«Պատահական չէր, որ ԵԽ ԽՎ-ում նախագահի ելույթից ժամեր անց Ադրբեջանը հերթական անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձը կատարեց». Կարեն Վերանյան

«ԵԽ ԽՎ-ում թուրք պատվիրակի հարցադրումը՝ հայ-թուրքական հարաբերությունների, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, պրովոկատիվ բնույթ էր կրում։ Թուրք և ադրբեջանցի պատվիրակները համատեղ ջանքերով փորձում էին տարբեր ուղղություններով ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը։

Փորձագետի խոսքով՝ Սերժ Սարգսյանը կոնկրետ մեսիջներ հղեց առ այն, որ հայ-թուրքական արձանագրությունների իրավական մասում որևէ ձևակերպում չկա, որ կողմերը պետք է ինչ-որ նախապայմաններ առաջ քաշեն, փորձեն այդ նախապայմաններով հարաբերություններ հարթել. «Հերթական անգամն էր այդ մասին բարձրաձայնում, բայց կարևոր էր, որ նման միջազգային ատյանում իրավական գնահատական տրվի առ այն, որ Թուրքիայի նպատակն ի սկզբանե նախապայմանների լեզվով խոսելն էր։ Նախագահն էլ շեշտեց, որ մինչ փաստաթուղթ ստորագրելն են պայմանների և նախապայմանների մասին խոսում, առկա հարցերը լուծում։ Եթե դրանից հետո նախապայմաններից են խոսում, ապա ակնհայտ է, որ չի կարող դրական ելք լինել երկկողմ հարաբերությունների տեսանկյունից»։

Հետևաբար, ըստ Կարեն Վերանյանի՝ ինչպես դեռ ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվելու. «Հայկական կողմն արդեն իսկ լուրջ հետքայլ է կատարում՝ արձանագրությունների իրավական ուժը դադարեցնելու և այն առոչինչ ճանաչելու ուղղությամբ։ Հետդարձի ճանապարհ չկա այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կողմը չի եկել այն եզրահանգման, որ Հայաստանի հետ պետք է առանց որևէ նախապայմանի գնալ երկխոսության, որևէ կերպ այդ հարցը չպայմանավորելով հայ-ադրբեջանական հարաբերություններով, մասնավորապես՝ արցախյան հիմնախնդրով։ Այլ տարբերակ չկա։ Թուրքիան պատրաստ չէ շրջափակումից հանել Հայաստանը, չեմ կարծում, որ այս պահին դա նրան ձեռնտու է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանների բացումը լուրջ տնտեսական, ռեգիոնալ հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակի ագրեսիվ հարցադրմանը, փորձագետը նշեց, որ ելույթի ոճը, ագրեսիվությունը վիրավորական, ոչ հարգալից էր. «Այդ պատվիրակը հարց էր ուղղում թեկուզ թշնամի երկրի նախագահին և պետք է ավելի զուսպ լիներ, պահպաներ միջազգային դիվանագիտական տարրական նորմերը, մանավանդ, որ նման ատյաններում հանդես են գալիս այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ղեկավարներ։ Նրա հարցադրումը շատ հետաքրքիր էր՝ կապված Խոջալուի դեպքերի հետ․ ադրբեջանցիները տարբեր ատյաններում շարունակում են նման ձեռագրով ելույթներով հանդես գալ՝ կենտրոնանալով արցախյան հիմնախնդրի, հայկական կողմից «տարածքների զավթման» վրա։

Ադրբեջանցի պատվիրակը ցույց տվեց իրենց երկրի հայատյացությունը. նրանց երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը հիմնվում է հայատյացության գաղափարի վրա»։

Ըստ փորձագետի՝ Սերժ Սարգսյանը կառուցողական պատասխան տվեց թե՛ Խոջալուի մասով, թե՛ Ադրբեջանի քաղաքականության հարցերի հետ կապված. «Ագրեսիվ ելույթներն ու կոչերը բնորոշում են Ադրբեջանի իշխանությունների դիրքային թուլությունը․ լուրջ թերարժեքության բարդույթ ունեն, որը խորանում է։ Այդ ուժի կիրառման սպառնալիքներն ապրիլյան պատերազմի միջոցով ռեալիզացվեցին, և պատահական չէր, որ ԵԽ ԽՎ-ում նախագահի ելույթից ժամեր անց Ադրբեջանը հերթական անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձը կատարեց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա խոսում է այն մասին, որ հույսեր չպետք է ունենալ, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով ադրբեջանական կողմից փոփոխություններ կլինեն։ Կարող են բանակցություններում որոշակի պայմանավորվածություններ լինել, բայց թե որքանով դրանք կիրականացվեն, որքանով դրական արդյունքներ կբերեն այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմն անընդհատ փորձում է այդ պայմանավորվածությունները խախտել և նման հանդիպումներից հետո կամ առաջ անպայման դիմում է նման արկածախնդրության, սա է խնդիրը։ Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս բարձրացնենք մեր Զինված ուժերի մարտունակությունը, այլ տարբերակ չկա»։

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով