Արտավազդ Սահակյանը` նախարա՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նա հարյուրավոր զինվորների ու սպաների կյանք է փրկել Արցախի ազատամարտի ժամանակ, բժշկի «ոսկե» ձեռքերով հազարավոր մարդկանց վերադարձրել է նորմալ կյանքի՝ փրկելով հաշմանդամ դառնալու անխուսափելի թվացող վտանգից:

Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի համարյա լեգենդ դարձած անունը շատ փրկվածների շուրթերին է: Զարմանալի է, բայց թե՛ ՀՀ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների օրոք մշտապես խոսվում էր, որ Արտավազդ Սահակյանին նախարար են նշանակելու: Բայց այդպես էլ չտեսանք նրան այդ պաշտոնում: Քաջատեղյակ ենք՝ երբեք չի ձգտել որեւէ պաշտոնի: Եվ ահա օրերս լրատվամիջոցները դարձյալ շրջանառության մեջ են դրել նրան առաջիկայում ՀՅԴ–ի կողմից առողջապահության նախարար նշանակելու մասին լուրերը:

«Փաստի» աղբյուրները վկայում են, որ այս անգամ լուրն ավելի քան հավաստի է: Այնքան հազվադեպ է լինում, որ ժողովրդի սիրելի մարդը նախարար է դառնում, այնքան հազվադեպ՝ որ… չի լինում: «Փաստի» լրագրողը կարճ հեռախոսազրույց ունեցավ Արտավազդ Սահակյանի հետ, ով այդ պահին վիրահատում էր հերթական հիվանդին: «Ես ավելի լուրջ գործով եմ զբաղված, քան ինձ նախարար նշանակելու մասին ձեր տված հարցն է»,- ասաց վիրաբույժը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով