Մանրամասներ «Գորիսի» բանտի հանցախմբի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացրած քննչական գործողությունների թեմային, հայտնել է.

««Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախնական տվյալներով հստակ երեւում է, որ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ»:

Եվ այսպես` 2017 թվականի հոկտեմբերի 30-ին` ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ էին կատարել, ինչը դատապարտյալների դժգոհության առիթ էր դարձել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջիններս հարվածել են խցերի դռներին եւ կերակրադռնակներին, պատուհաններից եւ կերակրադռնակներից նետել այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային այլ իրեր, կոտրել մի շարք խցերի դռներն ու կերակրադռնակները, հայհոյել եւ հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Կալանավորների այս վարքագծի մասով Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններ:

Ինչու գժվեցին Այն, որ քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են եղել, այլեւս անհերքելի իրողություն է, եւ իրավապահները ընթացք են տվել դատապարտյալների կողմից անկարգություններ հրահրելու գործընթացին, սակայն չմոռանանք ամենագլխավորի մասին. ի՞նչ էր փնտրում կամ ի՞նչ քննչական գործողություններ էր իրականացնում ԱԱԾ-ն Գորիսի քրեակատարողական հիմնարկում, որի արդյունքում կալանավորները ագրեսիվացան:

Մեզ հասած տեղեկություններով` ԱԱԾ-ն տվյալներ է ունեցել, որ կալանավայրում տեւական ժամանակ առանց արգելքների թմրանյութ է մատակարարվում դատապարտյալներին եւ կալանավորներին: Ավելին մեր հայտնի էր դարձել , որ թմրանյութի այս պատմության մեջ ներգրավված է Գորիս քաղաքի բնակիչ` Աննան: Մեզ հասած լուրերի համաձայն` ԱԱԾ-ն Աննայի եւս այս գործով հարցաքննել է եւ այս ամենի արդյունքում հոկտեմբերի 30-ին ստուգումներ էր սկսել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, ինչն էլ զայրացրել էր կալանավորներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԱԾ բացահայտումը Ի վերջո, իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ի՞նչ բացահայտեց ԱԱԾ-ն: «Ժողովուրդ» օրաթերթը ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեց, թե ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով կալանավայրում բունտը հրահրողների թվում են նաեւ ՔԿՀ աշխատակիցները, քանի որ հենց նրանց ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում էր հնարավոր թմրամիջոցներ մատակարարել կալանավորներին:

Գործի նախաքննության արդյունքում հնարավոր է եղել պարզել ՔԿՀ անձնակազմի իրական դերակատարությունը այդ գործընթացում: Եւ ՀՀ տարբեր ՔԿՀ-ներում վերջին աղմկոտ բացահայտումները չե՞ն վկայում արդյոք այն մասին, որ այդ համակարգում ամենահաճախն են ոտնահարվում օրենքն ու իրավունքները:

Ի պատասխան մեր այս հարցադրմանը` ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը պատասխանել էր. ««Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դեռեւս նախաքննություն է ընթանում, ուստի ստիպված եմ մեր ունեցած տվյալները սեղմ ներկայացնել:

Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ գործի նախնական տվյալներով հստակ երեւում է, որ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ:

Բացի այդ` բացահայտվել է եւս 1 մեխանիզմ` «Գորիս» ԲԿ բժշկի կողմից առանձնապես խոշոր չափերով հոգեմետ դեղեր իրացնելու հետ կապված: Նշված գործի շրջանակներում եւ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում, Կապան, Գորիս քաղաքներում տարբեր անձանց բնակարաններում, աշխատավայրերում միաժամանակ իրականացվել են շուրջ 30 խուզարկություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ շուրջ 6000 հատ հոգեմետ դեղեր: Գործի քննության ընթացքում տեղեկություններ են ստացվել նաեւ «Գորիս» ՔԿՀ աշխատակիցների կողմից անազատության մեջ պահվող անձանցից ապօրինի գումարներ ստանալու վերաբերյալ, որի շուրջ նախաքննություն է իրականացվում, եւ այս պահի դրությամբ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 1 պաշտոնատար անձի:

Ներկա դրությամբ նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը` «Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ, 1-ը` «Գորիս» ԲԿ բժիշկ: Նշեմ նաեւ, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում խուզարկությունների կատարմանն անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցները, եւ նրանց պրոֆեսիոնալիզմի արդյունքում է, որ հաջողվել է խուզարկություններն իրականացնել անակնկալ եւ արդյունավետ` հայտնաբերելով խցերում ապօրինի պահվող թմրամիջոցները եւ այլ արգելված առարկաներ:

Գործի արդյունքներով պարզված տվյալներն ամբողջ ծավալով ներկայացվելու են ՀՀ արդարադատության նախարարությանը` հայտնաբերված խախտումները եւ թերությունները վերացնելու, ինչպես նաեւ դրանք թույլ տված անձանց նկատմամբ ծառայողական բնույթի ներգործության միջոցներ ձեռնարկելու համար»: Իսկ որտե՞ղ էր ՔԿՀ պետը Այս իրավիճակում զարմանալի է մեկ բան, թե ուր էր նայում Գորիսի քրեակատարողական հիմնարկի պետ Արտուշ Մաքունցը, երբ իր ղեկավարությամբ գործող հիմնարկում նման իրավիճակ է տիրել:

Միգուցե այս ամենը կատարվել է նրա «թեթեւ» ձեռքո՞վ: Ինչեւէ: ԱԱԾ-ում այս գործով քննությունը շարունակվում է: Նշենք, որ ՔԿ վարչությունում տարածված խոսակցությունների համաձայն` բանտապետին պատասխանատվության չեն կանչի, քանի որ Մաքունցը վաղուց պետք է թոշակի գնար, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա այս բացահայտումը առիթ կլինի՝ նրան թոշակի ուղարկելու գործընթացը արագ կազմակերպելու համար: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա քննությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով