«Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի». Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսլականը: Նրա խոսքով՝ շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն:

«Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Հաջորդ-հաջորդ-հաջորդ և այսպես գոյանում է անվստահության մթնոլորտ: Սա պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն»,- ասել է Ս. Սարգսյանը:

Նա նշել է, որ այս պահին հակամարտության կարգավորման կոնկրետ կետերի շուրջ բանակցություններ չեն ընթանում, սակայն նշել է, որ դա բնական է՝ հաշվի առնելով վերջին երկու տարիներին տեղի ունեցած իրադարձությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վերջին երկու տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիենայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, և հիմա, այսպես ասած, պրոցեսը գնում է երկու ուղղությունով:

Առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, պետք է հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, և որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ: Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: Եվ այդպիսի պայամաններում հնարավոր չէ գալ համաձայնության:

Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ ցավալի են և նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում: Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր դրույթը, որպեսզի հնարավոր լինի գալ համաձայնության»,- ասել է Ս. Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ հայեցակարգային և նոր առաջարկ չի ներկայացրել:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում լոկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չեն քննարկում:

«Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ասաց: ՌԴ Արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել այս կոնֆլիկտը և առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը»,- ասել է Ս. Սարգսյանը:

 

 

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով