Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որ 16 թաղամասում գտնվող «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում մի խումբ երիտասարդների միջև ծեծկռտուք է տեղի ունենում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության 2 բրիգադ: Նշված հյուրանոցային համալիրից ոստիկանները բերման են ենթարկել կռվի մասնակիցներից մի քանի հոգու, իսկ տեղում աշխատում են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հյուրանոցի հարևանությամբ ապրող բնակիչները ասում էին. «Եթե ոստիկանները օպերատիվորեն չգործեին, ապա չէր բացառվում, որ գինովցած երիտասարդների ծեծկռտուքը ողբերգական ավարտ ունենար, քանի որ շունը տիրոջը չէր ճանաչում»: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
© shamshyan.com