Պետությունը հրաժարվում է բիզնեսի անտոկոս փողերից

Այս տարի ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում ոչ միայն չեն հավաքագրվել գերավճարներ, այլև ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին, արդյունքում՝ այդ հարկատեսակի գծով գերավճարը նվազել է ավելի քան 8.9 մլրդ դրամով: Այս հայտարարությունը ՊԵԿ-ի կողմից հրապարակվել է 2 օր առաջ՝ նոյեմբերի 28-ին։

Նման հայտարարություններով հիմնականում հետաքրքրվում են տնտեսագետներն ու գործարարները։ Սակայն իրականում թեման շատ կարևոր է, և, վերջին հաշվով, շոշափում է բոլորի շահերը։

Մինչ առաջ անցնելը՝ հասկանանք, թե ինչ է գերավճարը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ այսպես, կառավարությունը պետական բյուջեով պլանավորում է որոշակի ծավալով ծախսեր և եկամուտներ։ Սովորաբար ծախսերն ավելի մեծ են, քան եկամուտները. այսինքն՝ բյուջեն դեֆիցիտային է՝ պետությունն ավելի շատ ծախսում է, քան հավաքում՝ հարկերի և տուրքերի տեսքով։ Տարբերությունը (պակասող մասը) լրացվում է ներքին կամ արտաքին պարտքի միջոցով)։

Տարվա ընթացքում պարզվում է, որ տնտեսությունն ի վիճակի չէ այնքան հարկ վճարել, որ բյուջեում նախատեսված չափով եկամուտները հավաքվեն։ Եվ սկսվում է մի խայտառակ պրոցես՝ հարկային մարմինը սկսում է տնտեսվարողներին հորդորել (խնդրել, համոզել, ստիպել) իր ընթացիկ հարկային պարտավորություններից բացի՝ հավելյալ հարկ վճարել։ Խոշոր հարկատուների հետ «բացատրական աշխատանքները» տարվում են առանձին՝ Խոշոր հարկ վճարողների տեսչության կողմից, իսկ փոքր ու միջին գործարարների հետ զբաղվում են տեսուչները։

Շատ պարզ օրինակով ցույց տանք այդ պրոցեսը. գործարարն իր շրջանառության դիմաց հաշվարկել է պայմանականորեն 10 հազար դրամի ԱԱՀ։ Հարկային մարմինը նրան հորդորում է վճարել 12 հազար դրամ։ Հավելյալ 2 հազար դրամը կանխավճար է, որը պետք է հաշվանցվի հետագա հարկային պարտավորությունների դիմաց։ Այսինքն՝ հաջորդ անգամ գործարարը պետք է վճարի 2 հազար դրամով պակաս։ Կամ, ասենք, գործարարն արտահանող է, և պետությունը պարտավոր է նրան վերադարձնել ԱԱՀ գծով վճարած գումարները։ Սակայն անմիջապես չեն վերադարձնում՝ պայմանավորվելով ավելի ուշ վերադարձնել կամ հաշվանցել հետագա հարկային պարտավորությունների դիմաց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդյունքում՝ կառավարությունը ցույց է տալիս, որ հարկերը նորմալ հավաքագրվել են, անգամ՝ գերակատարվել, որ ամեն ինչ նորմալ է։ Սակայն իրականում պետությունն իր վրա պարտք է կուտակում, որը պետք է վերադարձնի գործարարներին։

Հաշվետու ժամանակահատվածն անցնում է, գալիս է հաջորդը։ Սակայն հաշվանցման մասին խոսք չկա։ Կանխավճար մուծած գործարարի գերավճարը ոչ միայն չեն վերադարձնում կամ հաշվանցում, այլ հակառակը՝ հորդորում են այս անգամ էլ «մի քանի կոպեկ» ավելի մուծել։ Հանուն պետության կարիքների, իհարկե։

Արդյունքում՝ գերավճարները կուտակվում են, ու պետության բեռը գնալով ծանրանում է։ Բայց պետությունը շարունակում է նույն գործելաոճը, որովհետև բյուջեն լցնել է պետք։ Ֆինանսական բլոկի պատասխանատուները մտածում են՝ այսօր մեզ վրա դրված պլանը կատարենք, իսկ հետևանքների մասին թող հաջորդները մտածեն։ Իսկ հնարավոր չէ՞ դրա փոխարեն պարտք ավելացնել։ Նախ՝ ոչ միշտ է հնարավոր, որովհետև պարտքի ավելացումը գլխացավանք է, կա շեմ, որն օրենքով չի կարելի անցնել, և այլն։

Եվ երկրորդ, գերավճարը պետության տեսանկյունից ֆինանսապես ավելի ձեռնտու է։ Եթե հարկերի պակասուրդը լրացնեն ներքին կամ արտաքին պարտք ներգրավելու միջոցով, ապա դրա դիմաց անհրաժեշտ կլինի տոկոսներ վճարել, իսկ գերավճարն անտոկոս փող է։ Իհարկե, օրենքով գերավճարի վերադարձի որոշակի ժամկետ կա, որից հետո պետությունը պետք է հարկատուին տոկոսներ վճարի։ Սակայն այդ ժամկետը բավականին երկար է, և գործնականում պետությունը գերավճարի դիմաց տոկոսներ չի վճարում։ Հենց այս պատճառով էլ ասում են, որ գերավճարների միջոցով բիզնեսը սուբսիդավորում է պետությանը։

Սակայն որքանով դա ձեռնտու է պետական գանձարանին, նույն չափով վնաս է բիզնեսին։ Հարկային կանխավճարը բիզնեսմենի տեսանկյունից նշանակում է՝ իր շրջանառու միջոցներից դուրս բերել մի կլորիկ գումար և «քնեցնել»՝ անտոկոս ի պահ տալ պետությանը, այն էլ՝ անորոշ ժամանակով։

Ինչպես նշեցինք, գերավճարների վերադարձման համար օրենքով սահմանված ժամկետներ կան, իսկ այդ ժամկետները խախտելու դեպքում՝ տոկոսներ։ Սակայն օրենքը մի բան է, պրակտիկան՝ այլ։ Պետությունը վստահ է, որ բիզնեսը չի փորձի «չորով» ետ ստանալ գումարը և կոնֆլիկտի մեջ մտնել իր հետ։ Ու շարունակում է գերավճարներ կուտակել։

Որքա՞ն է կուտակվել մինչ օրս։ 260 մլրդ դրամ։ Այո, պետությունը 260 մլրդ դրամի պարտք ունի գործարարների նկատմամբ։

Հանուն արդարության՝ նշենք, որ գործարարներն էլ պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունեն, սակայն՝ անհամեմատ ավելի քիչ։ Չկատարված հարկային պարտավորությունները (ապառքները) ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են մոտ 120 մլրդ դրամ։ Այսինքն՝ պետության «մաքուր» պարտքը բիզնեսի նկատմամբ կազմում է մոտ 140 մլրդ դրամ։

Ինչպես նշեցինք, ՀՀ գործարարները պետության հետ ուղիղ առճակատման մեջ չեն գնա՝ գերավճարները հետ բերելու նպատակով։ Սակայն այս «գերավճարային» պրակտիկան բիզնեսին զրկում է թթվածնից, թույլ չի տալիս նորմալ աշխատել ու զարգանալ։ Երբ հարկաբյուջետային քաղաքականության գլխավոր նպատակը բյուջեն լցնելն է, ոչ թե բիզնեսը զարգացնելը, վերջին հաշվով, փակուղու առաջ են կանգնում և՛ բյուջեն, և՛ բիզնեսը։

Դատելով ամեն ինչից՝ մենք այդ վտանգավոր շեմը վաղուց ենք հատել՝ հասնելով մի կետի, որից հետո գերավճարներ կուտակելու պրակտիկան շարունակելը կարող էր պայթեցնել տնտեսությունը։

Կարեն Կարապետյանի կառավարությունն այսօր հավաստիացնում է, որ հրաժարվել է այդ պրակտիկայից. այս տարվա սկզբից գերավճարներ չեն գանձվում։ Ավելին՝ խոստանում են «մաքրել» կուտակված գերավճարները։

Իհարկե, 260 մլրդ դրամն անհնար է կարճ ժամանակում վերադարձնել գործարարներին։ Փոխարենը՝ որոշում կայացվեց աստիճանաբար «մաշեցնել» գերավճարները՝ մաս-մաս հաշվանցել։ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2016 և 2017թթ.-ի հունվար-օգոստոս ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներով՝ կրեդիտային բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները միայն 10 հարկ վճարողի մոտ նվազել են մոտ 12 մլրդ դրամով:

Գերավճարների պրակտիկայից հրաժարվելը բիզնեսին թույլ կտա «շնչել»։ Կա նաև մեկ այլ կողմնակի էֆեկտ՝ վիճակագրության ճշգրտումը։ Գերավճար գանձելուց հրաժարվելը նշանակում է, որ հարկային եկամուտների աճն իրականում ավելի մեծ է, քան զուտ մեխանիկական համեմատությամբ ստացված թիվը։

Պայմանական օրինակ բերենք։ Բիզնեսը 2016 թվականին վճարել է 1000 դրամի հարկ, որից 200-ը եղել է գերավճար։ 2017 թվականին բիզնեսը վճարել է 1100 դրամ, այսինքն՝ ունենք 10% աճ։ Սակայն այդ 1100-ը վճարվել է՝ առանց գերավճարի։ Իսկ 2016-ին՝ առանց գերավճարի վճարված հարկը 800 դրամ էր։

Ստացվում է՝ իրական աճը 37% է։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ. իրականում բիզնեսը հաշվարկել է 1200 դրամի հարկ, սակայն փաստացի վճարել է 1100, իսկ 100 դրամն էլ հաշվանցվել է կուտակված գերավճարից։ Ստացվում է՝ իրական աճը 50%-ի մոտ է։ Այս թվերը պայմանական են, սակայն տրամաբանությունը սա է։

Ու հենց սրանով է բացատրվում, թե ինչու է ՊԵԿ-ը հայտարարում, որ խոշոր բիզնեսի ստվերը կրճատվել է 30%-ով, սակայն խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 10%-ով։

Այսինքն՝ հարկային մուտքերի իրական դինամիկան հասկանալու համար պետք է ցուցանիշները ճշգրտել՝ համադրելի դարձնել և բացառել գերավճարների գործոնը (2018 թվականի բյուջեում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հենց այս տրամաբանությամբ է ներկայացված՝ առանց գերավճարների, դրա համար, առաջին հայացքից՝ կարող է թվալ, որ ցուցանիշի աճ չի նախատեսվում)։

Գերավճարների հետ կապված այս «նրբությունը» հաճախ պատճառ է դառնում, որ թյուր կարծիք ձևավորվի նաև առանձին մասնավոր ընկերությունների դեպքում։ Կան խոշոր ընկերություններ, որ վերջին տարիներին հսկայածավալ գերավճարներ են կուտակել։ Այնքան շատ, որ կարող են մի քանի եռամսյակ հարկեր չվճարել։ Սակայն դա վտանգի տակ կդնի բյուջեի կատարումը։

Այդ իսկ պատճառով, կարելի է ենթադրել, որ մի շարք խոշոր հարկատուներ պետության հետ համաձայնության են եկել՝ ոչ թե միանգամից ետ ստանալ գերավճարները կամ միանգամից հաշվանցել, այլ աստիճանաբար մաշեցնել դրանք։ Այս դեպքում էլ պայմանական օրինակ բերենք։ X ընկերությունը վերջին տարիներին հաշվարկել է տարեկան 5 մլն դրամի հարկ, սակայն միշտ վճարել է 6 մլն դրամ՝ 1 մլն դրամով ավելի շատ։ Արդյունքում՝ 5 տարվա ընթացքում կուտակվել է 5 մլն դրամի գերավճար։

Այդ X ընկերությունը, ըստ էության, կարող է այս տարի հարկ չվճարել և պետությանն առաջարկել՝ 5 մլն դրամի հարկը գանձել կուտակված գումարից։ Սակայն բանակցությունների արդյունքում համաձայնում են հետևյալ կերպ վարվել. ընթացիկ տարվա համար հաշվարկված 5 մլն դրամ հարկից ընկերությունը վճարում է 2.5 մլն դրամ, մնացած 2.5 մլն դրամն էլ հաշվանցվում է կուտակված գերավճարներից։ Այս մեխանիզմով գերավճարը 2 տարում մաքրվում է։

Սակայն մյուս կողմից՝ խոշոր հարկատուների ցանկում երևում է, որ X ընկերության վճարած հարկերը կտրուկ նվազել են՝ 5 մլն դրամից դառնալով 2.5 մլն (ցանկում ներկայացված են փաստացի վճարված հարկերը)։ Ըստ այդմ՝ մամուլը սկսում է պատճառներ փնտրել. ոմանք ասում են՝ ընկերությունը զիջում է դիրքերը, մյուսները համոզված են՝ թաքցնում է հարկերը, երրորդները չեն բացառում, որ X ընկերությունը դադարեցնում է գործունեությունը, և այլն։ Մինչդեռ իրականում բացատրությունը պարզ է և կապված է գերավճարների հետ։

Դրա իրական օրինակը հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններն են։ Այո, վերջին տարիներին բջջային կապի ոլորտի հասույթը նվազել է։ Սակայն ոչ այնքան, որ խոշոր հարկատուների ցանկի առաջին եռյակում գտնվող ընկերությունը միանգամից նահանջի 10-րդ տեղից ներքև։ Առանձին ընկերությունների հաշվետվություններն ուսումնասիրելով՝ կարելի է համոզվել, որ պատճառը գերավճարների մաշեցումն է։

Իսկ ամենակարևոր հարցն այս պահին այն է, թե պետությունը որքանով հետևողական կլինի և ինչքան ժամանակ կդիմանա կրկին գերավճարներ գանձելու գայթակղությանը։ Ամեն դեպքում, կառավարությունը ոչ միայն խոստանում է, որ այդ պրակտիկայից վերջնականապես հրաժարվել է, այլև պնդում է, որ օրենսդրորեն զրկել է իրեն այդ հնարավորությունից։

Օրինակ, 2018 թվականի հունվարի 1-ից, Հարկային օրենսգրքի համաձայն, հարկերի համար գործելու է մեկ միասնական հաշիվ, որը տեխնիկապես անհնարին և անիմաստ է դարձնելու առանձին հարկատեսակների գծով գերավճարների կուտակումը։

Եթե գործարարը հաշվետու ժամանակաշրջանի համար կուտակել է 1000 դրամի հարկ, սակայն իր միասնական հաշվին փոխանցում է 1200 դրամ, ապա համակարգն այդ հաշվից գանձելու է միայն 1000 դրամը։ 200 դրամը մնալու է հարկատուի հաշվին (որը կարող է ցանկացած պահի ետ ստանալ), որովհետև այդ գումարը գանձելու հիմնավորում ավտոմատացված համակարգը չի ունենալու։

Սա նման է նրան, երբ ձեր հեռախոսի պարտքը 5500 դրամ է, սակայն դուք փոխանցում եք 6000 դրամ։ 500 դրամը մնում է ձեր հաշվին մինչև հաջորդ վճարման օրը, և հաջորդ վճարման ժամանակ 500 դրամով պակաս եք վճարում։ Մյուս նորամուծությունն էլ գերավճարների վերադարձի հետ է կապված. գործարարի գերավճարն ուշացնելու դեպքում տոկոսավճարների հաշվարկը կսկսվի շատ ավելի շուտ, քան նախատեսված է այժմ։ Ինչպես նշեցինք, 260 մլրդ դրամի գերավճարները կարճ ժամանակում չեն զրոյանա, սակայն կարևորն այն է, որ դրանք, թեկուզ դանդաղ, բայց մաշվելու են, ոչ թե՝ նախկինի պես ավելանալու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով