«Քաղաքային տրանսպորտի և տաքսու սակագները չեն բարձրանա. կթանկանան միջմարզային տրանսպորտի սակագները». Բաբկեն Պիպոյան

«Թանկացումների վերաբերյալ բողոքները, ցավոք սրտի, անհույս շատ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ բողոքները ոչ թե առարկայական գալիս են՝ փաստելու, որ քաղաքացին ունի դժգոհություն, այլ՝ քաղաքացին ունի մեծ մտավախություն. «Որովհետև նախորդ տարեվերջին տեսանք, թե գնաճի ինչ մեծ ալիք եղավ, և նոր տարին էլ սկսվեց հեղուկ գազի և դիզվառելիքի թանկացումներով: Բնականաբար, շատերը կարծում են, որ սա կարող է ունենալ նաև հետևանք՝ այլ ծառայությունների կամ ապրանքների գների գոյացման հարցում: Իրականում դժգոհություն կա և՛ դիզվառելիքի, և՛ գազի թանկացումից, բայց նաև կա մեծ մտավախություն, որ սա ունենալու է շարունակական բնույթ»:

Հարցին, թե կա՞ ապացույց, որ այդ թանկացումներն արդեն ազդել են նաև այլ ծառայությունների կամ ապրանքների գների վրա՝ Բ. Պիպոյանն այսպես պատասխանեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ապացույցի կարիք չկա: Կան ծառայություններ, որոնց ինքնարժեքում դիզվառելիքն ու հեղուկ գազն ունեն մեծ ազդեցություն, մասնավորապես՝ տրանսպորտային ոլորտում: Օրինակ, բիզնեսի կողմից որքան էլ ցանկությունը մեծ լինի՝ տաքսի ծառայությունների ոլորտում գնի թանկացման գնալ, այստեղ ինչ-որ զսպող բաներ կան, օրինակ, մեծ մրցակցությունը, նոր օպերատորների գալը, նաև կյանքի սոցիալ-տնտեսական պայմանները և գումար վաստակելու բարդությունները: Տաքսու վարորդի միջին վարձատրությունը մեր երկրում (որքան էլ վարորդը դժգոհ լինի) նվազագույն աշխատավարձից կամ անգամ պետական որոշ պաշտոնյաների իրական աշխատավարձից բարձր է:

Այս տեսանկյունից՝ շատերը չեն թանկացնի, որպեսզի հանկարծ չզրկվեն հանապազօրյա հացի գումարներից: Մյուս կողմից՝ նաև կա հասարակության անվճարունակության խնդիրը, եթե տաքսու գինը թանկանա, կնվազեն պատվերների քանակները, և, ի վերջո, վարորդն էլի չի աշխատի այն գումարը, ինչ աշխատում է այսօր: Սա կհանդիսանա զսպաշապիկ, որպեսզի տաքսին չթանկանա»:

Բ. Պիպոյանը գտնում է՝ քաղաքային տրանսպորտը ևս չի թանկանա առաջիկայում, քանի դեռ չի դրվել նոր տրանսպորտային ցանցի մոդելը. «Դրան հակառակ՝ միջքաղաքային տրանսպորտը կթանկանա, և ավելին, մի քանի օրվա մեջ արդեն ունեցել ենք գծեր, որոնք թանկացել են, օրինակ, Հրազդան-Երևանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր այն հարցին էլ, թե տրանսպորտային թանկացումներից բացի՝ ուրիշ ի՞նչ ծառայությունների գներ կթանկանան՝ Բ. Պիպոյանը պատասխանեց, որ որոշակի ծառայությունների մեջ, որտեղ գազ կամ դիզվառելիք շատ է օգտագործվում, բնականաբար, ինքնարժեքների փոփոխություն կարող է տեղի ունենալ:

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով