«Քեսաբն ինձ համար հավասար է Հայաստանին».Գարուն Յարալյան

Հայրենադարձության ճանապարհները վերջին տարիներին  Հայաստան են բերել շատ հայերի, որոնց մեծ մասը, հաստատվելով Հայրենիքում, հարմարվել է նոր միջավայրին, աշխատանք գտել, ընկերներ ու հարևաններ ձեռք բերել, բարձրագույն կրթություն ստացել. նրանցից մեկի՝ Քեսաբից Հայաստան տեղափոխված երիտասարդ  ու հմայիչ, իրապես գարնանատեսք հայուհու՝ Գարուն Յարալյանի հետ, առիթ ունեցա զրուցելու «Հայերն այսօր»-ի համար: Ստորև  մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

-Գարու՛ն, ե՞րբ եք տեղափոխվել Հայաստան և ի՞նչ պատճառներով՝ պատերազմական  գործողությունների՞,  սովորելու՞…

-2014-ին եմ եկել Հայաստան, հիմնական պատճառը բարձրագույն կրթություն ստանալն ու իմ Հայրենիքում իբրև մասնագետ կայանալն է եղել: Ես ընդունվել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա՝ ընտրելով մոդելավորողի մասնագիտությունը, այժմ 4-րդ կուրսում եմ սովորում:  Շատ եմ սիրում նաև լեզուներ, այդիսկ պատճառով Լաթաքիայում ուսանել եմ նաև օտար լեզու՝ անգլերեն, սակայն չեմ հասցրել այդ մասնագիտությամբ երկար աշխատել: Իմ նպատակը ոչ թե այդ մասնագիտությամբ աշխատելն էր, այլ՝ լեզու սովորելը: Ոսմանը զուգահեռ՝ գիրք եմ կարդում, նկարում եմ, ուզում եմ ցուցադրություն անել Երևանում, սակայն դեռ պատրաստ չեմ, դեռևս նման հնարավորություն չունեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Սիրելի՛ հայուհի, Ձեզ ներկայացրել է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը, ում հետ համագործակցում  եք,  ումից սովորում եք. ինչպե՞ս գտաք միմյանց, ո՞վ է Ձեզ առաջին  անգամ  ուղղորդել  դեպի մոդելային աշխարհ:

-Ինձ այդ աշխարհ է ուղղորդել սիրիահայ մոդելավորող Գևորգ Շադոյանը, իսկ Լուսինե Բաղդասարյանի հետ ծանոթացել ենք սոցիալական ցանցի միջոցով. նա գրեց ինձ, հանդիպեցինք, զրուցեցինք, մի քանի քասթինգներ անցա, մի շարք նրբություններ սովորեցի և շարունակում եմ սովորել: Ասեմ, որ այդքան խորացած չեմ  մոդելային աշխարհում, սակայն   հետաքրքրությունն այն է, որ ես հպարտությամբ պետք է ներկայացնեմ իմ երկիրը Մալայզիայում կայանալիք «Միսս տուրիզմ աշխարհ 2017» մրցույթին: Ես առաջին անգամ եմ մասնակցում նման մրցույթի, այն ինձ համար շատ պատասխանատու մասնակցություն է: Լուսինե Բաղդասարյանի շնորհիվ ես կարողանում եմ իմ մեջ հաղթահարել կայանալիք մրցույթի հանդեպ ունեցած վախը, տարակուսանքը. ես գնում եմ, որ հաղթեմ:

Սովորաբար, հայկական ընտանիքներից շատերը կողմ չեն, որ իրենց աղջիկները ոտք դնեն մոդելային աշխարհ. Ձեր ընտանիքում կա՞ր այդ խնդիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Այդ հարցում ոչ մի խոչընդոտ չեմ ունեցել. ընտանիքս, բարեկամներս, առավել ևս՝ շատ  հայաշունչ եղբայրներս, իմ կողքին են:

-Կրկին դառնանք հայրենադրաձության թեմային. Դուք Ձեզ համարու՞մ եք լիարժեքորեն  հայրենադարձված  հայ:

-Անշու՛շտ: Ես արդեն հայրենադարձված եմ: Հնարավոր է, որ ուսումս վերջացնելուց հետո արտերկիր գնամ, բայց  60 տարեկանից միշտ կլինեմ այստեղ:

-Ի՞նչ է  Ձեզ համար Քեսաբը, ի՞նչ եք  թողել այնտեղ:

-Քեսաբն ինձ համար դրախտ է, Քեսաբն ինձ համար նշանակում է՝ Քեսաբ+ Հայաստան, Քեսաբն ինձ համար հավասար է Հայաստանին. ես այնտեղ եմ թողել իմ մանկությունը, իմ վաղ պատանության տարիները,  ինձ համար հարազատ վայրերը, ծնողներիս, եղբայրներիցս մեկին, ով   զինվորական ծառայության մեջ է:

-Գարու՛ն, ի՞նչ խորհուրդ կտաք Քեսաբի Ձեր ընկերներին, Ձեր հասակակիցներին՝ գալ  Հայաստա՞ն,  թե՞ գնալ  արտերկիր:

Ապրել կամ Քեսաբում կամ էլ՝ Հայաստանում:

-Ի՞նչն է Ձեզ համար հաճելի Հայաստանում:

-Փոքրությունը. ես փոքր տարածքում եմ ապրել, սովոր եմ այդպիսի տեղանքի,  որտեղ ավելի  ապահով եմ  զգում ինձ:

-Գարու՛ն, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել հայուհիներին:

Հայուհիներին կցանկամ տեսնել ինքնատիպ, պարզ, կուզեմ, որ նրանք մեկը մյուսին նման չլինեն իրենց ոճով, արտաքին նկարագրով, հանդերձավորմամբ:

Ապագա մրցույթում հաղթանակի ակնկալիքներո՛վ ենք ճանապարհում մեր հայրենադարձ գեղեցկուհուն՝ մաղթելով, որ նա հեռավոր Մալայզիայում լավագույնս ներկայացնի Հայաստանը: 

 

 

Ավելին ̀ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով