Թուրքիան կփորձի թարմացնել Ղարաբաղյան պահանջները. Ինչի՞ է պատրաստ Պուտինը

Ապրիլի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում անցկացված նախագահական ընտրություններում իր շռնդալից հաղթանակից հետո առաջին երկօրյա օտարերկրյա այցն է կատարում Թուրքիա:

Միջազգայնագետները, արևմտյան և ռուսական լրատվամիջոցները նկատում են, որ ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են սերտանալ ավելի մեծ ինտենսիվությամբ, քան նախորդ տարի, երբ Պուտինն ու Էրդողանը հանդիպել էին շուրջ 8 անգամ։

Մեկ այլ կարծիքի համաձայն՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները, երկուսն էլ լուրջ խնդիրներ ունենալով Արևմուտքի հետ, փորձում են ցույց տալ, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են, սակայն փակ դռների ետևում բարդ բանակցություններ և սակարկումներ են ընթանում: Պուտինն Անկարայում է բավականին նշանակալի օրակարգով:

Ապրիլի 3-ին Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի առնչությամբ տեսակոնֆերանսին, որը, ինչպես նշել է ՌԴ նախագահը, կգործարկվի 2023 թվականին: Չորս բլոկից բաղկացած՝ 4800 մեգավատտ հզորությամբ այդ կայանը, որը «Ռոսատոմի» հավակնոտ նախագիծն է, շահագործման կհանձնվի հինգ-վեց տարի անց Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Շինարարության համար կծախսվի շուրջ 20 միլիարդ դոլար:

Ընդ որում, ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել ռուսական կողմը: Երկկողմ համաձայնագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը կվաճառվի օտարերկրյա ներդրողներին:

Պուտինը վստահեցրել է, որ ԱԷԿ-ի կառուցման համար կօգտագործվեն լավագույն ռուսական տեխնոլոգիաները: Չորս էներգաբլոկները համալրված են լինելու «3+» սերնդի ՋՋԷՌ-1200 ռուսական ռեակտորներով: Սակայն այստեղ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, Մոսկվան նախատեսում էր կառուցման համար ստեղծված Akkuyu Nuclear ընկերության 49 տոկոսը վաճառել որևէ թուրքական ընկերության, սակայն ներդրողներ դեռ չեն գտել:

Ռուսական կողմը հայտարարում է, որ թուրքական ընկերությունները պարզապես պատրաստ չեն նման ծավալի ներդրումների, թեև թուրքական կողմը հայտարարում է, որ ատոմակայանն առաջնային նախագիծ է Թուրքիայի համար: Ի դեպ, Թուրքիայի այս քայլը, չնայած Թուրքիա-ԵՄ մի շարք այլ ուղղություններով հակասություններին, ևս քննադատությունների առարկա էր դարձել ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ն կոչ էր անում Թուրքիային՝ միանալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին հռչակագրին, որը պահանջում է հարևան պետությունների հետ խորհրդակցությունների անցկացում:

Այս դեպքում խոսքը Հունաստանի և Կիպրոսի մասին է: Սակայն նախորդ շաբաթ Վառնայում Էրդողանն արդեն տեղեկացրել էր իր եվրոպացի գործընկերներին, որ ծրագիրն օրեր անց մեկնարկելու է: Այցի օրակարգում է նաև մեկ այլ հավակնոտ ծրագիր, որը ևս առանց խնդիրների չի ընթանում:

Թուրքիան և Ռուսաստանը ներկայումս աշխատում են համատեղ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վրա, գազատարը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դոլար, որով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովով հասցնել Թուրքիա, ապա՝ հարավ-արևելյան Եվրոպա: «Գազպրոմը», մի շարք աղբյուրների համաձայն, մինչ օրս էլ չի ստացել Թուրքիայի իշխանությունների թույլտվությունը խողովակաշարը թուրքական տարածքում` ցամաքային հատվածում, կառուցելու համար:

Բացի մեգանախագծերից, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Թուրքիային ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ու ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հարցերը, որն իր հերթին՝ հարուցել է Թուրքիայի ՆԱՏՕ-ական գործընկերների անհանգստությունն ու քննադատությունը:

Այս ամենին զուգահեռ՝ ապրիլի 4-ին Անկարա է ժամանել Իրանի առաջնորդ Հասան Ռուհանին, ով իր թուրք և ռուս գործընկերների հետ կփորձի համաձայնության հասնել 7 տարի շարունակվող սիրիական հակամարտության հարցում, թեև Ռուհանին և Պուտինն աջակցում են Ասադի վարչակազմին, իսկ Թուրքիան` ընդդիմադիրներին: Նմանատիպ առաջին հանդիպումն անցկացվել էր Սոչիում՝ անցյալ տարվա նոյեմբերին:

Սպասվում է, որ ներկայիս բանակցությունների ընթացքում կխոսվի այն որոշումների և պայմանավորվածությունների իրականացման մասին, որոնք ընդունվել էին ավելի վաղ, այդ թվում՝ սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի ժամանակ:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին ասաց, որ կարևոր է, որ համագործակցությունը սիրիական հակամարտության գոտում կայունություն հաստատելու համար շարունակվում է, չնայած հակասություններին: Ըստ նրա, նախագահները պետք է հասնեն նրան, որ Սիրիայում իրավիճակը մեղմվի, և պատերազմական գործողություններին վերջ դրվեն:

«Բանակցությունների բոլոր մանրամասները չեն հրապարակվի, բայց այս հանդիպումների նպատակը դա է, նախագահները պետք է հաստատեն այն գոտիները, որտեղ արդեն իրավիճակը կայուն է, և հաստատեն նաև իրենց հանձնառությունը դեէսկալացված գոտիների, այդ թվում՝ Իդլիբի վերաբերյալ, քանի որ Իդլիբում սիրիական բանակը ՌԴ վերահսկողության տակ է, և բանակցությունների միջոցով Արևելյան Գուտայից ահաբեկիչները դուրս են բերվում, սա կարևոր հանգրվան է, Ռուսաստանի համար կարևոր է հենց այս պահին թուրքական հանձնառության հաստատումը:

Հաշվի առնելով սիրիական հակամարտության բարդությունը՝ կդժվարանամ կոնկրետ արդյունքներից խոսել, բայց հուսով եմ, որ բանակցությունները կտան արդյունք, և ռուսական դիրքորոշումն ընկալելի կլինի Թուրքիայի համար, քանի որ Ռուսաստանը ելնում է նաև փոքրամասնությունների իրավունքներից»,- նման տեսակետ հայտնեց Ռաևսկին: Խոսելով ռուս-թուրքական համագործակցության մասին` ռուս թուրքագետն ասաց, որ իրականացվում են այն ծրագրերը, որոնք դադարեցվեցին ռուս-թուրքական անակնկալ հակամարտության պատճառով:

«Ավելի մեծ սերտություն ներկայումս չկա, վերսկսվել և իրականացվում են նախկին ծրագրերը՝ և՛ գազատարը, և՛ ատոմակայանը համեմատաբար հին ծրագրեր են, որոնց արագ ընթացքով շահագրգռված են երկու երկրներն էլ, քանի որ դրանք շահավետ են լինելու»,- ասաց Ռաևսկին:

Հարցին, թե ռուս-թուրքական սերտացումն ինչպես կանդրադառնա Հայաստանի շահերի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ հաշվի առնելով Թուրքիայի բարձրացող «արժեքը» Ռուսաստանի համար ստեղծված դիվանագիտական ճգնաժամի պայմաններում, Նադեին Ռաևսկին ասաց, որ չի բացառվում, որ Թուրքիան իսկապես մտածի, որ իր արժեքը բարձր է, և փորձի ինչ-ինչ որոշումներ և զիջումներ կորզել Ռուսաստանից: Ավելին, նրա խոսքով՝ ռուս-թուրքական վերջին ամիսների բոլոր բանակցություններն էլ ունեցել են բարդություններ: «Բայց Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եվրասիական և ՀԱՊԿ շրջանակում գործընկերը: Ռուսաստանը գնահատում է իր բարեկամներին, և ցանկացած հարց կլուծվի հօգուտ բարեկամության»,- ասաց նա:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն ևս նշեց, որ Թուրքիան գուցե փորձի օգտվել «Սկրիպալի գործով» արևմտյան երկրների կողմից դիվանագետների արտաքսման հետ կապված՝ Ռուսաստանի համար տհաճ իրադրությունից, համոզված լինելով, որ Ռուսաստանը Թուրքիայի որևէ պահանջ չի մերժի:

Մալաշենկոն չի բացառում, որ քննարկումները և Թուրքիայի հավակնությունները հասնեն Ղարաբաղում ադրբեջանամետ լուծման:

«Բայց կարծում եմ՝ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը կչեզոքացնի նման պահանջները, քանի որ Ռուսաստանը «դատավորը» չէ, Ռուսաստանը միջնորդ է և չի ցանկանում կորցնել իր վերջին գործընկերներին: Ռուսաստանը փորձել է մշտապես տարածաշրջանում իր դիվանագիտական և ռազմական ներկայությամբ կանխել պատերազմական գործողությունների վերսկսման հեռանկարը, ինչն արեց նաև վերջերս:

Ռուսաստանին ձեռնտու չէ ո՛չ պատերազմը, ո՛չ էլ բարեկամների հետ հարաբերությունների վատթարացումը: Իսկ Ղարաբաղյան թեմատիկան այն կարևորությունը չունի Թուրքիայի համար ներկայումս, որպեսզի Էրդողանը համաձայնության չգա Պուտինի հետ»,- ասաց Մալաշենկոն:

Հոդվածը ՝ 168.am կայքի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով