«Անտուն հայացք»` հանուն բռնության ենթարկված կենդանիների

«Դալան» արվեստի պատկերասրահում արդեն մի քանի օր է ներկայացվում է նկարչուհի Անժելիկա Մորոզովայի՝ «Անտուն հայացք» խորագրով  անհատական ցուցահանդեսը։ Այն բռնության դեմ պայքարի խորհուրդն ունի:

«Մարդիկ ունեն բանականություն, ընտրության իրավունք, բայց երբեմն անում են այնպիսի արարքներ՝ թեկուզ անտուն կենդանիների, վայրի կենդանիների հանդեպ, որն ինձ համար բռնություն է: Թեկուզ մորթուց մուշտակները. չի սպանվում մի կենդանի մի մուշտակ ստանալու համար, սպանվում են հազարավոր կենսդանիներ մի մուշտակը ստանալու համար, որ ինչ-որ մեկը ինքնահաստատվի»,- նշում է նկարչուհին:

Ցուցահանդեսն իրականացվել է «Դինգո» կենդանասերների թիմի հետ համատեղ։ Վաճառված նկարների ողջ հասույթը տրամադրվելու է «Դինգո» թիմին՝ վիրավոր կենդանիների բուժման նպատակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արվեստի տեսքով ես ուզում եմ ուշադրություն գրավել, իսկ ինչ-որ վաճառք կազմակերպելը արվեստագետներին դժվար է Հայաստանում, այդ առումով, դրսում ավելի շատ հեշտ է, ինձ թվում է՝ բոլորն էլ գիտեն այդ մասին: Կոնկրետ Հայաստանում, ցուցահանդեսի նպատակը չի եղել վաճառքը ու երբեք ես Հայաստանում ստեղծագործելուց, իսկ մեծամասամբ ես ստեղծագործում եմ Հայաստանում, չեմ ունեցել նպատակ վաճառելու իմ գործերը»,-ասաց Անժելիկա Մորոզովան:

Նկարչուհին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը, այնուհետ  կրթությունը շարունակել է գեղարվեստի ակադեմիայում։ Երևանում երկու տարի առաջ բացված նրա՝ «Դարվինը եղել է այստեղ» խորագրով անհատական ցուցահանդեսը ևս նվիրված էր անտուն կենդանիներին։ Նկարչուհին ցուցահանդեսներ է ունեցել նաև Հոլանդիայում և փաստում է, որ արտերկրի ու հայաստանյան այցելուների տարբերությունը շատ մեծ  է։

Հայաստանում այցելուները շատ հոգսեր ունեն, գործեր, միշտ զբաղված են լինում, քան արտերկրում: Այնտեղ ավելի փորձում են հոգևոր սնունդ ստանալ, նրանք կարող են վճարել և  ուղղակի այցելել ցուցահանդես, տեսնելու այդ նկարը, այսինքն՝  նրանք շատ ոգևորված են դրանով: Այնտեղ դու քեզ զգում ես շատ կարևոր մարդ, տաղանդավոր, իսկ այստեղ՝ ուղղակի մարդ ես»,- հավելեց նկարչուհին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անտուն հայացքի» ցուցադրությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով