Բաղանիսում ադրբեջանական կողմի կրակոցներից գյուղացիների մեկ կով սատկել է, մի քանի անասուն վնասվել

Ադրբեջանական կողմի կրակահերթերի պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչներից մեկին պատկանող կովը սատկել է, մի քանի այլ կենդանի վնասվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 8-ին` ժամը 17:00-ի սահմաններում, «Ջրովքեր» կոչվող հանդամասում: «Հանդամասի վրա են կրակել, որը չեզոք գոտուն մոտիկ արոտավայր է: Գյուղացիները կենդանիներին առավոտյան ուղարկում են հանդ, ժամը 15:30-16:00-ի կողմերը գնում են, որ բերեն, լավ է, որ այդ պահին իրենք կենդանիների մոտ չեն եղել, մի քիչ հեռու են եղել»,-ասաց Նարեկ Սահակյանը:

Նրա խոսքով` սատկել է Սուրիկ Ալեքսանյանին պատկանող մեկ կով, երկուսն էլ հարկադիր մորթի է ենթարկվել: Վնասվել են Ալբերտ Միքայելյանի կովն ու Անուշավան Ավագյանի մոզին: «Վերջիններս հույս ունեն, որ կենդանիները կապրեն, բայց եթե վատթարանա վիճակը, կրկին հարկադիր մորթի կենթարկվեն»,-հավելեց համայնքի ղեկավարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին ի պատասխան, թե հնարավոր է նյութական վնաս կրած գյուղացիներին փոխհատուցեն` Նարեկ Սահակյանն ասաց, որ վնասի չափն արդեն ներկայացրել է համապատասխան մարմիններին: «Մենք մինչև հիմա նյութական ինչ վնաս ունեցել ենք 2014-ից հետո, երբ սահմանին ավելի է լարվել իրավիճակը, կառավարությունն ու մարզպետարանը միշտ բնակչներին փոխհատուցել են: Համապատասխան մարմիններին արդեն ներկայացրել ենք կրած վնասի վերաբերյալ: Շուկայական արժեքով, որ հաշվում ենք, Սուրիկ Ալեքսանյանը 600 հազար դրամի վնաս է կրել»,-հայտնեց Նարեկ Սահակյանը:

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Նարեկ Սահակյանն ասաց, որ այս օրերին սահմանամերձ այլ համայնքների ուղղությամբ կրակոցներ եղել են, իրենց մոտ տարին համեմատաբար խաղաղ է սկսվել: «Սա իմ անձնական կարծիքով դիտավորյալ գույքի վնասում է: Աստված մի արասցե, կարող էին նաև գյուղացու վրա կրակել, բայց սա դիտավորյալ գույքի վնասում է, երբ փորձում են գյուղացուն կտրել եկամուտի միջոցից»,-եզրափակեց Բաղանիսի ղեկավարը:

Armenpress

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով