Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ:

Ողջունելով Կարեն Կարապետյանին՝ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ ուրախ է հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին և այստեղ քննարկելու մոտ ապագայում շվեյցարական պատվիրակության Հայաստան կայանալիք այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Մենք գնահատում ենք ձեր անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում. դա վերաբերում է և՛ Ցեղասպանության ճանաչմանը, և՛ Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշմանը, և՛ մի շարք այլ հարցերի», – ասել է Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, հարկային, մաքսային, գյուղատնտեսության և մի շարք այլ որորտներում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները՝ ընդգծելով, որ անցած տարի հիմնական տնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել և վստահություն է հայտնել, որ այդ միտումները շարունակական են լինելու:

Կարեն Կարապետյանը հատկապես շեշտել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 3,5 անգամ՝ միաժամանակ նշելով, որ առկա է այն զարգացնելու մեծ ներուժ:

Կողմերը քննարկել են առևտրական պալատի ստեղծման, ինչպես նաև՝ գինեգործության, խելացի գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության և նշված ոլորտներում շվեյցարական բիզնեսի ներգրավման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով