«Ճվճըվ Արոյի» անուղղելի որդու մասնակցությամբ Երևանում աղմկահարույց ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մյուս ՃՈ աշխատակիցը նույնպես մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր կեսօրին Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 04:10-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, կասկածյալ Սարգիս Վարդանյանը մեծ արագությամբ բախվել էր ոստիկանական Toyota-ին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկներով: Պարզվել էր, որ նշված խաչմերուկում բախվել էին BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի և Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Երևանի բնակիչ, 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր:

Toyota-ի ուղևոր՝ 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:

BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել էր ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին և հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը, ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր վարչության պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Գեղամ Գալստյանը: Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ BMW X 6-ի մեջ հայտնաբերվել էին մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական, և ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան վարել էր հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» անուղղելի ճիվաղ, «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «ժողովրդի ջանին կույր աղիք դարձած» ստահակին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասել էին, որ վիրավոր Խ. Գասպարյանը օրեր առաջ է երեխա ունեցել:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև «Երքաղլույս» և «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնեել էր, որ մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ էին եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում: «Ճվճըվ» Արոյի անուղղելի որդին՝ քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված, «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի

 

 

 

 

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով