացված ԱՁ-ների գործունեւթյունը, պարզել է, որ, օրինակ, կանացից մեկի անունով բացված ԱՁ-ն, ծավալելով իր գործունեությունը, թաքցրել է առեւտրի շրջանառության իրական ծավալները, ինչի արդյունքում, օրինակ, մեկ կնոջ անվանբ բացված ԱՁ-ի անվան տակ պետությանը հասցվել է 40 միլիոն դրամ վնաս, մի դեպքում` 90 միլիոն դրամի վնաս, եւ այսպես շարունակ :

Ասել է թե, ԱԱԾ-ն, այս օրերին հարցաքննելով շարքային աշխատողներին, կծիկը բացելով, հասնում է, ինչպես կասեր ՀՀ նախկին վարչապետը, «խոշոր ձկներին». մնում է հասկանալ, թե, ի վերջո, այս իրավիճակում «խոշոր ձկներին» կկանչեն պատասխանատվության, թե «մանր ձկները» կկանգնեն արդարադատության առաջ:

Ամբողջական հոդվածը՝ Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով