Չենք ուզում, որ մեր երկրում տիրի այս բարձիթողի վիճակը, լկտիությունն ու բացահայտ ցինիզմը. Սամվել Թոփալյան

«Գոյ», Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնների արտիստ, «Խաչագողի հիշատակարանը», «Կյանք ու կռիվ 2», «Հոսանքին հակառակ» ֆիլմերից հայտնի դերասան Սամվել Թոփալյանը այն հայտնիներից է, որոնք միացել են Սերժ Սարգսյանի, ապա Հանրապետական կուսակցության դեմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը։ Սամվելը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է քաղաքական ներքին խնդիրներին, Նիկոլ Փաշինյանի կերպարին, նշել, թե որը պետք լինի ժողովրդի առաջիկա անելիքը։

-Սամվե՛լ, ի՞նչ տպավորություն ունեք շարժման ներկայիս փուլից, մասնավորապես երիտասարդների գերակայությունից։ Կոնկրետ Դուք ինչի՞ դեմ եք ելել պայքարելու։

-Ես կանգնել եմ երիտասարդների կողքին, որովհետեւ կարծում եմ, որ իրենց պոռթկումը, ըմբոստությունը տեղին է եւ ճիշտ, որովհետեւ մեր երկրում այնպիսի բաներ են կատարվում, որոնք ուղղակի անհանդուրժելի են։ Մենք չենք ուզում վաղը ջիպեր քշել, ընդամենը չենք ուզում, որ մեր երկրում տիրի այս բարձիթողի վիճակը, լկտիությունն ու բացահայտ ցինիզմը, որին անընդհատ ականատես ենք դառնում։ Երիտասարդները հենց դրա դեմ են պայքարում, հանուն լավ ապագայի։ Ես շատ եմ ուզում, որ երեխաներս մեր երկրում ապրեն, որ ես իմանամ, որ ապրում եմ օրինական երկրում։ Կարելի է ապրել սոված, պատերազմի մեջ, թշվառ, բայց առանց հույս՝ կոտրված եւ թեւաթափ հայրենիքում ապրել չի կարելի, ես դա անընդունելի եմ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

–Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Կարեն Կարապետյանը չներկայացավ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությանը։

-Գիտեք՝ ես չեմ կարող գնահատականներ տալ, որովհետեւ չքաղաքականացված մարդ եմ, այս օրերին կատարվում են բաներ, որոնց ես բացարձակապես չէի սպասում։

-Երիտասարդների պայքարի մեջ ի՞նչ հուսադրող տարրեր եք նկատում, ի՞նչն է Ձեզ ոգեւորում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Մեր երիտասարդների մեջ շատ լուսավոր, ուժեղ բան եմ տեսնում։ Ամենակարեւորը՝ տեսնում եմ, որ նրանց պայքարն ինքնանպատակ չէ, այնպես չէ, որ մի քանի հոգի դուրս են եկել փողոց, մյուսներն էլ ասում են՝ դե, մենք էլ գնանք։ Այդ երիտասարդները ուզում են իրենց հայրենիքում ապրել, ընդ որում՝ լավ հայրենիքում. մեղավո՞ր են, որ նման ցանկություն ունեն։ Ես համոզված եմ, որ Հայաստանից լավ տեղ չկա, սա է մեր երկիրը։ Մենք ընդամենը ուզում էինք մեր երկրում ժպտացող դեմքեր տեսնել, եւ տեսանք, ես այդ ժպիտները երբեք չեմ մոռանա։ Երեւի ամենամեծ հաղթանակն այն էր, որ մարդու մեջ տարիներով ճզմված դրական, պոզիտիվ բաները դուրս պրծան։

-Դուք Նիկոլ Փաշինյանին տեսնու՞մ եք վարչապետի պաշտոնում։ Ըստ Ձեզ` ո՞վ է լավագույն թեկնածուն։

-Անկեղծ ասած՝ ոչ, չեմ տեսնում։ Ինքն այն կերպարը չէ, որին ես կուզեի տեսնել այդ պաշտոնում, ցավոք, ոչ ոքի չեմ տեսնում այդ պաշտոնում։ Ես ուզում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի քայլը շատ արդար է, որ ժողովուրդն է իր մեջքին կանգնած, այլ ոչ թե ուրիշ ուժ։ Մենք հենց այդպիսի մարդու պակաս ունենք՝ արդար մտածող, իր անձնական շահը ժողովրդի շահից չգերադասող։ Եթե ինքն այդպիսին է, ես միմիայն ուրախ եմ։

-Ի վերջո, այս պարագայում անհատների խնդիր չի լուծվում, այլ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, համաձա՞յն եք։

-Այո, ստեղծված համակարգի դեմ է պայքարը, բացահայտ ցինիզմ էր գալիս այդ համակարգից, անդեմ, տեսակ չունեցող մարդիկ էին այդ համակարգի մաս կազմում, դա ահավոր էր, ահավոր։

-Արվեստագետների կոչերը ի՞նչ ազդեցություն ունեն շարժման ընթացքի վրա։

-Ամեն մարդ ազատ է իր որոշումների մեջ, ես ոչ ոքի չեմ կարող խելք սովորեցնել, ես դրա խնդիրը բացարձակ չունեմ։ Ամեն մարդ իր ներքին կուլտուրայով, ազնվության չափանիշներով է առաջնորդվում։

-Ո՞րը պետք է լինի ժողովրդի հետագա քայլը։

-Ամենակարեւորն այն է, որ մեր քայլերը լինեն տրամաբանված, զուտ «հաբռգելու» միտումը չլինի։ Հասկանանք՝ ուր ենք գնում եւ ինչու։ Այդքանը։

Հարցազրույցը ՝  http://armlur.am կայքի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով