Կարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ

Загрузка...

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ողջունելով ՀՀ պատվիրակությանը՝ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկը:

ԱՀ նախագահը նշել է, որ այս տարի տնտեսության մեջ բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մասնակցությունն այդ ձեռքբերումներում: Նա տեղեկացրել է նաև մի շարք հավակնոտ ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել 2018 թ.:

Նախագահ Սահակյանի խնդրանքով, Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել է այսօր Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նշելով, որ այսօր արդեն մի քանի պայմանագրեր են ստորագրվել ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ՝ Հայաստանի գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր քայլ է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա:

«Այս տարի մենք նույնպես ունենալու ենք որոշակի թվեր, որոնք վկայում են դրական տենդենցի մասին: Իհարկե, դա չի նշանակում, որ անելիքները քիչ են, բայց մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը», — ասել է ՀՀ վարչապետը: Խոսելով Իրանի հետ տնտեսական համագործակցության մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած այս տարի երկկողմ առևտրաշրջանառության ոլորտում 9 տոկոս աճ է գրանցվել, սակայն այդ թվերը հեռու են իրական ներուժից:

ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են էներգետիկայի, առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով այդ համատեքստում փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...