Գագիկ Ծառուկյանը արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ նվիրեց լավագույն տասնյակին, ինչպես նաեւ Իսրայել Միլիտոսյանին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ, հյուրեր։

Նախագահ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ շնորհեց մի շարք մարզիկների և մարզիչների, խրախուսեց նաև դրամական պարգևներով ու նվերներով: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհեց ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանին եւ ՀԱՕԿ Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանին, ՀՀ վաստակավոր մարզչի կոչում՝ Իսրայել Միլիտոսյանին, Վահագն Հարությունյանին, Ռոման Ակոպովին, Գրիգոր Գրիգորյանին, Ալեքսան Հովհաննիսյանին, Արա Խեբոյանին, Մելիք Ղուկասյանին։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ նվիրեց լավագույն տասնյակին, ինչպես նաեւ Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին։ ՀԱՕԿ նախագահը հույս հայտնեց, որ 2018 թվականին մեր մարզիկներն էլ ավելի շատ, հատկապես՝ ոսկե մեդալներ կնվաճեն. «Տեսնելով մեր մարզիկների հաջողությունները՝ յուրաքանչյուր հայ հպարտանում է, որ հայ է։ Մարզիկների շնորհիվ հնչում է Հայաստանի օրհներգը, բարձրանում դրոշը: Եվ դա նպաստում է մեր երկրի ճանաչմանը։ Մենք քիչ ենք, բայց մեր հաղթանակներն ու հաջողությունները մեծ են։ Տարեցտարի բոլոր մարզաձեւերում հայ մարզիկներն առաջ են շարժվում, մեդալների թիվն էլ ավելանում է։ Աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն հենց այնպես չեն դառնում: Դրա համար մեծ կամքի ուժ և ձգտում է պետք։ Բարձր եմ գնահատում Հենրիխ Մխիթարյանի կատարած աշխատանքը։ Այս տարի նրա անունը միջազգային լրատվամիջոցներում հնչել է հազարավոր անգամներ, հնչել է նաեւ մեր երկրի անունը։ Մեծ հպարտության առիթ է նաեւ Լեւոն Արոնյանի հաջողությունները։ Փառք ու պատիվ մեր բոլոր մարզիկներին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորելով տասը լավագույն մարզիկներին՝ նրանց հանձնեց համապատասխան հավաստագրերը եւ խորհրդանշական արձանիկներ:

«Այս տարին լի էր հաղթանակներով, ապրումներով, բերկրանքով, նաեւ նոր հույսերով, որոնց իրականացմանը մենք լծվելու ենք 2018 թվականին։ Ընթացիկ տարվա մարզական արդյունքների ամփոփումն առանձնահատուկ էր, քանի որ առաջին անգամ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը իր վրա պատասխանատվություն էր վերցրել՝ սահմանելու խաղի նոր կանոններ։ Մենք համատեղելի ենք դարձրել մարզական բարձր նվաճումների ու Հայաստանի հանրահռչակմանը նպաստ բերելու հանգամանքները։

Առաջին անգամ էր նաեւ, որ որոշումների կայացման գործընթացին մասնակցեց հանրությունը։ Հարգելի պարոն նախագահ, վստահեցնում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցային արդյունքներ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։ 2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկներ դարձել են՝ Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լեւոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանն ու Տիգրան Կիրակոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արարողությանը հարգելի պատճառով ներկա չէին Հենրիխ Մխիթարյանը եւ Լեւոն Արոնյանը: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս Անգլիայի առաջնությունում, իսկ Արոնյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Նրանց փոխարեն մրցանակները ստացան համապատասխան ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Ամբողջական հոդվածը ՝ Aravot.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով