Նոր նախագահի դիմանկարը. «Առավոտ»

Загрузка...

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գործող նախագահ Սերժ Սարգսյանը թվարկել է այն հատկությունները, որոնցով պետք է օժտված լինի հաջորդ նախագահը, որի գործառույթները ամրագրված են նոր Սահմանադրությամբ:

Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի նշած չափանիշները կարեւոր են՝ լեզուներ իմանալը, ճանապարհ անցնելը, Հայաստանում եւ Սփյուռքում հեղինակություն, միջազգային կապեր ունենալը, անկողմնակալ, ապակուսակցական լինելը (հավանաբար, դա՛ նկատի ուներ նախագահը, երբ խոսում էր քաղաքականությամբ չզբաղվելու մասին)՝ այդ ամենն, իհարկե, էական է:

Բայց եթե ես որոշեի, թե ով պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը նոր՝ չափազանց սահմանափակ, բայց, միեւնույն է, պետության համար կարեւոր գործառույթներով, ես կմտածեի ավելի շուտ մարդկային հատկանիշների մասին:

Իշխանությունը Հայաստանում սիրված չի՝ այդպես է պատմականորեն դասավորվել, իհարկե, նաեւ իրենց՝ իշխանությունների մեղքով: Այդպես է եղել 25 տարի, եւ ես խիստ կասկածում եմ, որ 10 կամ 20 տարի հետո կլինի որեւէ կառավարություն, որի հասցեին Հայաստանի շարքային քաղաքացին չի ասի այն նույն բառերը, որոնք հնչում էին անցած քառորդ դարի ընթացքում:

Հիմա հնարավորություն կա ստեղծելու մի ինստիտուտ, որն այդ անեծքներից եւ հայհոյանքներից դուրս կլինի՝ մարդ, որին մեր քաղաքացիները սիրում եւ հարգում են այնպես, ինչպես վրացիներն են հարգում իրենց հոգեւոր առաջնորդին, կամ անգլիացիները՝ իրենց թագուհուն: Բայց եթե նոր նախագահը լինի մեզ հայտնի «նոմենկլատուրայից»՝ «պադավատներ», «ախրանաներ», դղյակներ, բիզնեսներ եւ այլն, ապա նրան չի օգնի թեկուզ 10 լեզու իմանալը, միեւնույն է՝ նա ընկալվելու է որպես իշխանական բուրգի մի մաս եւ ոչ թե որեւէ լավ բանի խորհրդանիշ:

Դուք գուցե կասեք, որ մեզ ոչ մի խորհրդանիշ էլ պետք չէ, մեզ պետք են պարզապես ազնիվ պաշտոնյաներ, ազնիվ ոստիկաններ, ազնիվ դատախազներ եւ այլն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...