Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում քննարկվում էր, թե ինչո՞ւ են կարտոֆիլի գները թռել և ի՞նչ ուտեն աղքատները. գլխավոր կարտոֆիլագետը բացակայում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ վիճակագրական տվյալներով կառավարության մեծարգո անդամներին ներկայացրեց, որ կարտոֆիլի գները թռել են, ուստի ի՞նչ ուտեն աղքատները:

Փաշինյանը հայտնի խաղին նմանեցնելով՝ կառավարությանը պատասխանի 4 տարբերակ առաջարկեց.

ա) խառը կանաչի, որ ԱՎԾ-ի տվյալներով էժանացել է 48.5 տոկոսով

բ) Սխտոր, որ էժանացել է 22,2 տոկոսով

գ ) Կանաչ սոխ, որ էժանացել է 18.2 տոկոսով

դ) տաքդեղ, որը էժանացել է 12,7 տոկոսով:

Մինչ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կմոտենար ամբիոնին և կպատասխաներ Փաշինյանի հարցին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց իր տարբերակը՝ հավի միս, որը էժանացել է:

Իսկ ներկա պատգամավորները կատակեցին, թե՝ դահլիճի օգնությանը չդիմեք: Վ. Գաբրիելյանն ասաց, որ ազգաբնակչությունն այդ ապրանքատեսականուց կընտրի առավել կալորիականություն ապահովող այն ապրանքները, որը կհամապատասխանի իր բյուջեին. «Եթե նրանք չկարողանան դա անել, ապա ձեր կողմից տրամադրված հաշվարկները նրանց համար հիմք կհանդիսանան՝ խնդիրը վերջացնելու»:

Փաշինյանն ասաց, որ իր այս հարցադրումով ուզում էր ցույց տալ, որ այդ 2,6 տոկոս գնաճը ԱՎԾ-ն ստացել է սխտորի, սոխի, տաքդեղի գներով: Ինչպես ԱԺ-ից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննարկմանը բացակայողների մեջ էին նաև գլխավոր կարտոֆիլագետ Խոսրով Հարությունյանն ու գլխավոր մսագետ Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ «Թունելի Հակոբը»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով