Ինչ նրբերանգներ կարող է մտցնել նոր նախագահը ՀՀ արտաքին քաղաքականության հարցում

ՀՀ չորրորդ նախագահի հիմնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի հնարավոր ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում լայն քննարկումների առարկա է դարձել հայաստանյան փորձագիտական հանրության շրջանակում: Ոմանց կարծիքով՝ նրա անձի ընտրությունը նախագահի պաշտոնի համար խոստանում է ՀՀ արտաքին քաղաքական փոփոխություններ՝ չնայած նախագահի պաշտոնի լիազորությունների սահմանափակությանը: Հայաստանյան փորձագիտական համայնքը սպասվելիք դրական փոփոխությունները պայմանավորում է այն դիվանագիտական փորձով, կապերով, որ ունի Արմեն Սարգսյանն Արևմուտքում: Այս ամենը չի կարող չկարևորվել նաև՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները` ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Եվրամիության հետ զարգացվող համագործակցությունը, Արցախյան հիմնախնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները:

«168 Ժամի» հետ զրույցում Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ բոլոր ղեկավար պաշտոններում, առավել ևս՝ նախագահի, լինի դա նախագահական, թե կիսանախագահական, թե խորհրդարանական կառավարման համակարգ, կարևոր է փորձառու քաղաքական գործիչների նշանակումը կամ ընտրությունը: Ըստ նրա՝ քաղաքական գործչին հավելյալ վարպետություն ու հմտություն են հաղորդում ոչ միայն գիտելիքը, փորձառությունը, այլև կապերը, որ նրանք ունեն այլ երկրներում:

«Ցանկացած քաղաքական գործչի դեպքում այդ որակները խրախուսվում են, կարևոր են, բայց, բնականաբար, առավել կարևոր են այն լիազորությունները, որոնք նրանք ունեն, դրանք են գործիչներին ազդեցություն տալիս»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը՝ շարունակելով, որ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելիք անձը, չնայած իր որակներին, ունենալու է շատ նվազ հնարավորություններ, կատարելու է Խորհրդարանի և վարչապետի հանձնարարականները: «Ես լավատես չեմ, թե ՀՀ նախագահի անձի ունեցած որակներն էական դերակատարություն են ունենալու, քանի որ ականատես եմ եղել կառավարման նման համակարգերում նախագահների գործունեությունների, որոնց սահմանները բավականին աղքատիկ են: Սակայն չի բացառվում հակառակ պատկերը, եթե նախագահի անձն ազդեցիկ, ընդունելի կերպար է իշխանության համար, որի հետ խորհրդարանը և վարչապետը կաշխատեն հաճույքով: Բնականաբար, այս դեպքում նրա դերը էլ ավելի կմեծանա, այսինքն` այն դեպքում, երբ վարչապետը հաշվի նստի նախագահի կարծիքի հետ, գուցե դա տեղի ունենա կուլիսներում, բայց կունենա ազդեցություն նախագահի պաշտոնի ընկալման հարցում: Այդ դեպքում, նախագահի անձը ձևական չի լինի»,- ասաց բրիտանացի վերլուծաբանը:

Նրա խոսքով, կարևոր է լինելու, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, քանի որ նա է կայացնելու բոլոր կարևոր որոշումները, իսկ նախագահը դրանք պետք է հաստատի: «Նախագահը նման համակարգերում ունենում է ազատություն ինչ-որ քայլեր կատարելու, բայց դրանք մեծ հնչեղություն և ազդեցություն չեն ունենում, քանի որ ոչինչ չեն նշանակում: Սակայն կրկնեմ, որ քաղաքական գործչի բարձր որակները շատ կարևոր են նաև այդ պաշտոնում»,- ասաց Մաքֆարլեյնը: Անդրադառնալով Հայաստանում զարգացող գլխավոր հարցին, թե ով է լինելու Ղարաբաղյան հարցով գլխավոր բանակցողը` բրիտանացի փորձագետը նշեց, որ բանակցողը կարող է լինել նախագահի կամ վարչապետի կողմից լիազորված գործիչ, դիվանագետ: «Սակայն Ղարաբաղյան բանակցությունների ամենակարևոր փուլերը սովորաբար վարում են նախագահները՝ գործընթացին կարևորություն հաղորդելու նպատակով, քանի որ նաև նրանք են որոշում կայացնողները: Իմ կարծիքով՝ վարչապետի ընտրությունից հետո Ղարաբաղյան բանակցությունները կվարի վարչապետը՝ որպես որոշումներն ընդունող անձ, երկրի ղեկավար, նա նաև իր պաշտոնով կլինի հավասարազոր Ադրբեջանի նախագահի պաշտոնին: Ընդունված չէ նախագահի մակարդակով բանակցություններում ընդգրկել ավելի ցածր պաշտոն ունեցող գործչի, թեև տեսականորեն դա հնարավոր է: Բայց Ղարաբաղյան բանակցությունների բարդ ընթացքը հաշվի առնելով, կողմերի միջև մրցակցությունը բոլոր ոլորտներում հաշվի առնելով՝ վարչապետի թեկնածությունից բացի, բանակցողի համար այլ թեկնածություն չեմ պատկերացնում»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը:

«168 Ժամի» հետ զրույցում լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքական փոփոխություններ չի ակնկալում ամենևին, քանի որ իշխանության փոփոխություն չի նշմարում: Ավելին, նրա դիտարկումների համաձայն, կառավարման մոդելի փոփոխություն տեղի ունեցավ իշխանության պահպանման համար, քանի որ կառավարման մոդելը կապ չունի ժողովրդավարության հետ: «Կարելի է բերել խորհրդարանական և նախագահական կառավարում ունեցող հաջողակ երկրների օրինակներ, կառավարման որակը կախված է իշխող ուժի քաղաքական կամքից միայն: Եթե իշխանության փոփոխություն տեղի չի ունենում, ապա արտաքին քաղաքական փոփոխություններ ևս կարիք չկա ակնկալելու: Կարծում եմ՝ նախորդ փուլի ուղենիշերը կշարունակվեն նոր վարչապետի և նախագահի օրոք, այս դեպքում բոլոր որոշումները լինելու են վարչապետի ձեռքում»,- ասաց Զաշտովտը: Խոսելով Ղարաբաղյան հարցով բանացողի մասին` լեհ վերլուծաբանն ասաց, որ իր կարծիքով՝ գլխավոր բանակցողը կլինի հենց վարչապետը: «Ես կարծում եմ՝ այդ պաշտոնում երկրի ղեկավարի անձի փոփոխություն չի լինելու: Ուստի այն համոզմանն եմ, որ վարչապետն էլ կշարունակի բանակցությունները»,- նկատեց Զաշտովտը: Վերջինիս խոսքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում փոփոխություններ ևս չեն լինի: «Հայաստանը ոչ շատ հավակնոտ փաստաթուղթ է ստորագրել Եվրամիության հետ, պետք է վավերացնի այն, ինչ փոփոխություն կարող է լինել»,- ասաց նա:

Նմանատիպ նորություններ

«Մեր աչքի առաջ արկածախնդիր կարերիստները քանդում են... Անցումային արդարադատության կիրառումը ամենամեծ և դաժան հարվածն է լինելու Հայաստանի պետականությանը, և այս հակապետական պրոյեկտի բոլոր հեղինակներն ու ...
«Իմ ունեցած ինֆորմացիայով՝ Մարտի 1-ին զոհվածների հ... Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է. «Հիմա Մարտի 1-ի քայլարշավին ովքե՞ր են մասնակցում, բացի լևոնականերից ու քայլիստներից: Դեռևս ոչ մի քաղաքական ուժ...
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2... Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա: Դա արտացոլ...
«Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականաց... «Ժամանակ» թերթը գրում է. «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նրանց որոշ ներկայ...
«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». ... Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցությանն առաջարկել՝ քննարկել առաջիկա ընտրությունների...
«Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես ՀՀ նորա... Ալեն Սիմոնյանը պատմության մեջ կմնա որպես այս հեղափոխությունը իրագործող Լենա Նազարյանը պատմության մեջ կմնա որպես չինական Արփինե Հովհաննիսյան ...
«Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս ... «Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկ...
Հոկտեմբերի 2-ի ուրվականը.168.am... Օրեր առաջ ԶԼՄ-ներում մի նորություն հայտնվեց, որ հանրության ներսում կրկին տարակարծությունների տեղիք տվեց, կրկին բաժան...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով