Երևանում բացվեց Բաբկեն Ներսիսյանի դիմաքանդակով հուշասյունը

Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով՝ ս. թ. ապրիլի

7-ին, Աբովյան 21 շենքի առջև /այդ շենքում ապրել է Բաբկեն Ներսիսյանը/ Երևանում բացվեց նրա բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը: Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, ճարտարապետ՝  Լևոն Իգիթյան։

«Մեծ սիրով եմ իրականացրել այս աշխատանքը, որովհետև իմ սերնդակիցները շատ լավ հիշում են Բաբկեն Ներսիսյանին և շատ ոգևորված էին այս գաղափարով: 1960-80-ականների այդ ծաղկաբույլի մեջ նա իր ուրույն տեղն ուներ այնպիսի հզոր դերասանների կողքին, ինչպիսիք էին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը… »,-հուշասյան բացմանն ասաց քանդակագործ Տիգրան Արզումանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մի դերասան, որը դեռ 19 տարեկանից ապշեցրեց հանդիսատեսին և ապշեցրեց իր գործընկերներին՝ դեռ Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում, հետո, իհարկե, նաև Սունդուկյանի անվան թատրոնում: Մենք կարծես քնած էինք, և եկավ մեկը, որը փոթորկի նման մտավ մեր կյանք ու սիրվեց բոլորի կողմից: Ավելի քան վստահ եմ, որ Բաբկեն Ներսիսյանը մեր հզոր, մեծ դերասանների ոսկե շղթայի վերջին օղակն է»,-ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի խոսքն է:

«Երբեք մենակ չեմ տեսել այդ մարդուն: «Հիպոկրատի գլխարկը» ներկայացման ժամանակ երիտասարդ դերասաններով հավաքվում էինք կուլիսներում, որպեսզի վարպետության փորձ ձեռք բերենք՝ տեսնելով, թե ինչ բան է բեմում մկանային ազատությունը: Առանց ավելորդ ջանքերի նա կարողանում էր փոխանցել այն ներքին հույզերը, որն ուներ այդ կերպարը, և ոչ միայն այդ կերպարը…»,-ասաց Արմեն Էլբակյանը՝ խոսքն ավարտելով «Սարոյան եղբայրները» ֆիլմում Բաբկեն Ներսիսյանի կերտած հրաշալի կերպարի հայտնի խոսքով. «Կարող եք ծխել, պարոնա՛յք»:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, հատկանշական է, որ սիրելի դերասանի հուշասյունը բացվում է ապրիլի 7-ին՝  կանանց տոնին, որոնք պաշտում էին նրան: Ներսիսյանի բազմաթիվ դերերից նա առանձնացրեց Սայաթ Նովայի կերպարը համանուն ֆիլմից՝ նշելով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ֆիլմից հետո բոլոր նկարիչները, քանդակագործները, ձեռարվեստի վարպետները Սայաթ Նովային կերտում էին հենց նրա պատկերով. նա կարողացավ վերակենդանացնել մեծ աշուղին մեր սրտերում ու հոգիներում: Շնորհավորում եմ երևանցիներին, թատերասեր հասարակությանը, բոլորիս, որ ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի սրտում է»:

Հուշասյան բացման հանդիսավոր արարողությանը Ներսիսյանի որդին՝ Մայր թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ հոր «կտակին»:

««Կտակը» նա ինձ չէր տվել, ես այն գտա մահից հետո, նրա արխիվում: Կտակը գրել էր ենթատեքստով՝ եթե դա քեզ պետք լինի, դու կգտնես այն: Տասը տող է ընդամենը. «Վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Եղիր բարի, ճշմարիտ և ազնիվ: Առա՛ջ, նահանջելու տեղ չկա…»:

Տիգրան Ներսիսյանի փոխանցմամբ, Աբովյան 21 հասցեում բացված հուշասյան գաղափարն իրականություն է դարձել մշակույթի նախարարության, «Բաբկեն Ներսիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով