Անկարային ու Մոսկվային չի մնացել Հայաստանից բռնվելու այլընտրանք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»:

Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը փաստացի հուշում է, որ մինչև 2018-ի գարուն Անկարան մտադիր չէ անդրադառնալ հայ-թուրքական արձանագրությանը, որի վերաբերյալ ակնարկել էր Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականի գարուն «առանց այդ սին արձանագրությունների» մտնելու մասին ՄԱԿ ամբիոնից սեպտեմբերին արած հայտարարության մեջ:

Այդ հայտարարությունը շատերը գնահատեցին իբրև Թուրքիային ներկայացված վերջնագիր, թեև հազիվ թե Սարգսյանը ունենար միամտություն ենթադրելու, թե վերջնագրի ձևով հնարավոր է Էրդողանին «վերադարձնել» արձանագրությունների շուրջ: Հակառակը, այդ տոնայնությունը թերևս վերջնականապես կփակեր այդ վերադարձի ճանապարհը, ինչն էլ փաստացի տեղի է ունենում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս կողմից, միամիտ է ենթադրել, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը չլինելու դեպքում կար հավանականություն, որ Էրդողանը կվերադառնար արձանագրություններին:

Խոշոր հաշվով, հայ-թուրքական արձանագրությունները անցած, և թերևս, բարեբախտաբար, անցած փուլ են, հանդիսանում են անցած աշխարհաքաղաքական շրջափուլի տրամաբանությունն ու այլևս պիտանի չեն վերադարձի ոչ միայն Հայաստանի կամ Թուրքիայի ցանկության, կամքի, այլ պարզապես աշխարհաքաղաքական տրամաբանության բերումով: Դա ամենևին չի նշանակում, որ աշխարհաքաղաքական տրամաբանությունն այդպիսով հակասում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման հեռանկարին: Ամենևին:

Եվ թերևս հակառակը՝ ներկայումս այդ տրամաբանությունն ավելի է բարձրացրել կարգավորման այժմեականությունը, կամ գոնե հեռանկարում դրա պահանջվածությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզապես հայ-թուրքական արձանագրությունները և այն շրջափուլը, որի այսպես ասած իրեղեն ապացույցը կամ խորհրդանիշն են դրանք, որևէ սկզբունքային կապ չեն ունեցել հայ-թուրքական հարաբերության կարգավորման հետ: Այդ արձանագրությունները այլ բան չէին, քան 20-րդ դարասկզբի ռուս-թուրքական պայմանագրերի վերհաստատում և «արդիականացում», ըստ այդմ դրանք ռուս-թուրքական հարաբերության կարգավորման կամ «վերալիցքավորման» գործընթաց էին, ոչ թե հայ-թուրքական հարաբերության:

Ներկայումս աշխարհում և տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է, որտեղ նվազագույնը Մինսկի խմբի համանախագահության երեք անդամ պետությունների մակարդակով ընդունվել է տարածաշրջանում նոր ստատուս-քվոն, այն պահելու անխուսափելիությունն ու փոխելու փորձերի վտանգավորությունն ամբողջ տարածաշրջանի համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով