Սերժ Սարգսյանը Մյունխենում իրեն դրսևորեց որպես հիանալի վերլուծաբան. Տարասով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենի անվտանգության 54-րդ գագաթնաժողովի ընթացքում հայտնվել է միջազգային փորձագիտական համայնքի ուշադրության կենտրոնում: Հատկապես ուշագրավ են որակվել ՀՀ նախագահի դիտարկումները անվտանգության համաժողովի հարցուպատասխանի ընթացքում:

Խոսելով 2013 թվականին Ասոցացման համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը չստորագրելու և Մաքսային միությանը միանալու որոշման դրդապատճառներից` ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը որևէ երկրի հետ գաղտնի բանակցություններ չի վարել, որևէ մեկի ճնշման տակ որոշում չի կայացրել: «Ինչպես ես ասացի, մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք և չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին»,-ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն իր հիմնական ելույթի ընթացքում անդրադարձել էր նաև օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Երևանին և Զանգեզուրին ուղղված տարածքային նկրտումներին՝ ասելով. «Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ինչպես ռուսական մի շարք աղբյուրներ, այնպես էլ անձամբ ինքը բարձր է գնահատում համաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատրաստվածության մակարդակը: Ըստ նրա՝ ռուսական տեսանկյունից Սարգսյանը չափազանց դիպուկ և կիրթ է արտահայտվել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում: «Արտացոլվեց, որ ՀՀ նախագահը լավագույնս հասկանում է այն ամենը, ինչ կատարվում է միջազգային հարաբերություններում. խոսքը Արևմուտքի և Ռուսաստանի ճգնաժամային հարաբերությունների և այդ հարաբերություններում Հայաստանի դերի մասին է, ինչպես նաև մերձավորարևելյան զարգացումների մասին: Նա իրեն դրսևորեց որպես հիանալի միջազգային վերլուծաբան»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

Ռուս վերլուծաբանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ՀՀ նախագահը պնդում է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալիս Հայաստանը քաղաքական ճնշումների չի ենթարկվել, ինչը համապատասխանում է իրականությանը, ավելին՝ Եվրամիությանն առաջարկել է համադրել այս երկու միությունները՝ միանալով ԵՏՄ-ին և ստորագրելով միայն Ասոցացման համաձայնագիր առանց առևտրային բաղադրիչի, որը Վիլնյուսյան գագաթնաժողովին հաջորդած փուլում ստորագրեց Ուկրաինան:

«Տևական ժամանակ Եվրամիությունը մերժում էր Հայաստանին, նշում էին, թե հնարավոր չէ համադրել: Հատկապես կարևոր է հայկական կողմի այն գիտակցումը, որ հակամարտություններից պետք չէ փորձել օգուտներ կորզել, ինչպես ժամանակ առ ժամանակ Հայաստանի հարևան երկրներն են փորձում անել, քանի որ դրանք կայուն և երկարատև օգուտներ չեն լինում: Հայաստանի ընտրած այս մոդելն ապացուցեց իր կենսունակությունը, քանի որ այսօր Հայաստանը և Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է, և ստորագրել է համաձայնագիր Եվրամիության հետ՝ վերացնելով այդ հարաբերություններում անցյալում առաջացած խնդիրները»,- ասաց Տարասովը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության վերաբերյալ Սարգսյանի դիտարկումներին, ապա Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ Ալիևի` Երևանը և Զանգեզուրը վերադարձնելու կոչերին պաշտոնական Երևանը կարող էր արձագանքել, կարող էր նաև չարձագանքել, քանի որ դրանք Ադրբեջանի կողմից բավականին մարգինալ հայտարարություններ են լուրջ արձագանքելու համար: «Ադրբեջանի պատմությունը ուսումնասիրել ենք ոչ միայն մենք` ռուսներս, այլև ողջ աշխարհը, Եվրոպան: Կարիք չկա հիշեցնելու, թե երբ է սկսվել Ադբեջանի պատմությունը:

Ադրբեջանը գնում է նման սադրանքների նախընտրական փուլում.նա սեփականացնում է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի պատմությունը: Տրամաբանորեն հարցեր կարող էին հնչել Իրանի կողմից. Իրանը լռում է: Ռուսաստանը կարող էր արձագանքել. Ռուսաստանը ևս լռում է, այսինքն` եղել է արձագանք Զախարովայի կողմից, բայց այն ոչինչ չասող է, այսպիսին է, քանի որ բոլորն են հասկանում, որ դրանք մարգինալ և նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ տեղավորվող հայտարարություններ են:

Նման հայտարարություններից միայն կարող ենք եզրակացնել, թե ինչ բարդ է դրությունը Ադրբեջանի ներքաղաքական կյանքում. ներքաղաքական պայքարն այնպիսի լարման է հասել, որ Իլհամ Ալիևը նման հայտարարություններ է անում: Ալիևը թուրքական կողմից ևս լուրջ մտավախություններ ունի, վստահ չէ Էրդողանի իշխանության կայունության մեջ։ Այս ամենով եմ ես բացատրում նման հայտարարությունները: Նույնիսկ չեմ կարծում, թե դրանց արձագանքել է պետք: Այնպես որ, Սերժ Սարգսյանի արձագանքը բնական էր. համամիտ եմ այն որոշման հետ, որ այդ հայտարարությանը պետք չէ մեծ կարևորություն տալ»,- ասաց Տարասովը:

Ռուս քաղաքագետը, մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակի վերաբերյալ ներկայացրած տեսլականը, ասաց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները նույնն են: «Այո, համանախագահ երկրները պետք է համագործակցեն և օրինակ ծառայեն, թե ինչպես կարելի է լարված հարաբերությունների իրավիճակում համագործակցել:

Բայց սա բարդ հակամարտություն է, և Սերժ Սարգսյանն արտացոլեց այդ բարդությունը։ Մեծ քաղաքականության մեջ պետք է դիտարկել իրողությունները, մեր վերլուծություններին կարելի է նույնիսկ ուշադրություն չդարձնել, կարևորը դիտարկել իրողությունները, իսկ իրողությունն այն է, որ կան ԼՂ հակամարտության կարգավորման հստակ փաստաթղթեր, իրողություն է այն, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է Եվրասիական տնտեսական միության շրջանակում, եթե խոսքը ռազմավարական գործընկերության մասին է, ի տարբերություն Ադրբեջանի, սրանով էլ կարող ենք բացատրել Ռուսաստանի շահերը, որոնք համընկնում են հայկական շահերի հետ:

ՀՀ նախագահն ի պատասխան ադրբեջանցի դիվանագետի, խոսեց հենց իրողություններից, փաստաթղթերից, թե ինչու, օրինակ, ադրբեջանցի փախստականներն այսօր չեն կարող վերադառնալ Ղարաբաղ, թե ինչպես և ինչ հերթականությամբ պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը և թե ինչպես են Ալիևի հայտարարությունները խոչընդոտում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ընդհանուր առմամբ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀՀ նախագահի գնահատականները նաև սուր էին, նոր նրբերանգներ էին արտահայտված, սակայն միևնույն ժամանակ ի տարբերություն Ադրբեջանի` չափազանց հավասարակշռված են, ինչը ամենաշատն է գնահատվում»,- ասաց Տարասովը:

Նմանատիպ նորություններ

90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․... Համատարած փլուզումն ու դրան զուգահեռ թալան բնորոշվող երևույթը, որի մասին խոսում են վերջին տարիներին, եղել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային 7...
2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...
«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Կրկնում ե... ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։...
Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարնե... https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1024581901072522/ «Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես ն...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով