«Հետիս անձն ա վարկաբեկված»․ Ճըվճվ Արոյի որդու ընկերը՝ նրա մասին. Սերժը դատարան չբերվեց․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը (մականունը՝ Սերժուլիկ) երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չբերվեց:

Այս դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ գործով դատական նիստը: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Սարյան փողոցով երթեւեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը` որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Նիստը սկսվեց առանց Սերժ Վարդանյանի. դատարան էր ներկայացել միայն ամբաստանյալներից Ռոբերտ Հայրապետյանը: Սերժ Վարդանյանի հարազատներից եւ ոչ ոք դատարան չէր եկել, իսկ նրա պաշտպանն էլ տեսնելով լրագրողներին զարմացավ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիստը սկսվելուն պես նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Սերժ Վարդանյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել, որը չի կատարվել: Դատավոր Գագիկ Պողոսյանը դիմելով Սերժ Վարդանյանի պաշտպանին ասաց, որ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Սերժ Վարդանյանն այլ գործի շրջանակներում կալանավորվել է. «Մտավախություն կա, որ նա կալանքի տակ է»,- ասաց դատավորը՝ պաշտպանից հետաքրքրվելով, թե ի՞նչ գործի շրջանակներում է նա կալանավորվել: Պաշտպանը հայտարարեց, որ տեղյակ չէ, միայն գիտի, որ ներկայումս իր պաշտպանյալը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն էլ առաջարկեց դիմել ՀՀ քննչական կոմիտեին՝ Վարդանյանի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին տեղեկանալու համար:

Նիստից հետո գործով դատախազ Տիգրան Ենոքյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է գործը երեք տարի քննվում, դատախազը, սակայն հարցին չպատասխանեց՝ խորհուրդ տալով դիմել լրատվական բաժին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սույն գործով ամբաստանյալ Ռոբերտ Հայրապետյանը նիստից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Ես նույնիսկ մեքենայից դուրս չեմ եկել, ուր մնաց ծեծի ենթարկեմ, զապիսները հանեք, նայեք»,- ասաց նա: Գործով ամբաստանյալն ասաց, որ ինքը Սերժ Վարդանյանի ընկերը չէ, պարզապես նույն դպրոցում են սովորել: Հարցին, թե ինչո՞ւ է գործը երեք տարի քննվում, ո՞րն է ձգձգելու պատճառը, Հայրապետյանը պատասխանեց. «Խնդիրն այն է ուղղակի, որ հետիս մարդն ա վարկաբեկված, եթե իր անունը չլիներ, կարող ա գործ անգամ չհարուցվեր»: Հայրապետյանն ասաց, որ գործով տուժող Շանթ Մարգարյանը Հայաստանում չի բնակվում: Ըստ նրա՝ տուժողը առաջին նիստին եկել եւ հայտարարել է, որ բողոք չունի. «Եթե իր ցուցմունքներն էլ տեսնեք, կհասկանաք»,- ասաց նա: Հավելելով, որ արդեն երեք տարի է չի կարողանում երկրից բացակայել, քանի որ իր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Թեեւ սույն գործի շրջանակներում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն Սերժ Վարդանյանը մեկ այլ դրվագով՝ խուլիգանության եւ կողոպուտի գործով այժմ գտնվում է կալանքի տակ: Նա կալանավորվեց այն օրը, երբ նրա ավագ եղբայրը դարձավ երկու ՃՈ տեսուչի կյանք խլած ավտովթարի մասնակից: Այս ողբերգական վթարից հետո էլ Սերժ Վարդանյանի խուլիգանության գործը երեք տարի անց հայտնվեց ուշադրության կենտրոնում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լուսանկարը ՝ Գագիկ Շամշյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով