«Թուրքիան կփորձի հակազդել Սերժ Սարգսյանի հայտարարությանը և որոշակի լարվածություն առաջացնել արցախյան հակամարտության ուղղությամբ». Կարեն Վերանյան

«168 Ժամ». Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի հետ

– Պարոն Վերանյան, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հետագայում Հայաստանը պատրաստ կլինի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այդ գիտակցումը նաև թուրքական կողմում լինի: Ձեր կարծիքով՝ դա մոտ ապագայում հնարավո՞ր է։

– Հայ-թուրքական արձանագրությունների՝ առոչինչ ճանաչման հայկական կողմի քայլը շատ ողջամիտ է, որովհետև այնտեղ որևէ լուրջ, դրական գործընթաց բացառված էր հենց Թուրքիայի կողմից։ Պարզ էր, որ, եթե Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում խոսում է նախապայմանների լեզվով, այդտեղ չի կարող որևէ լուրջ, դրական համապարփակ գործընթացի մասին խոսք լինել, որը կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների նախ՝ հաստատմանը, հետո, դրա հիման վրա՝ առկա կնճռտ խնդիրների կարգավորմանը։

Կարծում եմ, որ նախագահի հայտարարությունից հետո, երբ առոչինչ ճանաչվեցին արձանագրությունները, Թուրքիան կփորձի դրան հակազդել և որոշակի լարվածություն առաջացնել, առաջին հերթին, արցախյան հակամարտության ուղղությամբ։ Չի բացառվում՝ Ադրբեջանի կողմից որոշակի դիվերսիոն գործողությունների ակտիվացման, լարվածության մեծացման քաղաքականությունը նոր թափ ստանա։ Բայց այն հանգամանքը, որ, անկախ արձանագրությունների տապալումից, որը Թուրքիայի քաղաքականության պատճառով եղավ, Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե վերջինս նախապայմանների լեզվով չխոսի, ողջունելի է։

Եթե նախապայմաններ ես դնում, ապա գործընթացը տապալված է։ Չեմ կարծում, որ Թուրքիան առաջիկայում լուրջ մոտեցում ցուցաբերի՝ այս հարցի հետ կապված, վերանայի իր քաղաքականությունը, մանավանդ, հաշվի առնելով, որ Թուրքիան այսօրվա դրությամբ լուրջ խնդիրներ ունի՝ ինչպես երկրի ներսում՝ կապված քրդերի հետ, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում։ Մերձավորարևելյան ճակատն այսօր բավականին լուրջ խնդիր է Թուրքիայի համար, և չեմ կարծում, որ Թուրքիան դրանով հանդերձ՝ փորձի էապես ակտիվացնել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Բայց սա չի նշանակում, որ այդ լարվածության հնարավորությունը չի կարող լինել. Թուրքիան կփորձի ամեն դեպքում իր դերակատարումը չթուլացնել Հարավային Կովկասում, ինչը հիմնականում արտահայտվում է ապակայունացման տարբեր դրսևորումներով, և Ադրբեջանի ձեռքով է իրականանում։

– ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե նա չհրաժարվի ռուսական S-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի ձեռքբերման գործարքից։ Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիան  դեմ կգնա ՆԱՏՕ-ին և կգնի՞ այդ համակարգերը։

– Կարծում եմ՝ Թուրքիան կգնի այդ համակարգերը։ Այդ պայմանագիրն արդեն ստորագրվել է, ձեռքբերումն էլ կիրականանա։ Թուրքիան հիմա ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ունի լրջագույն խնդիրներ։ Հստակ հակասություններ ու տարակարծություններ են նկատվում երկու բևեռներում էլ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց այսօր ՆԱՏՕ-ն գրեթե զերծ է մնում մերձավորարևելյան զարգացումներում ներգրավվելուց։ Ճիշտ է՝ Թուրքիան ինքն է ներխուժել Սիրիայի տարածք, դա ռազմական ագրեսիա է, բայց շատ մեծ հաջողությամբ նա կարող է ձևակերպել դա՝ որպես քրդերի կողմից ներխուժում Թուրքիայի տարածք, որին ինքը հակադարձում է։

Այսինքն՝ այս ամենում փորձի ներգրավել ՆԱՏՕ-ին, բայց որևէ հենք չկա, որ ՆԱՏՕ-ն կմիջամտի այս զարգացումներին։ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը վկայում է այն մասին, որ նա ունի լրջագույն խնդիրներ տարածաշրջանում։ Հետևաբար՝ ԱՄՆ-ը փորձում է հնարավորինս հետ պահել Թուրքիային նմանատիպ գործողություններից, նրան դարձնել վերահսկելի, կառավարելի, ինչը չի հաջողվում։ Թուրքիան շատ հստակ քաղաքականություն է վարում՝ լուրջ համագործակցություն ունենալով Ռուսաստանի և Իրանի հետ։

ՌԴ-Թուրքիա համագործակցության ձևաչափը, բնականաբար, ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որովհետև սա միանշանակ է՛լ ավելի է թուլացնելու Վաշինգտոնի դիրքերը Մերձավոր Արևելքում այն բանից հետո, երբ սիրիական ճգնաժամը գրեթե դուրս մնաց Վաշինգտոնի ազդեցությունից։ Այսինքն՝ թուլացել է, և, եթե Թուրքիան փորձի ռուսական կողմի հետ ջանքերն ակտիվացնել քրդերի դեմ պայքարում, իսկ այդ հարցում այս պահին ռուսական կողմը բավականին չեզոք է, ԱՄՆ-ում կա այդ մտահոգությունը, որ Թուրքիան և Ռուսաստանը կփորձեն սերտացնել իրենց հարաբերությունները, և դա կամրապնդվի տարբեր ռազմական տեխնիկաների ձեռքբերումներով։

– Իսկ այս ամենն ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար. պատմությունը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական համագործակցությունը, մեղմ ասած՝ բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի վրա։

– Հայ հասարակությունը մշտապես մտահոգվածություն ունի, և դա օբյեկտիվորեն արդարացված է՝ հաշվի առնելով պատմական իրողությունները. այո, Ռուսաստանն ու Թուրքիան, երբ գալիս են ընդհանուր հայտարարի կամ դաշինք են կազմում, դա այս կամ այն պատմական փուլում բավական անհաջող ելք է ունեցել Հայաստանի և հայության համար։

Մեր խնդիրն է՝ ակտիվացնել մեր քաղաքականությունը, առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ, հնարավորինս ավելի ճկուն դիվանագիտություն է հարկավոր այս ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի միջին և բարձր քաղաքական էշելոններում շատ սերտ համագործակցում են՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Եվ սա, ցավոք, հանգեցնում է նրան, որ Ռուսաստանը սերտացնում է իր համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Իհարկե, այստեղ կան որոշակի հարցեր այն առումով, որ Ռուսաստանը կայսերական մտածելակերպ ունեցող քաղաքական էլիտա ունի, և Հարավային Կովկասը դիտում են այդ կոնտեքստից, ինչը հայկական կողմի համար անընդունելի է։ Եթե կա ռազմավարական գործընկերություն, պետք է տարբերակում մտցվի Ադրբեջանին զենք մատակարարելու և Հայաստանին ռազմական տեխնիկա տրամադրելու առումով։ Այսինքն՝ եթե այստեղ բալանսը չի պահպանվում, բնականաբար, Հայաստանում ավտոմատ կերպով կարող են ի հայտ գալ հակառուսական տրամադրություններ։

Ռուսաստանում, կարծում եմ՝ վերջին տարիներին դա շատ լավ գիտակցում են, բայց հայկական կողմը պետք է ճկուն դիվանագիտություն որդեգրի Ռուսաստանի հետ հարաբերություններում, որպեսզի այնտեղ վերանայվի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներկայիս տրամաբանությունը, այլապես չի բացառվում, որ Հայաստանում առկա հասարակական տրամադրությունները նորից գլուխ բարձրացնեն։

Թուրքիան մշտապես աշխատել է և հիմա էլ կաշխատի Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում խնդիրներ առաջացնել։ Մեր խնդիրն է՝ նաև այս ուղղությամբ մեր ռուս գործընկերներին հասցնել այն մեսիջները, որ Թուրքիան հատկապես հայ-թուրքական արձանագրությունների տապալման այս իրավիճակում չի կարող գնալ մի քայլի, որը բերի Հարավային Կովկասի կայունացմանը։

Շատ կարևոր է նաև Ռուսաստանին մեսիջ հղել առ այն, որ Թուրքիայի ներգրավվածությունը Հարավային Կովկասում մեծամասամբ վնաս է Ռուսաստանի շահերին, որովհետև Նախիջևանում ակտիվ ռազմականացման գործընթացներ են տեղի ունենում, ի պատասխան՝ Ռուսաստանը փորձում է հակադարձել իր քայլերով, Թուրքիան սպառազինում է Ադրբեջանին, նոր լարվածություն առաջացնում Արցախում, միջազգային իրավական պայմանագրերի հետ կապված լուրջ խնդիրներ կան հենց Բաթումի հետ կապված՝ Վրաստան-Թուրքիա հարաբերություններում։

Այսինքն՝ այս ընդհանուր միտումները պետք է կառուցողական հենքի վրա՝ որպես մեսիջներ, օրակարգային դարձնել հայ-ռուսական հարաբերություններում, այլ տարբերակ չկա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով