Վատիկանում հանդիսավորությամբ բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։

Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:
Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահի հրամանագրերով դիվանագետի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ Մարիամ Երեմյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, մարդասիրական և բարեգործական անխոնջ գործունեության համար բարերար Սմբատ Կարապետյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Իտալիայի Հանրապետության Սենատի Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, սենատոր Ալդո դի Բիաջոն պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով