«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի բացահայտող ասուլիսը

«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի բացահայտող ասուլիսը տեղի ունեցավ այսօր. «Նոյյան Տապան»-ում:

Բանախոսներ՝ Անի Հովհաննիսյան — «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Լիպարիտ Սիմոնյան — փաստաբան Նինա Կարապետյանց -«Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր: Ասուլիսին՝ «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ:

Ձեզ ենք ներկայացնում ասուլիսին՝ Անի Հովհաննիսյանի ելույթը ամբողջական. Միանգամից հերքեմ մի քանի միֆ

1. Ինձ բերման չեն ենթարկել, ես ինքս անհանգստացած իմ օգնականի հանկարծակի անհետացումով գնացել եմ ոստիկանություն հայտարարություն տալու:

2. Ես որևէ մեկից երբեք գումար չեմ պահանջել ու չեմ վերցրել: Դա ոստիկանությունն իր ներկայացրած հայտնի տեսանյութում այնպես ներկայացրեց, որ դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, որ ինձ ինչ-որ մեկը գումար է տալիս ու ինձ ձերբակալում են: Կրկնում եմ, դա իրականության հետ որևէ կապ չունի: Ոստիկանության ներկայացրած տեսանյութում ես ընդհանրապես չկամ:

3․Տիգրանի կողմից մոնտաժված այն տեսանյութը, որտեղ ներքևում բառային ավելացումներ են, թե իբր ես իր օգնականի հետ խոսում եմ ինչ-որ գումարային հարցերի մասին, իրականության հետ որևէ կապ չունի, ինչպես նաև անթույլատրելի ապացույց է ճանաչվել դատարանի կողմից, քանի որ ակնհայտ մոնտաժված է և կեղծ։ 2016թ մայիսի 5-ին, ինձ ձերբակալելուց 2 օր անց ՀՔԾ վարչության պետի մակարդակով սկսվեց ինձ մշակելու գործընթացը:

Բարձրաստիճան պաշտոնյան իր աշխատասենյակում ինձ առաջարկեց իմ չկատարած հանցանքում մեղադրել տարբեր մարդկանց, տարբեր մարդկանց մասին տեղեկություններ հայտնել, ինչի փոխարեն ինձ խոստացավ ազատություն:

Ուշադրություն՝ նա ոչ թե հետաքրքրվում էր իրականությամբ, կամ հարցաքննում էր, այլ ուղիղ խոսքով ինձանից պահանջում էր զրպարտել միանգամայն անտեղյակ մարդկանց, օրինակ՝ ՀՀ ԱԺ լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանին կամ ոստիկանության որևէ աշխատողի իմ ցանկությամբ:

Ոստիկանության դեմ ՀՔԾ բոլոր մակարդակների սևեռվածությունը գնահատում եմ հիվանդագին: Իմ ապշած հարցին, թե նույնիսկ ցանկության դեպքում չեմ կարողանա տեխնիկապես դա անել, քանի որ օրինակ Արսեն Բաբայանի հետ վերջին անգամ շփվել եմ մեկ տարի առաջ ինձ պատասխանեցին, որ հոգ չէ, ՀՔԾ մասնագետներն ամեն բան կգրեն,կսարքեն, կշարադրեն իսկ ինձ կմնա միայն ստորագրել դրա տակ ու վայելել ազատությունը:

Ես բնականաբար մերժեցի ու դա արեցի առաջին հերթին ինքս ինձ համար, քանի որ չէի պատրաստվում ընդունել չարածս, էլ ուր մնաց չարածիս մեջ հանցակից դարձնեի մարդկանց ովքեր նույնիսկ անուղակի կապ չունեին այս ամենի հետ: Այստեղ ՀՔԾ-ում սկսվեց խուճապը: Նրանք այս սցենարը չէին հաշվել: Նրանք ենթադրում էին, որ ես լինելով կին շուտ կկոտրվեմ ու լաց լինելով կհամաձայնվեմ այդ ստոր գործարքին, բայց այդպես չէր կարող լինել:

Ինձ մեղադրում էին մի բանում, որը ես չէի կատարել և նույնիսկ եթե ցմահ բանտարկվեի միևնույն է չէի կոտրվելու: Այդ միտքը ինձանից չէին էլ թաքցնում: Կարեն Կարապետյանը իր հանդիպումների ընթացքում, իսկ հետագայում նաև քննիչը ինձ անընդհատ ասում էին, որ իմ միակ ելքը բանտից դա ստորագրելն է իրենց ասածների տակ:

Ի դեպ, Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ապօրինի կերպով ներս չէին թողնում իմ փաստաբանին, ինչը ֆիքսված է ՄԻՊ գրասենյակում։ Նշեմ նաև, որ այդ ընթացքում Լիպարիտ Սիմոնյանը դեռ ներգրավված չէր որպես իմ փաստաբան։ Այնուհետև սկսվեց իմ անձի նկատմամբ այնպիսի հետապնդում, որ ինձ սկսեցին մեղադրել հանցանքներում, որոնք ենթադրաբար կատարվել էին ինչ-որ ժամանակահատվածում, երբ ես ոչ այդ մարդկանց էի ճանաչում, ոչ կարող էի կապ ունենալ այդ ենթադրյալ գործողությունների հետ։

<<Անալիտիկ>> ՍՊԸ-ին խոշոր գումար տուգանեցին չգրանցված աշխատողներ ունենալու համար, պատկերացրեք՝ ես բանտում և ամեն ամիս ՊԵԿ-ից ստանում եմ հերթական տույժն ու տուգանքները վճարելու մասին նամակներ։ Աբսուրդն այն աստիճան էր, որ ինձ քողարկված ցանկությունների համար մեղադրանք առաջադրեցին, թե իբր ես ունեցել եմ ինչ-որ քողարկված նպատակներ, ցանկություններ։

Ընդհանուր առմամբ իմ նկատմամբ հարուցվեց 4 տարբեր հոդվածներով քրեական գործ, որոնցից 3-ով արդարացվեցի։Ամբողջ քրեական գործը բաղկացած է 18 հատորից, որից ինձ հետ առնչություն ունի ընդամենը 80 էջը։ Բայց սա դեռ ամենը չէ:

Երբ ես ընդդիմացա՝ ասելով, թե հասարակական կարծիքն իմ կողմից կլինի, ՀՔԾ վարչության պետ Կարեն Կարապետյանը ժպտաց ու հայտնեց, որ ես շատ միամիտ եմ, եթե կարծում եմ լրագրողների մեջ չկան ՀՔԾ-ի համար աշխատողներ: Նա հպարտությամբ ինձ տեղեկացրեց, որ ունեն իրենց գրպանի լրագրողները և որպես օրինակ նշեց, որ Թագուհի Թովմասյանին ինչ հրամայեն, այն էլ կգրի իմ մասին ու ՀՔԾ-ն կքննի Թագուհու թերթում իրենց կողմից մոգոնված ու հրապարակված վարկածները:

-Դրա համար էլ, աղջիկ ջան, դու կգնաս բանտ, իսկ Թագուհին իր բիզնեսը կբացի ու հերթական անշարժ գույքը կգնի Երևանի կենտրոնում:

Լավ մտածիր… Կարեն Կարապետյանն ինքնավստահ կերպով ինձ հայտնեց, որ քրեական գործը ՀՔԾ-ի վարույթում քննելու իրավաբանական հիմքը Ժողովուրդ թերթում ՀՔԾ-ի թելադրանքով տպագրված հոդվածն է եղել:

Այսինքն նախաքննական մարմինը պատվիրել է իմ դեմ սուտ հոդված ու այդ իսկ սուտ հոդվածի հիմքով քրեական գործը դատախազությունից փոխանցել են ՀՔԾ:

Ավելի սերտ համագործակցության օրինակ անմեղ մարդու գլխին գործ սարքելու շրջանակում ես չգիտեմ: Մեկուկես տարի մտածել եմ այս խոսքերի շուրջ: Սա համարում եմ իմ դեմ հետապնդումների ամենացավոտ մասը, երբ անմեղ մարդու, կնոջ ու լրագրողի դեմ կեղծ գործ սարքելուն ներգրավում են լրատվամիջոց:

Չգիտեմ՝ Կարեն Կարապետյանի խոսքերը ճիշտ են թե ոչ, ամեն դեպքում արժե ստուգել։ Ու ես արդեն դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին լուրջ ստուգում իրականացնելու պահանջով, առավել ևս ինչպես հետագայում պարզվեց իմ օրինակը եզակի չէ:

Արսեն Բաբայանին ու բազմաթիվ ինձ ծանոթ ու անծանոթ պաշտոնյաների, այս գործի մեջ ներքաշելու փորձերը կրում էին պարբերական բնույթ, շարունակվեցին 9 ամիս՝ մինչև շինծու մեղադրական եզրակացության դատարան ուղարկելը: Քննիչը համոզում էր նույնիսկ պետական հիմնարկներից ցանկացած մեկի մամուլի խոսնակի վրա շառ անել։

Ցանկացած պետական հիմնարկի ցանկացած մամուլի խոսնակի ու նույնիսկ որևէ կապ չունի ես ծանոթ եմ, թե ոչ… Նույնիսկ խոստանում էին իմ փոխարեն ամեն ինչ գրել, առաջարկելով ընդամենը ստորագրել շարադրածի տակ ու գնալ տուն:

Կարծում եմ՝ իմ 18 ամիս տևած ապօրինի բանտարկության ժամանակ ցուցաբերած համառությունը, որը պետք է նշեմ ինձանից անմարդկային ջանքեր պահանջեց, վկայում է այն մասին, որ իմ պայքարը, ազատության համար չէ: Ես հասնելու եմ իմ արդարացման, նույնիսկ եթե դրա համար պետք լինի սպասել ՄԻԵԴ-ի վճռին մի քանի տարի: Ես հասնելու եմ կեղծ քրեական գործի բոլոր բեմադրիչների պատժին:

Մեկուկես տարվա ապօրինի բանտարկությանս մասով ես պարտադիր գնալու եմ մինչև ՄԻԵԴ: Ռուս-Ադրբեջանական ՎՏԲ բանկի մասով իմ դիրքորոշումից կես քայլ անգամ հետ չեմ կանգնել ու չկա աշխարհում որևէ ուժ, որը կստիպի ինձ հետ կանգնել դրանից:

Ասեմ, որ ՀՔԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարում կարևորագույն օղակը լինելով հանդերձ համալրված է հիմնականում ոչ կոմպետենտ մարդկանցով, իսկ Կարեն Կարապետյանի նման պաշտոնյաներն ուղակի սպառնալիք են մեր երկրի անվտանգության համար:

Ես լինելով ՀՀ քաղաքացի ու այս ամենից հետո նույնքան սիրելով իմ երկիրը, չեմ ցանկանում տարբեր միջազգային հարթակներում իմ այս պատմությամբ խոցելի դարձնել իմ պետությունը, սակայն նաև հաստատակամ եմ այս ամբողջ կեղտի դեմ պայքարելու մտադրության մեջ ու ի վերջո հրապարակային վերականգնելու եմ իմ բարի համբավը:

Եթե իմ նկատմամբ ապօրինի հետապնդում, ճնշումներ իրականացրած, կեղծ քրեական գործ սարքած պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ սահմաններից ներս, ես այդ քայլը կգնահատեմ, որպես բարեփոխվելու պատրաստակամություն և կենթադրեմ, որ իմ նշած պաշտոնյաները գործում էին ինքնագլուխ ու առանց վերևի թելադրանքի, իսկ եթե նրանք մնան անպատիժ, այդ դեպքում ես իրավունք կստանամ եզրահանգելու, որ այդ պաշտոնյաները գործում էին ամենաբարձր հովանավորությամբ, ինչը, ի դեպ, նրանք ամեն հանդիպման վերջում պարտադիր շեշտում էին՝ նախաքննության ողջ ընթացքում:

Հեղինակ ̀  Արթուր Հայրապետյան

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով