Եթե տան ոսկեղենը տեղում լիներ, 14 տարեկան աղջկա բռնաբարության մասին ծնողները չէի՞ն իմանա. ահասարսուռ դեպքի մանրամասները

Հաշված օրեր անց ազատության մեջ կհայտնվի անչափահասի հետ սոցցանցով ծանոթացած, ապա նրան բռնաբարած երիտասարդը: Գոռ Կ.-ն այդ հանցանքների համար դատապարտվել էր 7 տարի ազատազրկման: 2010 թվականին դեռ 22-ամյա Գոռը և 14-ամյա երկու աղջիկներ հանդիպել էին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում: Անչափահասներից մեկի հետ նա սկզբում հեռախոսային խոսակցություններ էր վարել, ապա սկսել էին հանդիպել, 14-ամյա աղջկան հուզող թեմաների` սիրո և ընկերության մասին էին խոսել:

Ըստ նրա` հանդիպել էին հիմնականում գիշերային ժամերին: Աղջիկը պատճառաբանել էր, թե խիստ ծնողներ ունի, նրանք թույլ չեն տալիս տնից պատեհ-անպատեհ դուրս գալ: Դե, աղջիկն էլ սկսել էր տնից դուրս գալ… կեսգիշերից հետո, երբ տնեցիները քնած էին լինում: Այդպես աննկատ էլ նա դուրս էր եկել 2010 թվականի մայիսի լույս 25-ի գիշերը` ժամը 2-ին, և համաձայնել էր սուրճ խմել Կիրակոսյանի հյուրանոցային համարում: Ըստ աղջկա` ինքը համաձայնել էր, որովհետև «նախկինում որևէ միջադեպ տեղի չէր ունեցել»: Այս անգամ, սակայն, «միջադեպ» եղել էր, այսինքն, ըստ աղջկա` Գոռը բռնությամբ իր հետ սեռական հարաբերություն էր ունեցել:

Գոռը կտրականապես ժխտում էր այս հանգամանքը, նրա վարկածով` գիշերն իր սենյակում միայն սուրճ էին խմել, ինքը աղջկան ընկերաբար խորհուրդ էր տվել խելքը գլուխը հավաքել ու դասերով զբաղվել: Իր ցուցմունքներում Գոռը նշել էր, թե սենյակն ընդամենը 2 մետրի վրա էր գտնվում հյուրանոցի հերթապահի ու պահակային ծառայության աշխատողի սենյակից, եթե աղջիկն աղմկեր, նրանք կլսեին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն աղմուկ լսելուց առաջ նախ պետք է որ հիշյալ ծառայություններն իրականացնողներն աղջկա մուտքը հյուրանոց արգելեին, այն էլ`գիշերվա ժամը 2-ին: Այդ դեպքում չէր կատարվի այն ծանր հանցանքը` բռնաբարությունը: Բռնաբարությունից հետո աղջիկը տուն էր վերադարձել, ըստ իր ցուցմունքների` որոշ վնասվածքներով: Սակայն տնեցիներից ոչ ոք ոչինչ չէր նկատել: Կյանքը շարունակվել էր «բնականոն ռիթմով»:

Աղջիկը ոչ ոքի ոչինչ չէր պատմել: Եվ որպեսզի Գոռն էլ ոչ ոքի ոչինչ չպատմի և իրեն չանվանարկի, նա տնից վերցրել էր ծնողների` 1 միլիոն 700 հազար դրամ արժողությամբ 120 գրամ ոսկեղենն ու հանձնել Գոռին: Փաստորեն, վերջինս, ըստ դատական ակտի, սպառնացել էր աղջկան, թե կհրապարակի տեղի ունեցածը: Եվ աղջիկը ոսկեղենով փորձել էր լռեցնել իր նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդին:

Միևնույն ժամանակ, երիտասարդը խոստացել էր վերադարձնել ոսկեղենը, երբ հնարավորություն կունենար այն գրավատնից վերցնելու: Աղջիկը բռնաբարության մասին խոսել էր, երբ հուլիս ամսին ծնողները հիշել էին իրենց ոսկեղենը և տանը փնտրել ու չէին գտել: Աղջիկը սկզբում ասել էր, թե Գոռը խաբեությամբ է վերցրել ոսկեղենը, ապա պատմել էր բռնաբարության պատմությունը: Հետաքրիր է, որ մայիսին կատարված ու հուլիսին ի հայտ եկած բռնաբարության փաստը ստուգելու համար անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէր: Աղջիկը կույս էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց, ըստ մասնագետների` նրա կուսաթաղանթի անատոմիական կառուցվածքն այնպիսին էր, որ կարող էր սեռական հարաբերություն լինել` առանց կուսաթաղանթի ամբողջականության խախտման: Դատաբժիշկները նաև մարմնական վնասվածքներ չէին հայտնաբերել, քանի որ դեպքից երկու ամիս էր անցել, բացի այդ, դեպքից անմիջապես հետո աղջկա տնեցիներն էլ ոչինչ չէին նկատել: Ստացվում է, որ բռնաբարության համար մեղադրանքը հիմնվում էր հիմնականում տուժողի ցուցմունքի վրա:

Ամբաստանյալն ի սկզբանե չէր ընդունել այդ մեղքը: Չէր ընդունել նաև շորթման մեղադրանքը: Ըստ նրա` աղջկա ծնողների ոսկեղենը տվել էր իր խնդրանքով, միայն` որ օգնի ընկերոջը, նեղ վիճակից հանի: Այնուամենայնիվ, երբ աղջկա հարազատների բողոքից հետո ոստիկանները հանդիպել էին Գոռ Կիրակոսյանին, վերջինս դիմել էր փախուստի ու կալանքի տակ առնվել ամիսներ անց` 2011 թվականի փետրվարի 23-ին:

Աղջիկն «ընկերոջից» լրջորեն հիասթափվել էր ոչ թե բռնաբարությունից ու շորթումից հետո, այլ` երբ իմացել էր, որ Գոռը հանդիպում է նաև իր բարեկամուհու` մեկ այլ 14-ամյա աղջկա հետ: Գոռը վերջինիս հետ ծանոթացել էր նույն սոցիալական ցանցում: Հետո սկսել էր հանդիպել: Այս դեպքում նա պարզապես սիրո խոստովանություններով էր գերել աղջկա սիրտը և, ի պատասխան, պարբերաբար ստացել նրա ծնողների ոսկեղենը, գրավ դրել, հետո գրավից հանել ու վերադարձրել և օրեր անց նորից խնդրել ու վերցրել զարդերը:

Ոսկեղենի շրջապտույտ էր կատարվել` այս աղջկա տնից դեպի Գոռի գրպանն ու անմիջապես դեպի գրավատուն, այնտեղից կրկին` աղջկա տուն և այսպես` մի քանի անգամ: 240 հազար դրամ արժողությամբ ոսկեղենը, ի վերջո, հայտնաբերվել ու վերադարձվել էր աղջկա ծնողներին, իսկ Գոռ Կ.-ին այս դրվագով մեղադրանք էր առաջադրվել խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար:

Կիրակոսյանը հենց միայն այս դրվագով էլ իրեն մեղավոր էր ճանաչում: Հ.Գ. Աղջկա ծնողները, լինելով խստաբարո ու պահանջկոտ մարդիկ, չէին նկատել, թե ինչպես է կեսգիշերից հետո իրենց երեխան դուրս գալիս տնից կամ ինչպես է վերադառնում, ինչ դեպքերից ու բռնարարքներից հետո: Երեխայի բացակայությունները ջրի երես էին դուրս եկել ոսկեղենի փնտրտուքի արդյունքում: Այսինքն, եթե ոսկեղենը տեղում լիներ, բռնաբարության մասին էլ, երևի, ոչ ոք չէր իմանա:

 

 

armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով