Պռոշյան գյուղում նորածին երեխային ծառի տակ թողած կինը ուսուցչուհի է

ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել եւ տեղեկացրել, որ բացահայտվել է ամիսներ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ երեխային թողած մոր ինքնությունը: Նշվել էր, որ պարզվել են դեպքի հանգամանքները, եւ երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել:

Այսօր մեզ հաջողվեց կատարվածի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել: Ըստ այդմ, 36-ամյա կինը, որն աշխատում է որպես ուսուցչուհի, սկզբում հերքել է, թե ինքը կապ ունի երեխայի հետ: Բայց դա հաստատվել է տարբեր փորձաքննությունների ու նաեւ ԴՆԹ հետազոտության արդյունքում: Ի վերջո, կինն ընդունել է, որ Պռոշյան գյուղում թողնված նորածինն իրենն է: Դրանից հետո էլ նա ցուցմունք է տվել ու ներկայացրել մանրամասները: Ինչպես մեզ հայտնի դարձավ, նախատեսվում է այս գործով մեղադրանք առաջադրել նաեւ մի շարք այլ անձանց: Երեխայի ծնունդը տան պայմաններում ընդունել է բուժաշխատող, ինչն ապօրինի արարք է: Բացի այդ, կինը նորածին երեխային լքել է մերձավորների ճնշման տակ:

Երեխային Պռոշյան գյուղի տներից մեկի այգում թողած կնոջ նկատմամբ, ինչպես տեղեկացրել էր Քննչական կոմիտեն, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դրանում ասվում է. «Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել եւ պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով (100 հազարից 150 հազար դրամ-խմբ.) կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

Նորածինը Պռոշյան գյուղում գտնվել էր նախորդ տարվա օգոստոսին: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետեւ՝ մանկատուն: Աղջնակը դեռեւս այդ հաստատությունում է: Նրան պատրաստվում են որդեգրել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, պատասխանելով մեր հարցմանը, ասաց. «Գործը դատարանում է: Պետական բոլոր մարմինները անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրել են քաղաքացուն, եւ նա որդեգրման վերաբերյալ դիմումը ներկայացրել է դատարան: Երբ որ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնի, այդ քաղաքացին երեխային կտանի տուն: Երեխան իրեն լավ է զգում, որդեգրել ցանկացողը հաճախակի այցելում է նրան»:

Լենա Հայրապետյանը պարզաբանեց, որ դատարանի վճիռն արդեն կա: Բայց թե երբ այն ուժի մեջ կմտնի, մեր զրուցակցին հայտնի չէր: «Ես չգիտեմ՝ երբ է եղել վճիռը, բայց սովորաբար այն ուժի մեջ է մտնում տասը օրից մինչեւ երկու ամիս ժամկետում»,- ասաց նա:

Մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծնողը կարող է դիմել եւ հետ վերցնել իր երեխային: «Նախ պետք է ինքը կարողանա արդարացնել իրեն, որ երեխային ծառի տակ է թողել գնացել: Եթե իրեն ծնողական իրավունքից չզրկեն, ուրեմն կարող է երեխային հետ վերցնել: Ինքը դեռեւս իր ծնողական իրավունքը վիճարկելու հնարավորություն ունի»,- նկատեց նախարարության պաշտոնյան:

Ուշագրավ է, որ երեխային որդեգրել ցանկացող քաղաքացին նույնպես Կոտայքի մարզից է եւ դարձյալ ուսուցչուհի: «Նա ունի կենսաբանական երեխա, նաեւ խնամատար ծնող է»,- հավելեց Լենա Հայրապետյանը:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 31-ի համարում:

 

 

Armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով