Աշխատավարձերը և թոշակները անպայման բարձրացնելու են, գուցե՝ 3301 թվականին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարան եկած վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց տխուր, կարելի է ասել՝ ընկճված տեսք ուներ: Դա միանգամայն բացատրելի է, որովհետեւ նա այլեւս վարչապետ է դե յուրե, իսկ դե ֆակտո նրան այլեւս որէ մեկը չի ընկալում որպես վարչապետ:

Եվ միակ հարցը, որ հետաքրքրում է պատգամավորներին այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանը պատրաստ է մնալ հաջորդ կառավարության կազմում, զբաղեցնել թերեւս իր համար նախանշված առաջին փոխվարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանն այդ հարցին չպատասխանեց, ասելով. «Բայց դրա քննարկումը եղե՞լ է, որ ես ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ»:

Կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանին դեռեւս առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի արվել, նրա հետ այդ հարցը չի էլ քննարկվել, եւ, հետեւաբար, նա չի կարող ասել՝ կհամաձայնվի այդ առաջարկը ընդունել, թե ոչ: Բայց վատ չէր լինեի, եթե նա միանգամից հայտարարեր, որ պատրաստ է կատարել հարազատ կուսակցության կամքը, լինել այնտեղ, որտեղ կնախանշի կուսակցությունը: Այդպես են պատասխանում բոլոր այն իշխանավորները, ովքեր սպասում են հերթական նշանակման: Որովհետեւ երբ դու քեզ խոնարհ ու հնազանդ ես պահում, դա գնահատվում է: Բայց Կարեն Կարապետյանը դեռեւս համառում է, ու հնարավոր է, որ եթե շատ համառի, այդ պաշտոնից էլ զրկվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին փոխվարչապետի թեկնածուի պակաս մեր երկրում հաստատ չկա: Համենայնդեպս, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը առաջին փոխվարչապետի հիանալի թեկնածու է: Նա արդեն իսկ դե ֆակտո առաջին փոխվարչապետ է, Կարեն Կարապետյանի փաստացի պաշտոնանկության պայմաններում: Երեկ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա պատասխանում էր Կարեն Կարապետյանին ուղղված այնպիսի հարցի, որը կարող էր պատասխանել միայն Կարապետյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Կարապետյանին հիշեցնում է՝ մեկ տարի առաջ «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած հետեւյալ խոստումը. «Մենք մեր առջեւ դնում ենք հստակ ծրագիր, որ առնվազն 18 թվականին բազիսային աշխատավարձը եւ կենսաթոշակները բարձրացնենք»:

Միրզոյանը դիմելով Կարապետյանին, ասում է, որ բոլորը գիտեն, որ 2018թ. բարձրացում չի եղել, կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով, նույնիսկ 2019թ.ներառյալ, ոչ մի բարձրացում չի նախատեսվում: Նա ուզում է, որ Կարապետյանը ասի, թե ինչու չիրականացրեց իր տված խոստումը, եւ արդյոք խոստումը չկատարած մարդը կարող է հավակնել նոր պաշտոնի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարապետյանի փոխարեն հարցին պատասխանում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, եւ առաջին նախադասությունը որ ասում է, հետեւյալն է. «Ճիշտ եք ասում, մենք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մեջ նման գումարներ չենք նախատեսել»: Այսպիսով Արամյանը հայտարարում է, որ Կարապետյանն իր տված խոստումը չի կատարել:

«Ամենավտանգավոր բանն է, որ դու կանխակալ բարձրացնես կամ ընթացիկ պարտավորություններ ստանձնես, դրանից հետո տեսնես, որ չես կարող իրականացնել: Եթե մենք ամբողջ հանրային հատվածում 5 հազար դրամ աշխատավարձի բարձրացում անենք, իսկ այսօր հանրային հատվածում 263 հազար հոգի է զբաղված, 30 մլրդ դրամի լրացուցիչ պահանջ կառաջանա»,- ասում է ֆինանսների նախարարը:

Արամյանի այս բացատրությունից կարելի է հասկանալ, որ Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ, խոսելով աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման մասին, չի հաշվել դրա հնարավոր ֆինանսական հետեւանքները, եւ մի բառով ասած՝ զբաղվել է պոպուլիզմով:

Բայց ասվածից չպետք է եզրակացնել, որ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում ընդհանրապես չպետք է սպասել: Ընդհակառակը, Արամյանը խոստանում է, որ դա իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել եւ լինելու է: Արամյանը Կարապետյանի նման միամիտ չէ, որ ասի, թե երբ են բարձրացնելու աշխատավարձերը եւ թոշակները՝ մեկ տարի հետո՞, թե՞ եւ նույնիսկ 2040 թվականին:

Բա որ մեկը 2040թ. նրան հիշեցնի իր 22 տարի առաջ տված խոստումը, ինչպես հիմա Կարապետյանին են հիշեցնում: Ու հարցնեն, թե ինչու խոստումը չի կատարել: Եվ քանի որ մեր երկրում իշխանությունը հավերժ է, նման հեռանկարը բացառված չէ: Դրա համար Արամյանը խոսում է ապագայի մասին, ասենք՝ 3301թ.-ի, երբ Հայաստանում քրիստոնեության ընդունման 3-րդ հազարամյակի տոնակատարությունների շրջանակներում իշխանությունը բարեգութ կգտնվի եւ 5 հազար դրամով կբարձրացնի աշխատավարձերն ու թոշակները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով