«Եթե Սերժ Սարգսյանը չդնի իր թեկնածությունը, ՀՀԿ բյուրոն շատ ավելի մեծ դեր կունենա»

«Հիմնական հարցն այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար կդնի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ։ Դա է պայմանավորելու ամբողջ համակարգի փոփոխությունն ու ընթացքը հետագա տարիներին։

Եթե Սերժ Սարգսյանը չդնի իր թեկնածությունը, ինչպես և խոստացել էր, այդ դեպքում ՀՀԿ բյուրոն շատ ավելի մեծ դեր կունենա, քան մնացած կառույցները, այսինքն՝ կլինի որպես «պոլիտբյուրո», որտեղ որոշումներն ընդունում է Սերժ Սարգսյանը։ Եվ կարևորագույն որոշումները մեծամասամբ կկայացվեն կուլուարներում, իսկ վարչապետը կնիքը կդնի այդ ամենի վրա, որովհետև ամեն դեպքում իր կախվածությունը մեծ է իշխող կուսակցությունից, քանի որ նոր կառավարություն փոխելու և մնացած հարցերը կորոշի Հանրապետականի ղեկավար մարմինը։ Այդ պարագայում կառավարության նիստերը դռնբա՞ց կլինեն, թե՞ դռնփակ, կարևոր չէ։ Կարևոր է, թե որոշումը որտեղ է կայացվում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությանը։

Ըստ նրա՝ եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, այդ ժամանակ որոշումների կայացման կենտրոնը կմնա Բաղրամյան 26-ում, և Հայաստանը, ըստ էության, կրկին կունենա նախագահական համակարգ, որի անունն ուղղակի փոխված է. «Այսինքն՝ նախագահի լիազորությունների մեծ մասն անցնում է վարչապետին, ուղղակի ընտրությունը կատարվում է ոչ թե ժողովրդավարական ճանապարհով, քաղաքացիների ուղիղ քվեարկությամբ, այլ լինում է Ազգային ժողովի որոշումով։

Ինձ թվում է, որ միևնույն է, այս ամբողջի մեխն է՝ լինելո՞ւ է Սերժ Սարգսյանը վարչապետ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ շատ հեռանկարային իմաստով այս հարցերը կարևոր են, բայց մեր երկրում անընդհատ այնքան բան է փոխվում, և, օրինակ, կախված նրանից, թե Սերժ Սարգսյանը կլինի՞ իշխանության ղեկին, թե՞ ոչ, կամ ո՞ր դիրքում կլինի, դրանից կախված՝ մոտակա առնվազն 4 տարին է որոշիչ լինելու։ Կարծում եմ՝ նա ամեն դեպքում կլինի, և իշխանության մեծ մասն իր ձեռքում կմնա՝ կա՛մ Հանրապետականի փակ համակարգի մեջ, կա՛մ մի քիչ ավելի բաց ու տեսանելի վարչապետի պաշտոնում։ Եվ մնացած հարցերն ինձ համար երկրորդական են։

Ինձ մտահոգում է այն, որ այս հարցի հետ, կարծես, համակերպվում են մեր քաղաքական ուժերը, որ՝ ինչո՞ւ ոչ, կարող է և Սերժ Սարգսյանը լինել վարչապետ։ Սակայն, իմ կարծիքով՝ դա քաղաքական գործչի ամենահիմնական սկզբունքներին հակասող հարց է, և, եթե մի բան խոստանում ես, պետք է անես։ Լա՞վ է, թե՞ վատ, բայց եթե մի բան խոստանում ես, ուրիշ բան՝ անում, դա ամբողջ քաղաքական համակարգը քայքայում է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով