Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին:

Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները նախօրեին համատեղ կոչով են հանդես եկել Ապրիլի 24-ի կապակցությամբ, որում, ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար: Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ: Հարյուր տարուց ավելի այս օրը եղել է միասնության օր, հիշատակի և սգի օր, ընդդեմ Թուրքիայի կողմից իրագործված անարդարության և այսօր ցեղասպանությունը ժխտողների դեմ բողոքի օր:

Հարգենք մեր նախնիների հիշատակը և հոգանք մեր ազգի ապագան արժանապատվորեն ու պատվով:

Պահենք և պահպանենք աշխարհի աջակցությունը և համերաշխությունը մեր հանդեպ Ապրիլի 24-ին, երբ մեզ հետ միասին հարգում են զոհերի հիշատակը և հիշում նրանց, ովքեր օգնել են վերապրողներին:

Այսօր վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբել մեր ժողովրդին ազգային իդեալների շուրջ, լուծել մեր ներքին խնդիրները միասնաբար՝ երկխոսության և փոխըմբռման ոգով, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները»:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում հավաքված բազմահազար ցուցարարներին կոչ արեց այսօր ժամը 15-ին Երևանի գլխավոր հրապարակից երթով ուղղվել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 45-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

 

 

 

«Ազատություն» ռ/կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով