Սպասված ու անսպասելի հեղափոխությունը. 168.am

Загрузка...

Իրավիճակը չափազանց սրընթաց է զարգանում: Դեպքերն այնքան արագ են հաջորդում իրար, որ ըմբռնելու (առավել ևս՝ վերլուծելու) ժամանակ չի մնում: Բայց դա բավարար հիմք չէ գլխավոր խմբագրին ասելու, որ հոդված գրելն անհնար է: Նա էլ թավշյա հեղափոխության նման անհողդողդ է` հայտարարելով՝ «Թերթի սյունակը նյութիդ է սպասում»:

Իսկապես կարելի է ենթադրել, որ մեր հասարակական կյանքը հենց այդ բառով կարելի է բնութագրել` «Սպասում»: Բոլորս սպասում ենք: Բոլորս: Բացառությամբ` երիտասարդության: Նրանք, ում մենք ակնածանքով «Անկախության սերունդ» ենք անվանում, չեն սպասում: Մենք նույնիսկ նրանց չսպասման գործընթացի համար ենք անուններ գտել` «Քաղաքացիական անհնազանդություն»:

Երիտասարդները բոլորին են ոգևորել: 1988-ին նմանատիպ ոգևորության պահին գտա ուսանողական նոթատետրս, ուր սովորողի ջանասիրությամբ տարբեր ժամանակների փիլիսոփաների, քաղաքական երևելիների մտքերի ծաղկաքաղ էի արել: Ցանկացած իրավիճակում, երբ կենսափորձը բավարար չէ կողմնորոշվելու համար, դասականներին վերընթերցելը կարող է օգնել:

Դժվար է պնդել, որ Արիստոտելի «Պետությունը» վերընթերցելը կարող է օգնել գլուխ հանել այսօր կատարվողից: Բայց հետևյալ միտքը կարելի է վերհիշել.

«Օլիգարխիայի և բռնապետության կյանքն ավելի կարճ է, քան որևէ այլ պետական համակարգի: Ոչ մի բռնապետություն երկար չի գոյատևում»:

Եթե համաձայն չեք, որ Արիստոտելը մեր իրավիճակի մասին է խոսել, այլ մեջբերում եմ առաջարկում: Մեջբերում` համարյա մեր ժամանակակցից: 1988թ.-ից ուղիղ 110 տարի առաջ իռլանդացի քաղաքական գործիչ Չարլզ Ստյուարդ Պարնելլը վստահ էր. «Իմաստ չունի կառավարության հետ հույսեր կապել: Մեր հույսը միայն մեր վճռականությունը պիտի լինի: Ինքներդ օգնեք ձեզ` ձեր ջանքերով: Թույլերին, միավորվեք, ինքնակազմակերպվեք և դուք կհաղթեք:

Խնդիրը միայն՝ այնժամ կլուծվի, երբ այն լուծելի դառնա ձեր ջանքերի շնորհիվ»: Կարծում եմ՝ սա բառացիորեն մերօրյա շարժման մասին է: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին եղել է Իռլանդիայի անկախության, կամ, ասենք` Ղարաբաղյան շարժման մասին:

Ռուս դասականի խոսքերը ձևափոխելով՝ կարելի է ասել, որ բոլոր երջանիկ ժամանակները յուրովի են, իսկ հեղափոխական ժամանակները` խիստ միանման: Մաքիավելին իշխանավորին զգուշացնում էր, որ ոչ մի իշխանություն չի կարող իր հպատակներին թալանել, այնքան, որ հպատակի մոտ վրեժի դանակի փող չմնա: Ընդունում եմ, այս միտքը չափազանցություն է և բոլորովին համահունչ չէ մեր խաղաղ ընդվզմանը:

Ուստի, կարելի է իտալացու մեկ այլ միտք հիշել: Նա իշխանավորին զգուշացնում էր` «Որքան լայնամասշտաբ է բռնությունը, այնքան թուլանում է ռեժիմը»: Ա՛յ սա մեր մասին է` մեր իշխանությունները բավարար միջոցներ չունեն բոլոր ճանապարհները և խաչմերուկներն ազատելու (կամ փշալարի օղակի մեջ վերցնելու): Հետևաբար բոլորիս համար այլ արժեք է ստանում ամերիկյան հասարակական գործիչ Ջին Շարպի պնդումը, որ «Բռնապետումից ազատվել հնարավոր է, եթե ժողովուրդը կարող է դա անել իր ուժերով»:

Հիշեցնենք, որ նրան գունավոր հեղափոխությունների հայր են համարում: Իսկ նա բոլոր պայքարող հասարակություններին զգուշացնում էր, որ արտաքին օգնության սպասել պետք չէ: Նույնիսկ մեկիկ-մեկիկ նշում էր այն բացասական հետևանքները, որ կարող են լինել արտաքին օգնության դեպքում: Սա մեր օրերում դիտարկելի է ուկրաինական օրինակի վրա:

Գուցե նաև արտաքին օգնության բացառումն է պատճառը, որ արտասահմանյան փորձագետներն այդքան հիացած են մեր «թավշյա հեղափոխությամբ»: Հավանաբար՝ նաև այն պատճառով, որ մենք Արիստոտելին լուրջ ենք ընկալել. «Իհարկե, ամոթ է, երբ ձեռքերով չես կարողանում պաշտպանել քեզ, բայց շատ ավելի ամոթալի է, երբ խոսքով չես կարողանում քեզ պաշտպանել»:

Հիմա բոլորն են ականջալուր Հայաստանից հնչող արժանապատիվ խոսքին, որի մեջ, ի հակադրություն հեղափոխական իրավիճակների, ոխ ու ատելություն չկա: Միակ մտավախությունն այն է` քաղաքական կոշտ հակամարտության պայմաններում կկարողանանք պահել խոհեմությունը: Ի վերջո, իշխանությունների համար բռնի մեթոդների դիմելը միշտ էլ «իրական» է ու գայթակղիչ:

Բայց հատուկ նրանց համար քաղաքագետ Ջոն Օստինն ընդգծել է. «Պայքարող ժողովրդին անհնար է հնազանդության վերադարձնել ու ենթարկեցնել»: Օստինը բրիտանացի էր, ու արժանապատիվ կյանքի համար աշխարհի շատ ժողովուրդների պայքարը սեփական պետության պատմությամբ էր ուսումնասիրել:

Հ.Գ. Եվս մեկ մեջբերում Արիստոտելից. «Ոչինչ չէր առաջանա, եթե պատճառ չլիներ»: Հնարավոր է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի համար առեղծված է ընդվզման համաժողովրդականությունը: Բայց իշխանությունում շատերի համար այն պիտի որ սպասելի լիներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...