Ծառայությունից խուսափածներին տույժի դիմաց ազատելը երիտասարդներին մղում է դեպի Սփյուռք. Վիգեն Սարգսյան

Загрузка...

13-14 տարեկանում տղա երեխաներին փորձում են դուրս տանել, իմանալով, որ 27 տարին լրանալուց հետո կվճարեն գումարը և կվերադառնան: Պաշտպանության նախարարի տեսակետով՝ ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է: 

Այս մասին պաշտպանության նախարարը հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության զրույցում:

«Ես չեմ համարում, որ դա լավ քաղաքականություն է, որովհետև եթե այդ քաղաքականությունն ի սկզբանե ստեղծվում էր որպես դրսից դեպի հայրենիք երիտասարդներին վերադարձնելու գործիք, ապա փաստն այն է, և կյանքն ապացուցեց դա, որ այդ օրենսդրությունը հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է…»– նշել է նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով ՝ իրականում շատ քչերը, կամ գրեթե ոչ ոք չի վերադառնում: Սովորաբար այդ գումարը վճարում են Հայաստանում մեկ անգամ կնունք, մեկ անգամ հարսանիք անելու իրավունք ձեռք բերելու համար:

«Ես չեմ կարծում, որ դա այն արդյունքն է, որի համար արժե նման քաղաքականություն ունենալ…Ես փորձեցի մի պահ ցույց տալ, որ այն մարդիկ, որոնք այդ օրենսդրությունն առաջարկելիս ձգտում են շղարշել այն շատ բարի ցանկություններով, այնքան էլ անկեղծ չեն։ Մեր ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, թե ի՞նչ է եղել, թող չծառայողը երկու պայմանագրայինի գումար վճարի, այդ գումարով երկու հոգի ծառայեն, և այդպես ավելի արդյունավետ կլինի:

Այդ համակարգի ոչ արդար և անարդյունավետ լինելու մասին ես խոսել եմ, բայց խնդիրն այլ է: Հենց այդ պահին էր, որ ես ասացի դե եկե՛ք գումարը դարձնենք ինը միլիոն դրամ, որովհետև մոտավորապես այդքան է կազմում երկու պայմանագրային զինծառայողի ծառայության գումարը: Եվ միանգամից սկսվեց աղմուկը, թե հիմա էլ պաշտպանության նախարարը որոշել է այս գումարը բարձրացնել։ Մենք միանգամից ասացինք, որ իրականում ոչ այդ գումարն ենք ուզում, ոչ էլ այն գումարը, որ այսօր կա, որ դա չի լուծում այն խնդիրը, որը պետք է լուծի», – մասնավորապես հայտնել է Վիգեն Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը առաջարկում էր յուրաքանչյուր զորակոչի դիմաց սահմանել 500 հազար դրամի չափով տույժ։ Սակայն ՀՀ ԱԺ պաշտպանության հանձաժողովը դրական եզրակացություն էր տվել մեկ խուսափած զորակոչի դիմաց 200 հազար դրամ վճարին:

27 տարին լրացած քաղաքացիները քրեական հետապնդումից ազատվելու համար գումարը կարող են վճարել ոչ ուշ քան 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Ավելի մանրամասն՝ այստեղ:

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզության մեջ գտնվող 12698 մարդուց 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով։

 

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...