Մի լուսանկարի պատմություն. ինչպես է Վահրամ Բաղդասարյանը փորձել Մեղրիից բերման ենթարկել Սամվել Ալեքսանյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահրամ Բաղդասարյանի եւ Սամվել Ալեքսանյանի այս տպավորիչ լուսանկարը, որը երեկ շրջում էր համացանցում, ուշագրավ պատմություն ունի։

Պարզվում է՝ վերջերս ՀՀԿ խմբակցության ղեկավարը, հերթական անգամ իր առաքելությունը կատարելով, փորձել է քվեարկության համար «բերման ենթարկել» Ալեքսանյանին։ Երբ զանգահարել է, պարզվել է, որ Լֆիկ Սամոն Իրան է մեկնում եւ արդեն հասել է Մեղրի։

Խմբակցության ղեկավարը հրահանգել է 2 ժամից լինել խորհրդարանում, որ մասնակցի քվեարկությանը։ Գործարարը փորձել է «սակարկել», թե կհամոզի «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներից մի քանիսին, որ «իր խաթեր» կողմ քվեարկեն, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարը խիստ հրահանգել է վերադառնալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց Բաղդասարյանի խիղճը տանջել է, եւ ինքն է լուծել պակասող ձայների հարցը։ Երբ նորից զանգահարել է Ալեքսանյանին, պարզվել է, որ Լֆիկը զինվորի պես կատարել է «շեֆի» հրահանգը եւ արդեն հասել է Սիսիանի կողմերը, Բաղդասարյանը հորդորել է նորից հետ դառնալ եւ շարունակել ճանապարհը դեպի Իրան։

Երեկ նրանք խորհրդարանում հանդիպելով՝ հիշել են այս պատմությունը եւ անբռնազբոս հռհռացել, ինչն էլ արձանագրել է panorama.am-ի լրագրողը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով