105 անվճար տեղ մագիստրատուրայում՝ բանակից զորացրված դիմորդների համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. Շրջանառության է դրվել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

2018–2019 ուստարվա անվճար տեղերն ըստ մասնագիտությունների ձևավորելիս՝ հաշվի են առնվել շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական և տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտություններին:

Մրցույթային կարգով 105 տեղ կհատկացվի ազգային բանակից զորացրված դիմորդներին: Նախագծի նպատակն է կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելությունը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում: Այն կապահովի բարձրագույն կրթության շարունակականությունը և բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը՝ ըստ կրթական ծրագրերի, կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով կառավարության հաստատմանը ներկայացնել 1350 տեղ, որից 105–ը՝ բանակից զորացրված դիմորդների համար:

Եվս մեկ նախագիծ, այս անգամ արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա՝ անվճար, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության տեղերի մասին, նույնպես օրերս հայտնվել է www.e-draft.am կայքում:

Նախագծում ասված է, որ անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝ պետության տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, իրավական, մշակութային, ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումն ու պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով