Կարեն Ասմարյան. Վոլեյբոլի համար տարին հագեցած էր

2017 թվականին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անցկացրել է քսանհինգ տարբեր միջոցառումներ: ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց անցնող մրցաշրջանի արդյունքները:

«2017 թվականը մեզ համար բավականին հագեցած տարի էր, ինչպես հանրապետության, այնպես էլ միջազգային մակարդակով: Ֆեդերացիան բոլոր ջանքերը ներդրեց վոլեյբոլի, այդ թվում լողափնյա, զարգացման եւ մասսայականացման համար: Հատուկ կնշեմ վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի՝ հոկտեմբերին կատարած պաշտոնական այցը, որն առաջինն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Ալեքսանդր Բորիչիչը կարեւոր հանդիպումներ ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի, քաղաքապետի եւ ֆեդերացիայի անդամների հետ: Գործնական եւ օգտակար խորհուրդներ ստացանք երկրում վոլեյբոլի զարգացման վերաբերյալ:

Կարեւոր միջոցառումներից կնշեմ նաեւ մայիսին Երեւանում անցկացված Արեւելյան եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիայի (EEVZA) համաժողովը, որին մասնակցեցին ութ ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու Եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահը: Իսկ սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացրինք լողափնյա վոլեյբոլի Արեւելյան եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնություն, որին մասնակցեցին շատ բարձրակարգ թիմեր: Նման կարգավիճակ ունեցող վոլեյբոլի մրցաշար Հայաստանում չէր անցկացվել: Առաջնությունը բարձր գնահատական ստացավ եւ ճանաչվեց լողափնյա վոլեյբոլի Արեւելյան եվրոպայի երկրների 2017 թվականի լավագույն մրցաշար:

Մեր թիմերը դասական եւ լողափնյա վոլեյբոլի մի շարք մրցաշարերի են մասնակցել: Լողափնյա վոլեյբոլի Արեւելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց (մինչեւ 18) առաջնությունում Ռազմիկ Հակոբյան եւ Արման Միսկարյան զույգին առաջին անգամ հաջողվեց երկու հաղթանակ տանել: Ցավոք, Միսկարյանն առողջության հետ կապված խնդիրներ ունեցավ, ինչն անհամատեղելի է մարզական կարիերայի հետ: Դասական վոլեյբոլում կանանց մինչեւ 18 տարեկանների հավաքականը նոյեմբերին մասնակցեց Վրաստանում անցկացված Արեւելյան եվրոպայի երկրների առաջնությանը: Մեր թիմը լավ տպավորություն թողեց՝ արժանի դիմադրություն ցուցաբերելով հասակով եւ ֆիզիկական պատրաստվածությամբ գերազանցող մրցակիցներին: Բոլորին զարմացրեց մրցավար Աշոտ Բալաբեկյանը, որը չնայած երիտասարդ տարիքին (21 տարեկան), հրաշալի սպասարկեց մրցաշարը՝ արժանանալով բարձր գնահատականների:

Անցկացվել են վոլեյբոլի տղամարդկանց, կանանց եւ պատանեկան Հայաստանի առաջնություններ: Տղամարդկանց առաջնության վերջին խաղին ներկա էր 400 երկրպագու, ինչը լավ ցուցանիշ է: Փորձում ենք մեր մարզաձեւը զարգացնել նաեւ Արցախում: Այնտեղ մրցաշարեր, մարզական սեմինար են անցկացվել, Ստեփանակերտի մարզադպրոցներում մարզագույք եւ մեթոդական գրականություն է բաժանվել: Հաջորդ տարի ավելի սերտ համագործակցություն ենք ուզում ծավալել Արցախի հետ:

Սեպտեմբերի վերջին ՀՎՖ նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանին փոխարինեց Հրաչյա Մուրադյանը: Նա պատահական մարդ չէ, ավելի վաղ զբաղեցրել է ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, երկար տարիներ ղեկավարել Երեւանի վոլեյբոլի ֆեդերացիան: Հրաչյա Մուրադյանը լավ է հասկանում սպորտից եւ ամեն հնարավոր բան անում է, որպեսզի վոլեյբոլը Հայաստանում շարունակի զարգանալ: 2018 թվականին պետբյուջեից մեր ֆինանսավորումը կավելանա երեք միլիոն դրամով եւ կկազմի տասնմեկ միլիոն: Սակայն ֆեդերացիայի ծախսերն ավելի շատ են եւ նոր ղեկավարն այդ հարցում լուրջ աջակցություն է ցուցաբերում:

2018 թվականի օրացուցային պլանն ավելի հագեցած է տարբեր միջոցառումներով, այդ թվում ձյան վրա վոլեյբոլի մրցաշարերով: Ամենայն հավանականությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես կգա այս մրցաձեւի Եվրոպայի անդրանիկ առաջնությունում, որը տեղի կունենա Ավստրիայի Զալցբուրգում: Արդեն ներկայացրել ենք նախնական հայտը: Հունվարի 20-ից 21-ը Ծաղկաձորում տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, հաղթողները կմեկնեն մայրցամաքային առաջնության: Կշարունակենք համագործակցությունը նաեւ ռուս գործընկերների հետ: Մեր լողափնյա վոլեյբոլիստները հաջորդ տարի Անապայում հավաք կանցկացնեն եւ կմասնակցեն մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Նոյեմբերին նախատեսում ենք Երեւանում Արեւելյան Եվրոպայի երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնություն անցկացնել, որտեղ կխաղարկվեն Եվրոպայի առաջնության ուղեգրեր: Մեր ֆեդերացիան հայտ է ներկայացրել նաեւ լողափնյա վոլեյբոլի Արեւելյան Եվրոպայի երկրների կանանց առաջնությունը կազմակերպելու համար»,- եզրափակեց Կարեն Ասմարյանը:

 

Լուսանկարը՝ Կարեն Ասմարյանի անձնական արխիվից

Նմանատիպ նորություններ

«Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բա... Երևանի ավագանու այսօրվա նիստում թեժ բանավեճ ծագեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանի միջև։...
Կառավարությունն իր դռներն է բացել ԼԳԲՏ համայնքի առ... Օրերս «Ընտանեկան բռնության մասին» օրենքի շուրջ քննարկում է տեղի ունեցել Սոցապ նախարարությունում: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ներկա...
Քաղաքացու օր նշող Նիկոլենք թքած ունեն քաղաքացու կա... Քաղաքացու օր նշող Նիկոլենք թքած ունեն քաղաքացու կարծիքի վրա... Ավշարի դպրոցում 10 օր է դասադուլ և գործադուլ է, մոտ 500 աշակերտ չի մասնակցում ու...
Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշ... «ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ 1. Զոհրաբ Մնացականյան ՀՀ արտաքին գործերի նախարար 2. Դավիթ Տոնո...
Բաց նամակ տիկին Նաիրա Զահրաբյանին և մյուս շահագրգի... Բաց նամակ տիկին Նաիրա Զահրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց: Ցանկանում եմ խոսել վիճակախաղերի՝ բուքմեյքերական ընկերությունների, կազմակերպման պայմ...
«Ի՞նչ քաղաքացու օր, ի՞նչ հեղափոխություն»Հայկ Մարտի... Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ քաղաքացու օր, ի՞նչ հեղափոխություն: Ե՞րբ ենք դատարկ տոները փոխանակ շատացնելու` ք...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով