«Ասանժը պարտավորվել է չարտահայտվել երկրների ներքին քաղաքականության մասին». Էկվադորի նախագահ

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, պարտավորություն է ստորագրել՝ հանդես չգալ պետությունների ներքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններով: Այդ մասին, ինչպես հունվարի 21-ին հայտնել է EFE գործակալությունը, հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն:

«Նա համաձայնագիր է ստորագրել, որ այսուհետեւ չի արտահայտվելու ոչ Էկվադորի, ոչ էլ այլ երկրների քաղաքականության մասին»,- նշել է Մորենոն: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը «համապատասխանում է ապաստանի տրամադրման նորմերին», որից Ասանժն օգտվում է 2012 թվականի հուլիսից:

Միեւնույն ժամանակ Էկվադորի ղեկավարը նշել է, որ Մեծ Բրիտանիայում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչությունում Ասանժի գտնվելը «խնդիր է», որը ներկայիս կառավարությունը ժառանգել է նախկին նախագահ Ռաֆայել Կորրեայից: Նա ավստրալացուն ասպաստան է տրամադրել մարդասիրական նկատառումներով, հիշեցրել է Մորենոն: Փորձելով լուծել Ասանժի հետ կապված խնդիրը, «նրան տրամադրվել է Էկվադորի քաղաքացիություն եւ դիվանիտական կարգ», որպեսզի նա կարողանա լքել Լոնդոնում հարավամերիկյան երկրի դեսպանատան տարածքը, ասել է Մորենոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խնդիրը մնում է»,- նշել է Էկվադորի նախագահը, հավելելով, որ երկրի ԱԳ նախարարությունը մտադիր է այն լուծել «կարեւոր մարդկանց միջնորդությամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով