Սպիտակի երկրաշարժի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հովանու ներքո ՀՀ ԱԻՆ և ԵՄ միջև համագործակցության խորացումն ու ընդլայնումը բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում:
Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց ԵՄ աջակցությամբ ուսումնասիրել Եվրամիության բնակչության պաշտպանության և աղետների ժամանակ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման մեխանիզմների լավագույն փորձը՝ այն Հայաստանում տեղայնացնելու նպատակով: Անդրադառնալով համայնքների աղետակայունության կարողությունների հզորացման խնդրին՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ հարկավոր է ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչը համայնքների բյուջեի ձևավորման գործընթացում ներառելու ԵՄ փորձը:
Անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը՝ ԱԻ նախարարը նշեց, որ հաջորդ տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին որպես առաջնահերթություն ԵՄ փորձագետների աջակցությամբ իրականացնել ՀՀ ԱԻ նախարարության՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների նախնական ուսումնասիրություն: