«ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, ակտիվիստի դիմացի հարևանի հետ կարող եք պայմանագիր կնքեք և ամբողջ տունը, գրասենյակը վերցնեք տեսանկարահանման տակ». Նիկոլ Փաշինյան

«Այս նախագծից տպավորություն է ստացվում, որ այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, ակտիվիստի դիմացի հարևանի հետ կարող եք պայմանագիր կնքեք և ամբողջ տունը, գրասենյակը վերցնեք տեսանկարահանման տակ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են անշարժ տեսաձայնագրման և լուսանկարահանման տեխնիկա տեղադրել հանրային վայրերում, ինչպես նաև շարժական տեխնիկա տալ ոստիկաններին:

Ն. Փաշինյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին խնդրեց ցույց տալ, թե օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանները կարող են իր նշած գործողությունները կատարել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չեմ կարծում, որ նման նկատառում երբևէ եղել է կամ կլինի ոստիկանության ծառայության առջև դրված, և չեմ կարծում, որ դա այնպես է, ինչպես դուք ասացիք: Մենք ունենք հնարավորություն օպերատիվ միջոցներով տեսանկարահանում կատարելու, եթե նման խնդիր լիներ դրված: Ի՞նչ է նշանակում՝ ամեն մի հարևանի կամ խանութի դիմաց դնել նման սարքեր: Բացի դրանից, մեր նախագծում կա մասնավոր սեկտորի հետ աշխատելու սկզբունքը, այստեղ ասվում է՝ միայն պայմանագրային հիմքով և նրանց համաձայնությամբ»,- նշեց Վ. Եղիազարյանը:

Իր ելույթում Ն. Փաշինյանը բացատրեց, թե ինչո՞ւ է իշխանության համար այս համատարած տեսախցիկների ներդրման հարցն այսքան կարևոր.

«Շատ պարզ պատճառով, որովհետև դիմացն ապրիլ է գալիս: Իշխանությանը պետք են երաշխիքներ՝ իմանալու ոչ միայն, թե այս հատվածի պատգամավորներն ինչ են անելու, այլև թե մյուս հատվածի պատգամավորներն ինչ են անելու: Չմտածեք, թե միայն մեր տների, ավտոների, օֆիսների պատերին են կախելու, ձեր վրա էլ են կախելու: Այնպես որ, մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ՝ ժպտացեք և անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, քանի որ ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով