«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից Հայկազ Բաղմանյանին ազատելու մասին:
Այս հրամանագիրն, անշուշտ, ինքնին ուշագրավ կլիներ, բայց բազմակի անգամ ավելի հետաքրքիր դարձավ այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դրանից առաջ հայտարարեց, որ ինքն է Հայկազ Բաղմանյանին հորդորել գրել զորացրման դիմում: Այլ կերպ ասած՝ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ինքն է հեռացրել Հայկազ Բաղմանյանին:
Իսկ իրադարձության ամբողջ «հմայքն» այն է, որ Հայկազ Բաղմանյանը թե՛ զինված ուժերի, թե՛ Հայաստանում երկու տասնամյակ իշխող համակարգի այն օդիոզ ներկայացուցիչներից է, որոնք դարձել են իշխող համակարգի խորհրդանիշները՝ այդ բառի, թերևս, ամենաբացասական իմաստով:
Եվ եթե Վիգեն Սարգսյանը հեռացնում է այդ խորհրդանիշներից մեկին, այն էլ՝ մի գեներալի, որը աղմկոտ մի շարք պատմություններով «անցնելու» պարագայում թվում էր անձեռնմխելի, ապա, ըստ էության՝ ինքն է այլևս դառնում որոշակի խորհրդանշական ֆիգուր:
Վիգեն Սարգսյանը խորհրդանշում է նոր ժամանակը, թեև առայժմ, իհարկե, մեղմ ասած դժվար է ասել, թե ինչպիսին է այդ ժամանակը լինելու իր որակական հատկանիշներով թե՛ ընդհանրապես, թե՛ նախորդ, այսպես ասած, խորհրդանիշների ժամանակի հետ համեմատությամբ:
Ավելին՝ նոր ժամանակը համակարգի համար մոտեցող, սակայն դեռևս ամենևին փաստ չհանդիսացող հանգամանք է: Սակայն հատկանշական է այն, որ դրան տանող բավականին ընդգծված, նշանային քայլը տեղի է ունենում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:
Նախորդ հրապարակումներում կարծիք ենք հայտնել, որ համաձայնագրի ստորագրումով Սերժ Սարգսյանը գործնականում ամփոփում է արտաքին քաղաքական մի լայն շրջափուլ, և դրանից հետո, թերևս, իրադարձությունների զարգացման առանցքը կտեղափոխվի ներքին դաշտ, արտաքին շրջափուլում կուտակած կապիտալը ներքին քաղաքական արդյունքի վերածելու համար:
Իսկ կուտակված կապիտալը քիչ չէ, ինչպես ցույց տվեց թե՛ ԵՄ հետ համաձայնագիրը, թե՛ ղարաբաղյան գործընթացի շուրջ ծավալված զարգացումները:
Ընդ որում՝ հետաքրքիր է այն, որ զարգացումների առանցքը բեկելով դեպի ներս, Սերժ Սարգսյանը, փաստորեն, կենտրոնանում է ոչ թե տնտեսական հարցերի, սոցիալ-տնտեսական խնդիրների և իրողությունների վրա, որոնք թվում են, իհարկե, հրատապ, այլ իրավապահ-ուժային համակարգի:
Սարգսյանն այցելեց Հատուկ քննչական ծառայություն և կոռուպցիան հռչակեց ազգային անվտանգության սպառնալիք, իսկ Հայկազ Բաղմանյանին հեռացնելու նշանային որոշումից առաջ էլ այցելել էր Արցախ, դիտել զորավարժությունը, ծանոթացել պաշտպանական գործողություններին, նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության մշակումներին, որոնք ենթակա չեն հրապարակայնացման:
Ո՞վ է լինելու հաջորդը Բաղմանյանից հետո: Դա, ի վերջո, Վիգեն Սարգսյա՞նն է որոշում, թե՞ Սերժ Սարգսյանը: Մամուլը գրում է շտաբի պետ Մովսես Հակոբյանի մասին: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը կարծես թե «մաքրում» է նրա, այսպես ասած, մերձակա շրջանակը կամ օղակը՝ տեղակալներին:
Մի քանի ամիս առաջ փոխվեց առաջին տեղակալը և նշանակվեց բանակում, այսպես ասած, սպայական և զինվորական կոդեքսի շրջանակում մեծ հեղինակություն ունեցող Օնիկ Գասպարյանը: Այժմ ազատվում է Բաղմանյանի տեղը: Մովսես Հակոբյանի՞ համար է Սերժ Սարգսյանը, այսպես ասած, մաքրում շրջակայքը, թե՞ նրա «ոտքերն է կտրում գետնից»:
Հայկական զինուժում տարիներ շարունակ ծավալվում էր, թերևս, բոլորի համար տեսանելի նախարար-շտաբի պետ դիմակայություն, երբ այդ պաշտոններին էին Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը:
Ապրիլյան պատերազմից և հուլիսյան ողբերգական դեպքերից հետո կառավարության փոփոխության ժամանակ Սերժ Սարգսյանը հեռացրեց նրանց երկուսին էլ, բայց թե նրանց տարիներ ձգվող, պարբերաբար սրվող և հանդարտվող դիմակայությունը ինչ հետևանք է ունեցել զինուժի կառավարման արդյուավետության մասով, ասելը շատ դժվար է:
Միաժամանակ դժվար է ասել, Օհանյանն ու Խաչատուրովը հեռացել են ավելի շատ հուլիսյա՞ն, թե՞ ապրիլյան իրադարձությունների հետևանքով: Բոլոր դեպքերում, բավական նկատելի է, որ անկախ ներիշխանական հարաբերությունների «հաշվեկշռից»՝ զուտ պետական հաշվեկշռի համար շատ թանկ է արժենում, երբ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը գտնվում են դիմակայության կամ, այսպես ասած, անհամատեղելիության ռեժիմում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: