«Փոխանակ ներկրողին դատեին, որը հանցագործ էր, ժողովրդին էին դատում». Հրաչ Բերբերյան

2017թ. դեկտեմբեր ամսին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սերմացուների խնդրի մասին խոսելիս ասել էր, որ էլիտար ցորենի պարտքերը ներվելու են. «Հին պարտքերն առաջիկա երկու շաբաթների ընթացքում զիջվելու են»։

Նախարարի հայտարարությունից օրեր անց կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ 2011-2016թթ. սերմերի ու 2015-2016թթ. պարարտանյութերի համար գյուղացիների պարտքերը ներելու որոշումը: Աշնանացան ցորենի, գարու սերմի պարտքը կազմել է 591.1 մլն դրամ, պարարտանյութի պարտքը՝ 165.2 մլն դրամ։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ հետևյալն ասաց.

«Շատ լավ բան են ասում, որ այդ պարտքերը ներում են, մանավանդ, որ գյուղացին այստեղ մեղք չունի։ 2011 թվականին ներկրված ցորենի որակը խայտառակ վիճակում էր, դրա կեսը եղել է պարենային ցորեն, այլ ոչ թե՝ սերմացու։ Եվ 205 ընտանիքի Գյուղնախարարությունը դատի տվեց, որ այդ գումարները վերականգնի։ Փոխանակ ներկրողին դատեին, որը հանցագործ էր, ժողովրդին էին դատում. շատ հետաքրքիր պետություն ենք։ 2011 թվականից հետո ներկրվածները, համեմատաբար, որակով ավելի լավն էին, բայց էլի չէին համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Բայց հիմնական պրոբլեմը գալիս է 2011 թվականից։ Այդ ժամանակ, օրինակ՝ Արտաշատում, Աշտարակում գյուղացիները դատը հաղթել են, բայց հետո Վերաքննիչ դատարանում պարտվել են, և այդ գումարները պետք է վճարվեին»։

Հ. Բերբերյանը նաև նկատեց՝ նախորդ տարվա ներկված գարին էլ եթե փորձեն դուրս գրել՝ առանց հանցագործներին բացահայտելու, իրենց միավորումն այդ գործն այդպես չի թողնի.

«Ես գիտեմ, որ վերաքննիչ աշխատանքը շատ հետևողական աշխատանք է տարել, այդ սերմացուն փչացել է պահեստներում»,- ասաց նա։

Հաղորդաշարի ժամանակ գյուղատնտեսության նախարարը նաև նշել էր, որ Գյուղնախարարությունը 2017թ. ցորենի սերմացու չի ներմուծել, և ամբողջ աշնանացանն իրականացվել է տեղական արտադրության սերմով։

Հ. Բերբերյանից հետարքրքվեցինք, թե ցորենի արտադրությունը Հայաստանում ինչպե՞ս է գնահատում։ Ի պատասխան՝ նա ասաց, որ սերմաբուծության օրենքների համաձայն՝ սերմաթարմացումը, սորտափորձարկումը կարևոր ատրիբուտներ են՝ միջին բերքատվության բարձրացման համար.

«Ես չգիտեմ՝ նախարարը դրա մասին գիտի՞, թե՞ ոչ, բայց եթե մենք սորտափորձարկումներ չանենք, նոր սորտեր չփորձարկենք, որը 2-3 տարվա աշխատանք է պահանջում, և չտեղայնացնենք այդ սերմերը Հայաստանում, որովհետև 100 տեսակից 10-ը կարող են համակերպվել Հայաստանի բնակլիմայական պայմաններին, դրա մասին խոսել չենք կարող։ Բնականաբար, սերմաթարմացումը կարևորագույն ուղղություն է՝ հանրապետությունում կայուն բերք ունենալու համար։ Առանց նախարարության էլ մենք կարող էինք դա խթանել.  մի քանի փորձառու ֆերմերների անտոկոս վարկեր տայինք, մարդիկ այդ աշխատանքը կատարեին, տեղայնացնեին այդ սորտերը։ Սա մասնավորի գործընթաց է, և նախարարությունը պետք է միայն հովանավորի այդ աշխատանքը, այլ ոչ թե քիթը խոթի դրա մեջ»։

Հ. Բերբերյանի խոսքով՝ ցորենի հարցում 30-50%-ով Հայաստանը կարող է ինքնաբավ լինել.

«Բայց ցորենն էժան և քիչ շահութաբեր կուլտուրա է, և մենք մշակել ենք այն թանկարժեք կուլտուրաները, որոնք միջազգային շուկայում մեզ սպասում են, և դրանցով դուրս գանք միջազգային շուկա, գումար աշխատենք։ ՌԴ-ն անսահմանափակ ցորեն ունի, կարող ենք բերել՝ մեր հացի հարցը լուծել։ Բանջարաբոստանային կուլտուրաները կարող ենք զարգացնել, դրանց բավականին թանկ են։ Օրինակ՝ եթե մենք մի քանի տարի առաջ 8-10 հազար տոննա սոխ էինք ներկրում, հիմա դրա կեսն ենք ներկրում, որովհետև մեր ֆերմերները սկսեցին մշակել, հատկապես՝ Արարատյան դաշտում, և պարսկական սոխի ներկրումը պակասեց։ Մենք մեր համար կարող ենք թանկարժեք կուլտուրաներ արտադրել, բայց դա չի արվում, որովհետև ուղեղները չի հասնում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով